AFISHE ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը ԳԿՄԿ-ում
Մայիսի 8, 2023Ս/թ մայիսի 8-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ ԳԿՄԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել և ուրվագծել «Ձկնային տնտեսություն» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանը՝ հաշվի առնելով միջազգային ուսումնասիրություններն ու գործատուների հետ քննարկումների արդյունքում վեր հանած առաջարկները, և կազմել համապատասխան առարկայացանկը, ծրագրի մոդուլների համառոտ նկարագրերն ու նպատակները:
Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի կողմից կազմվեց ուսումնական գործընթացի ընդհանուր կառուցվածքը՝ արտացոլելով «Ձկնային տնտեսություն» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի վերջնարդյունքները, հետազոտական և արտադրական պրակտիկաների կազմակերպումն ու դրանց ներկայացվող պահանջները, պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող պահանջները, ՄԿԾ իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները, մասնագիտության կրթական ծրագրի բաղադրիչներն ու ձևավորվող կոմպետենցիաները:
Հիշեցնենք, որ վերոնշյալ մագիստրոսական կրթական ծրագիրը կոչված է միավորելու այն անհրաժեշտ կրթական մոդուլներն ու վերջնարդյունքները, որոնք անհրաժեշտ են ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ստեղծման և կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ոլորտի փորձառու մասնագետներ վերապատրաստելու համար։
Նորաստեղծ մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ ջանքերով՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի հենքի վրա, որն ավարտելուց հետո կշնորհվի համատեղ դիպլոմ:
Մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է՝ նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև ամրապնդել կրթություն-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ): Վերջինս կծառայի որպես հարթակ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, ինչը կզարգացնի էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն և գործունեությունը՝ ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին համապատասխան։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին