AFISHE աշխատանքային խումբն այցելեց «Սևանի Իշխան» ձկնաբուծական գործարան
Հուլիսի 11, 2024Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի աշխատանքային խումբն այցելեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարան:
Այցելության նպատակն էր՝ ծանոթանալ 2024-2025 ուստարում մեկնարկող «Ձկնային տնտեսություն» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների հետազոտական և գործնական աշխատանքների կազմակերպման հնարավորություններին:
Նշենք, որ «Սևանի Իշխան» ՓԲԸ-ն տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է էնդեմիկ ձկնատեսակի՝ Սևանի իշխանի բազմացմամբ, արտադրում է ձկնամթերքի լայն տեսականի և զինված է վերամշակման համար նորագույն տեխնոլոգիաներով:
ԱՖԻՇԵ աշխատանքային խումբը տպավորված էր «Սևանի Իշխան» ձկնաբուծական գործարանի առկա հնարավորություններով, որտեղ ծանոթացավ մանրաձկան արտադրության և բազմացման ամբողջական ցիկլին, և թե ինչպես է ապահովվում Սևանի իշխանի տեղածին ենթատեսակների բնական վերարտադրությունը:
Նոր տեխնոլոգիաների և գիտափորձի կիրառմամբ ձկնաբուծական այս խոշոր տնտեսությունը, որը զբաղվում է ինչպես կայուն և օրգանական ձկնաբուծության համաշխարհային փորձի տեղայնացմամբ, այնպես էլ ձկնաբուծական արտադրանքի սերտիֆիկացման համաշխարհային փորձի տեղայնացմամբ, Հայաստանում ջրային կենդանիների և բույսերի բուծման ու վերամշակման ճյուղերի զարգացմամբ, լավագույն հետազոտական հարթակ և ուսումնական բազա կծառայի ապագա ուսանողների համար գիտելիքահեն և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթություն ստանալու, ձկնաբուծության ոլորտին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու և ոլորտի վերջին նվաճումներին իրազեկված լինելու համար:
Հիշեցնենք, որ մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է՝ նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև ամրապնդել կրթություն-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ): Վերջինս կծառայի որպես հարթակ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, ինչը կզարգացնի էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն և գործունեությունը՝ ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին համապատասխան։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին