Գլխավոր էջ





Մեկնարկել են AFISHE ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման գործընթացները

Մարտի 7, 2024

Ս.թ. փետրվարի 26-ից Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) մեկնարկեց «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի աշխատանքային խմբի վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին ծրագրի ՀՀ գործընկեր ուսումնական հաստատությունների՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, ինչպես նաև Ուկրաինայի գործընկերներ՝ Սումիի ազգային ագրարային համալսարանի և Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցների համար կազմակերպվեց հանդիպում համակարգողների ու վերապատրաստվող պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այնուհետև մասնակիցները հընթացս ծանոթացան համալսարանում գործող տարբեր բաժինների, լաբորատորիաների և դրանց գործունեության հիմնական ուղղությունների հետ:

Դուբրովնիկի համալսարանը (UNIDU) տնօրինում է ժամանակակից սարքավորումներով հագեցած սիմուլյացիոն կենտրոններ, որտեղ նրանք մոդելավորում են տարբեր իրավիճակներ և պայմաններ ստեղծում նավը վարելու, ջրի որակը ուսումնասիրելու և ջրի աղտոտվածությունը հաշվարկելու համար:

Ռոբոտաշինության, նավերի հեռակառավարման, ռադիո և հեռուստահաղորդակցման, ռեստավրացիայի և այլ ուսումնական լաբորատորիաներում մասնակիցները համալսարանի դասախոսների և ուսանողների հետ համատեղ կատարեցին անհատական առաջադրանքներ:

Աշխատանքային խմբի անդամներն այցելեցին նաև Դուբրովնիկի համալսարանի ռեկտորատի մասնաշենք, որտեղ ծանոթացան համալսարանի ղեկավար անձնակազմի և ռեկտորատի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնադրույթներն ու հիմնական նպատակները, քննարկվեցին դասընթացներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները:

Վերապատրաստման դասընթացի բոլոր մասնակիցներն այցելեցին Բիստրինա ծովածոցի ափին գտնվող Դուբրովնիկի համալսարանի կիրառական ծովային տնտեսության/մարիկուլտուրայի բաժին, որտեղ աճեցվում էին ձկնատեսակներ և մոլյուսկներ: Այցելության ընթացքում մասնակիցները ծանոթացան լաբորատոր սարքերի և դրանց կիրառման սկզբունքներին, լաբորատորիայի վերահսկողությանը, տեղում ականատես եղան տեխնոլոգիական բոլոր քայլերին, սննդամթերքի ստանդարտներին, ինչպես նաև իրականացվեց փորձի փոխանակում երկփեղկանի փափկամարմինների աճեցման տեխնոլոգիաների, դրանց հիմնական պաթոգենների և սննդամթերքի անվտանգության ապահովվման հարցերի վերաբերյալ:

Կազմակերպվեց հանդիպում-քննարկում խմբի անդամների և պրոֆեսոր Սանյա Տանիշի հետ համատեղ մշակվող մասնագիտական մոդուլի բովանդակության կառուցվածքը վերջնական տեսքի բերելու համար: Տարանջատվեցին ջրիմուռների հիմնական խմբերն ու մակրո և միկրո պատկանող այն տեսակները, որոնք կարելի է օգտագործել ակվակուլտուրայի ուղղությունը զարգացնելու նպատակով: Իրականացվեց համեմատական վերլուծություն ներկայացված դասավանդման ծրագրերի միջև:

Ձկնաբանության և Իխթիոպաթոլոգիայի կուրսերով վերապատրաստվողների համար Դուբրովնիկի ձկնաշուկայում անցկացվեց տեղական ծովային ձկների տեսակների և ախտաբանության վերաբերյալ գործնական դասընթաց: Մասնակիցները ծանոթացան առավել տարածված ծովային ձկնատեսակներին, իրենց հիմնական ախտածիններին և շուկայում անասնաբուժական հսկողության սկզբունքներին:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին