Հիմնադրվեց AFISHE ծրագրի լաբորատորիան
Մայիսի 29, 2024Մայիսի 29 -ին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի լսարան-լաբորատորիայի բացումը, որն իրականացվում էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ: Ակադեմիական միջավայր կառուցելու նպատակով ստեղծված և ժամանակակից սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան կծառայի որպես ուսուցման և հետազոտական հարթակ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում մասնագետների և փորձառու կառավարիչների պատրաստման համար:
Շնորհավորելով գործընկերներին և միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ լաբորատորիայի հիմնադրումը AFISHE ծրագրի շոշափելի արդյունքներից մեկն է, որը հնարավորություն կտա երկարատև դրական ազդեցություն ունենալ մեր երկրի ձկնաբուծության և ջրային կուլտուրաների զարգացման վրա՝ համալրելով ոլորտը այնպիսի բարձրորակ մասնագետներով, որոնք կկարողանան աշխատել նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն էլ իր հերթին շնորհավորելով մասնակիցներին լաբորատորիայի մեկնարկի առթիվ՝ նշեց. «Սա այն լավագույն օրինակն է, երբ գիտական կազմակերպությունն ու բուհերը արդյունավետ կերպով միավորեցին իրենց ջանքերը՝ խթանելով հետազոտահեն և գիտահեն կրթությունը։ Հիմնվելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փորձաքննության և հետազոտական առկա փորձի վրա՝ մենք պատրաստակամ ենք հընթացս ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմաններով և նյութատեխնիկական ռեսուրսներով ակվակուլտուրային և ձկնային տնտեսությանն ուղղված մագիստրոսական կրթական ծրագիրը արդյունավետ իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում ձեռքբերված սարքավորումները կօգտագործվեն հիդրոէկոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոֆիզիկական հետազոտություններ իրականացնելու նպատակով:
ՀԱԱՀ ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց. «Ոգևորված ենք, որ դեռևս երկու տարի առաջ ծնված մեր գաղափարն այսօր արդեն ամբողջությամբ իրատեսական է և կյանքի է կոչվել, և ծրագրի շրջանակներում ստեղծված այս լսարան-լաբորատորիան կծառայի որպես գիտահետազոտական հարթակ ինչպես մագիստրոսական կրթական ծրագրի, այնպես էլ ձկնաբուծության ոլորտում արժեքավոր և նշանակալի հետազոտությունների իրականացման համար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին