Նոր համագործակցության հնարավորութուններ BEL HUAWEI TECHNOLOGIES միջազգային ընկերության հետ
Ապրիլի 13, 2022Ս.թ. ապրիլի 13-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում BEL HUAWEI TECHNOLOGIES միջազգային ընկերության Բելառուսի ներկայացուցիչների և Կենտրոնի տնօրենության միջև:
BEL HUAWEI TECHNOLOGIES միջազգային ընկերության Բելառուսի ներկայացուցիչ, հետազոտությունների և զարգացման գծով ավագ ինժեներ Պավել Ռուդակը ողջունելով ներկաներին նշեց, որ Huawei ընկերությունը, որպես առաջատար տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների խոշոր մատակարար, մշտապես ուշադրություն է դարձնում գլոբալ կրթական գիտահետազոտական նախաձեռնություններին և նորամուծություններին, ինչպես նաև ՏՀՏ հեռահաղորդակցության ոլորտում գիտական հետազոտություններին, քանի որ հենց դրանք են հանդիսանում տվյալ ճյուղի զարգացման հիմքը:
BEL HUAWEI TECHNOLOGIES ընկերության մյուս ներկայացուցիչ՝ Բելառուսի պետական համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կոտովն իր հերթին ընդգծեց ՀՀ-ում գործող միակ գիտահետազոտական բարձրագույն ուսումնական հաստատության հետ համագործակցության կարևորությունը, որը լայն հնարավորություններ է ստեղծում մագիստրանտների և ասպիրանտների համար համատեղ գիտական հետազոտություններ իրականացնել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում և ներկայացնել ոչ ստանդարտ լուծումներ:
Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառուցվածքն ու գործունեությունը, մասնավորապես անդրադարձավ ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնների գործունեությանը, որոնց նպատակն է պատրաստել համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հեռահաղորդակցության, կապի ոլորտների բարձր որակավորմամբ մասնագետներ: Ա. Սարգսյանը կարևորեց HUAWEI ընկերության հետ համագործակցության լայն շրջանակը, որը համահունչ է Կենտրոնի առաքելության հետ տրամադրելու որակյալ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ կրթություն և ուժեղացնելու հետազոտական բաղադրիչը՝ շաղկապելով այն կրթական գործընթացներին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արմեն Պողոսյանը նշեց, որ այս համագործակցությունը հիանալի հեռանկար է ստեղծում երիտասարդ գիտնականների համար ոլորտում նորարական գաղափարների համատեղ մշակման և ներդրման համար՝ համախմբելով տարբեր երկրների տաղանդավոր երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների և ինովացիոն զարգացման ռազմավարությունների մշակման շուրջ:
ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի ղեկավար Ա. Հարությունյանը հյուրերին համառոտ ներկայացրեց Կենտրոնում գործող ամբիոնների գործունեության շրջանակը, ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ մեխանիզմները, ուսումնական, գիտահետազոտական պրակտիկաների բովանդակային բաղադրիչները՝ կարևորելով ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր միջազգային համագործակցային կապերի ստեղծումն ու պահպանումը:
Հանդիպման վերջում BEL HUAWEI TECHNOLOGIES ընկերության Բելառուսի ներկայացուցիչները ոգևորված էին Կենտրոնի ընձեռած հնարավորություններով, որոնք լիարժեք համապատասխանում են BEL HUAWEI TECHNOLOGIES միջազգային ընկերության հետ համագործակցության չափանիշներին, և պատրաստակամություն հայտնեցին ապագայում համատեղ սկսել ՏՀՏ հեռահաղորդակցության զարգացմանն ուղղված նոր գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնման աշխատանքները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին