Հանդիպում AFISHE ծրագրի շրջանակներում մասնագիտական կրթական ծրագրերի քննարկման նպատակով
Նոյեմբերի 16, 2023Ս/թ նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (ԿՀԷԳԿ) հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մեկնարկել են «Ձկնային տնտեսություն» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի դասընթացների առարկայական նկարագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման գործընթացը՝ համատեղ ուսումնական պլանի և ընտրված դասընթացների համաձայն: Ուսանողն առարկայական նկարագրից պետք է պատկերացում կազմի առարկայի բովանդակության, կառուցվածքի, նպատակների, խնդիրների, մեթոդների, «գիտելիքներ, կարողություններ, ունակություններ» և կոմպետենցիաների (ընդհանրական և մասնագիտական) եզրույթներով արտահայտված վերջնական արդյունքների և գնահատման մեթոդների ու չափանիշների մասին:
Հանդիպման ընթացքում ՀԱԱՀ որակի գնահատման և ապահովման տնօրեն Լիլիթ Զաքարյանը ԳԿՄԿ և ԿՀԷԳԿ ծրագրի մասնակիցների հետ քննարկեց «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի առարկայական նկարագրերը և պատասխանեց մասնակիցների հարցերին:
Հիշեցնենք, որ AFISHE ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Հայաստանում և Ուկրաինայում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի ծրագրերի ստեղծմամբ և զարգացմամբ, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ):
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին