Գլխավոր էջ





Տեղի ունեցավ AFISHE ծրագրի մեկնարկային հանդիպումը

Հունվարի 25, 2023

Ս.թ. հունվարի 25 -ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին առկա և հեռավար ձևաչափով մասնակցում էին շուրջ 50 ներկայացուցիչ պետական գերատեսչություններից, բուհերից, միջազգային կառույցներից և եվրոպական գործընկեր համալսարաններից:

Հիշեցնենք, որ ծրագիրը նպատակաուղղված է նվազեցնելու ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ Հայաստանում և Ուկրաինայում ստեղծելով և զարգացնելով ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի կրթական ծրագրեր, որոնք համարժեք կլինեն եվրոպական առաջատար նմանատիպ ծրագրերին, ուղղված կլինեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ): Ծրագրի համակարգողն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ով ողջունելով մասնակիցներին՝ նշեց, որ մեծ պատիվ է կազմակերպելու ձկնաբուծության և ջրային կուլտուրաների վերաբերյալ Էրազմուս+ կարողությունների զարգացման AFISHE ծրագրի մեկնարկային հանդիպումը և հյուրընկալելու ներկայացուցիչների Պորտուգալիայից, Խորվաթիայից, Սլովակիայից, Ուկրաինայից և Հայաստանից՝ համագործակցելու Հայաստանում և Ուկրաինայում ձկնաբուծության և ակվակուլտուրայի ոլորտի կարողությունների բարելավման ուղղությամբ:

«Մենք ոգևորված ենք այս կարևորագույն ծրագրի մեկնարկով և վստահ ենք, որ այն երկարատև դրական ազդեցություն կունենա մասնակից երկրների ձկնաբուծության և ջրային կուլտուրաների զարգացման վրա: Մենք խրախուսում ենք բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավվել և առավելագույնս օգտվել այս հնարավորությունից՝ զարգացնելու կարողություններն ու դրական փոփոխություններն այս կարևոր ոլորտում», - նշեց Ա.Սարգսյանը և ընդգծեց․«Մեր մտադրություններն ամրապնդելու և վերահաստատելու նպատակով այսօր ՀԱԱՀ-ի հետ կստորագրենք համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը»:

Մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ «Մենք ականատես ենք, թե ինչպես է վնասվում Արարատյան դաշտի բնությունն արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործմամբ, ոչնչացվում Սևանա լճի կենդանական և բուսական աշխարհը, իսկ հիդրոէլեկտրակայանների ստեղծումն ազդում է էկոցենոզների վրա: Այս միջազգային նախաձեռնությունը խիստ անհրաժեշտ է մեր երկրի համար, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնների մասնակցությունը՝ ողջունելի։ Ակադեմիայի ղեկավարության անունից հաջողություն եմ մաղթում ձեր գերազանց նախաձեռնությանը», - ասաց Ռուբեն Հարությունյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, նույնպես ողջունեց նոր կրթական ծրագրի ներդրման մտահղացումը, ինչն անշուշտ, հիմք կհանդիսանա ակվակուլտուրաների ու ձկնային տնտեսության փորձառու կառավարիչների պատրաստման համար: «Էկոլոգիական կրթության գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր գործընթաց ևս մեկ քայլ է դեպի վաղվա ավելի պաշտպանված, կայուն և դինամիկ զարգացող շրջակա միջավայր ունենալու մեր տեսլականը», - նշեց Տ.Գաբրիելյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ,ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ձկնաբուծության ոլորտը Հայաստանում արագ զարգացող ոլորտներից է։ Նա կարևորեց կրթության գրավչության և որակի բարձրացումը ոլորտում՝ ընդգծելով, որ էլ ավելի շոշափելի արդյունքների կարելի է հասնել, եթե ոլորտը համալրված լինի բարձրորակ մասնագետներով, որոնք կառաջնորդվեն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով ընդգծեց ծրագրի ներդրման անհրաժեշտությունը ոլորտի հետագա զարգացման համար՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հետ համատեղ կմշակվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ հիմնվելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փորձաքննության և հետազոտական առկա փորձի վրա և իր պատրաստակամությունը հայտնեց հընթացս ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմաններով և ռեսուրսներով ծրագրի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, շնորհավորելով մասնակիցներին այս կարևոր ծրագրի մեկնարկի առթիվ․ նշեց. «Սա այն եզակի հնարավորությունն է, երբ գիտական կազմակերպությունները և բուհերը կարող են միավորել իրենց ջանքերը՝ խթանելով հետազոտահեն, գիտահեն կրթությունը։ Մենք և մեր գործընկերները կաշխատենք լավագույն կերպով այս ծրագիրը կյանքի կոչելու համար ։ Այս համագործակցությունը նաև նոր ծրագրերի և նոր գաղափարների իրագործման լայն հարթակ է»։

Օրվա երկրորդ կեսին Պորտուգալիայից, Խորվաթիայից և Սլովակիայից ժամանած եվրոպական գործընկեր համալսարանների, ինչպես նաև Ուկրաինայից հանդիպմանը հեռավար մասնակցող ներկայացուցիչները լավագույն փորձի փոխանակման նպատակով ներկայացրին ակվակուլտուրաների և ձկնային տնտեսության կրթական ծրագրերի ներդրման իրենց փորձը:

ՀԱԱՀ ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մինչև 2024թ. նախատեսված գործողություններն ու ակնկալվող արդյունքը:

Հանդիպման առաջին օրն ամփոփվեց ծրագրի ընթացքում իրականացվող ուսումնական պլանների և ուսումնական ծրագրերի բենչմարքինգի, ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության վերաբերյալ Բոլոնիայի գործընթացին համապատասխան նոր կրթական վերջնարդյունքների և մոդուլների մշակման և կատարելագործման վերաբերյալ ակտիվ քննարկումներով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին