Գլխավոր էջ





Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը

Ծրագրի իրականացման նպատակն է 2020 թ. Արցախյան հակամարտության հետպատերազմական շրջանում անձի և սոցիալական խմբերի վարքային անոմիկ դրսևորումների, անձի արժեհամակարգի ճգնաժամի սոցիալ-հոգեբանական հետազոտության կազմակերպումը, որի շնորհիվ հնարավոր կլինի սահմանելու արժեհամակարգի ճգնաժամի ժամանակակից հասկացութային շրջանակը և մշակելու հաղթահարման մեթոդաբանությունը: Ծրագրի տևողությունը երեք տարի է, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետազոտություն՝ ուղղված հիմնախնդրի տեսա-մեթոդաբանական հիմքերի բացահայտմանն ու փորձարարական հետազոտության արդյունքների վերլուծությանը:

Հասարակական հնչեղություն ունեցող խոշորամասշտաբ փոփոխությունների շարքին է դասվում պատերազմը, որն ամբողջովին խաթարում է ցանկացած հասարակության հոգեբանական ու բարոյական դիմագիծը, պատճառ է դառնում արժեքային համակարգի ճգնաժամի, հոգեկան խռովքի, սթրեսների, ներքին ու արտաքին կոնֆլիկտների, տարաբնույթ ասոցիալ, անոմիկ վարքաձևերի և տրամադրությունների առաջացման ու դրսևորման:

Հասարակական համակեցության ձևերի և անձի արժեհամակարգի վրա իր հետքն է թողնում ոչ միայն պատերազմական բուն գործողությունների ընթացքն, այլև՝ հետպատերազմյան բարդ ժամանակաշրջանը, երբ հասարակության անդամների շրջանում փոխվում է անձնային արժեքների և գնահատումների համակարգը: Առաջ են գալիս էկզիստենցիալ բնույթի այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ո՞վ եմ ես, ի՞նչ կարող եմ անել, ո՞ւմ կարող եմ վստահել, ինչպե՞ս պիտի ապրեմ, ի՞նչ կարող եմ փոխել և այլն, որոնք պահանջում են ոչ միայն անհապաղ, այլև ոչ ավանդական պատասխաններ ու լուծումներ:

Քանի որ այդ շրջանին հատուկ է հասարակական նոր իրողությունները ընկալելու, պատերազմի հետևանքները վերապրելու աճող պահանջմունքը և դրան ուղեկցող՝ անձի արժեհամակարգի որոշակի փոխակերպումը, ուստի պատահակն չէ, որ հասարակության մեջ անձի սոցիալականացման և կենսագործունեության հետպատերազման շրջանի ուսումնասիրությունը մեծ կարևորություն է ներկայացնում հասարակական տարբեր գիտակարգերի համար: Այդ իսկ պատճառով հիմնախնդրի ուսումնասիրման հոգեբանական տեսանկյունն առավելապես ամբողջական ներկայացնելու համար անհրաժեշտ է ներառել նաև հասարակագիտական և մարդաբանական մի շարք գիտությունների, մասնավորապես, ազգագրության, պատմության, սոցիոլոգիայի, մեթոդաբանությունն ու գիտական խնդիրների լայն շրջանակները:

Ցանկացած հասարակության մեջ հետպատերազմական շրջանում իրականացվող արմատական փոփոխություններն անմիջականորեն ներազդում են հասարակության սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական մթնոլորտի, բնակչության հոգեվիճակների ու վարքի վրա: Առաջ են գալիս սոցիալ-հոգեբանական մարգինալացման երևույթներ, ակտիվանում կամ փոխակերպվում են հոգեբանական պաշտպանական մեխանիզմները՝ ծնելով մինչպատերազմյան շրջանում արմատավորված և հասարակայնորեն նշանակալի վարքագծից տարբերվող անոմիկ դրսևորումներ, որոնք «սնվում են» հետպատերազմյան նոր իրողությունների սուբյեկտիվ ընկալումներով և ձևավորում նոր աշխարհայացք:

Հետպատերազմական շրջանն բնութագրվում է հոռետեսական տրամադրությունների զարգացմամբ, պատվասիրության անկումով, լարվածությամբ, անվստահությամբ վաղվա օրվա նկատմամբ, սթրեսներով ու կոնֆլիկտներով, հսկայական ծավալների հասնող միգրացիոն գործընթացներով, որոնք կազմալուծում են ազգի գոյապահպանության հիմքները: Հասարակության կոլեկտիվ կենսագործունեության գրեթե բոլոր՝ տնտեսական, սոցիալ-հոգեբանական, ազգային և այլ, բնագավառներում կարելի է տեսնել անոմիկ դրսևորումներ, որոնք հանգեցնում են, ընդհանուր առմամբ, հասարակության ապակայունացմանը և, մասնավորապես, Ես-ի արժեհամակարգի ճգնաժամին: Նման միտումների պայմաններում ակնհայտ է դառնում հոգեպաթոլոգիկ և սոցիալապես կենտրոնախույս երևույթների զարգացման հնարավորությունը:

«Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» գիտական թեմայի շրջանակներում հետազոտություն իրականացնում են.

  • Նաիրա Հակոբյան /գիտական թեմայի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/

անդամներ՝

  • Աննա Խաչատրյան /հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ/
  • Արտակ Դաբաղյան /պատմական գիտությունների թեկնածու/
  • Վիկտորյա Սարջանյան /մասնագիտությամբ սոցիալական աշխատող/

Թեմայի գիտական նպատակներն են՝

  • Հետազոտել հետպատերազմական շրջանում անձի արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի ժամանակակից սահմանումները սոցիալ-հոգեբանական գիտակարգում:
  • Հետազոտել հետպատերազմական շրջանում անձի արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի դրսևորումների սոցիալ-հոգեբանական նախադրյալները, պատճառահետևանքային կապերը, վարքի բնորոշ առանձնահատկությունները, դրսևորման ձևերը և բացասական պոտենցիալի մարման ուղիները:
  • Հետազոտել հետպատերազմական շրջանում անձի արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի դրսևորումների արդյունքում սոցիալական վարքի փոփոխությունները, սոցիալական և հոգեբանական ադապտացիայի և դեզադապտացիայի ձևերը, պարզել դրանց գործառման մեխանիզմները, ներկայացնել հիմնախնդրի հաղթահարման գործնական ուղիները:


Գիտական նպատակների իրականացմանն ուղղված խնդիրներն են՝

  • Ուսումնասիրել մասնագիտական գրականությունը, կատարել հիմնախնդրի շուրջ հոգեբանական, պատմագիտական, ազգագրական և սոցիոլոգիական հետազոտությունների համեմատական վերլուծություններ:
  • Հետազոտել սոցիալ-հոգեբանական մարգինալության պայմաններում անձի և սոցիալական խմբերի արժեքային համակարգի փոխակերպումները, մտածողության ու վարքի ապակառուցողականության շարժընթացը, ներկայացնել հիմնախնդիրը կարգավորող հոգեկոռեկցիոն մեթոդներ և միջոցներ:
  • Հետազոտել և վերհանել հետպատերազմական շրջանում սոցիալական խմբերի և անձանց սոցիալ-հոգեբանական կոնստրուկտիվ ադապտացիայի ձևերը, մշակել դրանց ներդրման մեխանիզմները:
  • Մշակել և ներկայացնել արժեքային համակարգի ճգնաժամի և անոմիայի առկայությամբ անձանց հասարակության մեջ ինտեգրացիայի հիմնական ռազմավարական մոդելները, հոգեբանական պաշտպանական ու փոխհատուցող մեխանիզմները:
  • Իրականացվող հետազոտական աշխատանքները շաղկապել կրթական գործընթացի հետ՝ ապահովելով ուսանողական համակազմի իրազեկվածությունը հիմնախնդրի վերաբերյալ, ստեղծել հիմնախնդրի խորքային հարցերը շոշափող բուհական առարկայական ծրագրեր:
  • Հետազոտության արդյունքները հանրայնացնել գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրության միջոցով:

Օրացուցային պլան (ըստ եռամսյակների)

Առաջին եռամսյակ /2021 - հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Հետազոտել հիմնախնդրի ուսումնասիրման տեսական հիմքերը, վերլուծել հասարակագիտական և մարդաբանական այլ գիտակարգերի ձեռքբերումները։

Երկրորդ եռամսյակ /2022 - հունվար, փետրվար, մարտ/

Հավաքագրել հետազոտման համակազմը, առանձնացնել թիրախ խմբերին, փորձարարական հետազոտության նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, հարցաթերթերի մշակում:

Երրորդ եռամսյակ /2022 - ապրիլ, մայիս, հունիս/

Հոգեախտորոշիչ աշխատանքների իրականացում  Երևանում. հետպատերազմական շրջանում արժեհամակարգի ճգնաժամի և անոմիկ դրսևորումների բացահայտում:

Չորրորդ եռամսյակ /2022 - հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/

Հոգեախտորոշիչ աշխատանքների  իրականացում Հայաստանի Հանրապետության 5 մարզերում. հետպատերազմական շրջանում արժեհամակարգի ճգնաժամի և անոմիկ դրսևորումների բացահայտում:

Հինգերորդ եռամսյակ /2022 - հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Ձեռք բերված արդյունքների մշակում, հետպատերազմական շրջանում անձանց արժեհամակարգի և վարքագծային փոփոխությունների վերհանում, դեզադապտացիայի ձևերի, գործառնման մեխանիմզների  պարզում:

Սոցիալական գովազդի պատրաստում:

Ծրագրի հանրայնացում:

Վեցերորդ եռամսյակ

/2023 - հունվար, փետրվար, մարտ/

Հոգեշտկող աշխատանքների իրականացում  Երևանում. հետպատերազմական շրջանում ադապտացիայի, հասարակական ինտեգրացիայի և ասերտիվ վարքի ձևավորման հնարավորությունների բացահայտում:

Յոթերորդ եռամսյակ

/2023 - ապրիլ, մայիս, հունիս/

Հոգեշտկող աշխատանքների  իրականացում Հայաստանի Հանրապետության 5 մարզերում. հետպատերազմական շրջանում ադապտացիայի, հասարական ինտեգրացիայի և ասերտիվ վարքի  ձևավորման հնարավորությունների բացահայտում:

Ութերորդ եռամսյակ

/2023 - հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/

Սոցիալական մարգինալ անձանց և խմբերի դասակարգում՝ համաձայն ստացված արդյունքների, ռազմավարական և մեթոդաբանական մոդելների մշակում:

Իններրորդ եռամսյակ

/2023 – հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Մարգինալ թիրախ խմբերի վարքի կառուցողական և ապակառուցողական մեխանիզմների վերհանում, կոնստրուկտիվ ադապտացիայի ձևերի մշակում և ներդրում:

Հոդված/ներ/ի հրատարակում:

Տասներրորդ եռամսյակ

/2024 – հունվար, փետրվար, մարտ/

Թիրախ խմբերի հետ կրկնակի հանդիպում - թրեյնինգների իրականացում  Երևանում:

Սոցիալական գովազդի պատրաստում:

Տասնմեկերրորդ եռամսյակ

/2024 – ապրիլ, մայիս, հունիս/

Թիրախ խմբերի հետ կրկնակի  հանդիպում- թրեյնինգների իրականացում  Հայաստանի Հանրապետության  5 մարզերում:

Հոդված/ներ/ի հրատարակում, ծրագրի հանրայնացում:

Տասներկուերրորդ եռամսյակ

/2024 – հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/

Հետազոտության գործնական, ելակետային արդյունքների հիման վրա գիտական հոդվածների հրատարակում, բուհական միջառարկայական ծրագրերի  մշակում, կոլեկտիվ մենագրության հրատարակում:

Ծրագրի հանրայնացում:


Աշխատանքի իրականացման ընթացքը և ձեռքբերումներն՝ ըստ օրացուցային պլանի

Առաջին եռամսյակ /2021 –

հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Հետազոտվել են հիմնախնդրի ուսումնասիրման տեսական հիմքերը, վերլուծվել են հասարակագիտական և մարդաբանական այլ գիտակարգերի ձեռքբերումները։

Հիմնախնդրի տեսական հիմքերն ամփոփվել են հետևյալ բովանդակությամբ․

1․ Անոմիայի հետազոտության տեսական հիմքերը․
  • Անոմիայի փիլիսոփայական կոնցեպտի զարգացումը
  • Անոմիայի սահմանումը սոցիոլոգիական գիտակարգում
  • Անոմիայի հետազոտության հոգեբանական տեսությունները
  • Անոմիայի գիտական սահմանումների համեմատական վերլուծություն
2․ Անոմիայի ֆենոմենը հետպատերազմական հասարակությունում․
  • Հետպատերազմական հասարակության սոցիալ-հոգեբանական բնութագրերը
  • Արժեհամակարգի տրանսֆորմացիան հետպատերազմական հասարակությունում
  • Անձի սոցիալականացումը հետպատերազմական հասարակությունում
  • Անձի հետպատերազմական անոմիայի եզրույթի սահմանումը։

Երկրորդ եռամսյակ /2022 –

հունվար, փետրվար, մարտ/

Հավաքագրվել է հետազոտման համակազմը, առանձնացվել են թիրախային խմբերը, կազմակերպվել են փորձարարական հետազոտության նախապատրաստական աշխատանքներ, մշակվել հարցաթերթեր։

Հետազոտությունը իրականացվել է հետևյալ թիրախային խմբերում՝

  • Պատերազմի մասնակիցներ
  • Պատերազմի մասնակիցների ընտանիքի անդամներ
  • Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներ
  • Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
  • Պատերազմի ընթացքում գործող մասնագիտական խմբեր /բժիշկներ, փրկարարներ, սոցիալական աշխատողներ/
  • Հետպատերազմական շրջանում անօթևան մնացած անձինք
  • Հետպատերազմական շրջանում գործազուրկ անձինք
  • Հետպատերազմական շրջանում աշխատանքը պահպանած անձինք
  • Պատերազմին մասնակցություն չունեցող անձինք
  • Քաղաքաբնակներ
  • Գյուղաբնակներ
  • Սահմանամերձ գոտում բնակվողներ
  • Ոչ սահմանամերձ գոտում բնակվողներ
  • Հետպատերազմական շրջանում աշխարհագրական և մշակութային մարգինալներ /միգրացիոն դիրքորոշում ունեցող անձինք, էթնոմարգինալներ, կրոնական և ազգային փոքրամասնություններ/

Հետազոտական ծրագրի իրականացման նպատակով կիրառվել են սոցիալ-հոգեբանական հետևյալ մեթոդները․

ա/ Դիտում

բ/ Հարցազրույց, զրույց

գ/ Անկախ բնութագրերի հետազոտություն

դ/ Կենսագրական մեթոդ

ե/ Ռոջերս-Դայմոնդի ադապտացիայի մակարդակի հոգեախտորոշում

զ/ Սոցիոմետրիա

է/ Լեոնհարդի բնավորության շեշտվածության բացահայտման մեթոդիկա

ը/Ինքնագնահատականի բացահայտման Q-ընտրանք մեթոդիկա

թ/ Ռոկիչի արժեքների բացահայտման մեթոդիկա

ժ/ Թոմասի կոնֆլիկտայնության բացահայտման մեթոդիկա

ի/ Ռոզենցվեյգի ֆրուստրացվածության ախտորոշման մեթոդիկա

լ/ Ռ․ Քեթթելի անձի ուսումնասիրության բազմագործոն մեթոդիկա

խ/ Սակս- Լեվիի անավարտ նախադասությունների մեթոդիկա

Երրորդ եռամսյակ /2022 –

ապրիլ, մայիս, հունիս/

Հոգեախտորոշիչ աշխատանքներ են իրականացվել Երևանում, բացահայտվել են հետպատերազմական շրջանում արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի դրսևորումները:

Երկրորդ եռամսյակում ձևավորված մեթոդական գործիքակազմը կիրառվել է Երևան քաղաքի վերոնշյալ համապատասխան թիրախային խմբերում։ Իրականացված հոգեախտորոշիչ աշխատանքներն ենթարկվել են վերլուծության և ներկայացվել են գիտական զեկույցների և հոդվածների տեսքով։

Չորրորդ եռամսյակ /2022 –

հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/

Իրականացվել են հոգեախտորոշիչ աշխատանքներ Հայաստանի Հանրապետության թվով 5՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում, բացահայտվել են հետպատերազմական շրջանում արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի դրսևորումները։

Երկրորդ եռամսյակում ձևավորված մեթոդական գործիքակազմը կիրառվել է ՀՀ վերոնշյալ մարզերի համապատասխան թիրախային խմբերում։ Իրականացված հոգեախտորոշիչ աշխատանքներն ենթարկվել են վերլուծության և ներկայացվել են գիտական զեկույցների և հոդվածների տեսքով։ Թեմայի շրջանակներում իրականացվել է ծրագրի լուսաբանման ապահովում՝ իրազեկման գրքույկների տպագրության և սոցիալական գովազդի պատրաստման միջոցով։

Հինգերորդ եռամսյակ /2022 - հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/

Մշակվել են ձեռք բերված արդյունքները, նկարագրվել և վերհանվել են հետպատերազմական շրջանում անձանց արժեհամակարգի և վարքագծային փոփոխությունները, դեզադապտացիայի ձևերը և գործառնման մեխանիմզները:

Արդյունքների մշակումն իրականացվել է ըստ համապատասխան թիրախային խմբերի: Արդյունքների մշակման նպատակն էր խմբավորել և դասակարգել մասնակիցների գնաահատականները հետպատերազմական փուլի վերաբերյալ, վերհանել արժեհամակարգային և վարքագծային փոփոխությունները: Նկատվել է պատերազմի մասնակիցների և մասնակցություն չունեցող անձանց գնահատականներում որոշակի տարակարծություն: Պատերազմի մասնակից հարցվողներն իրենց գնահատականները հնչեցնելիս ներկա իրողությունները ակամայից համեմատում էին պատերազմում իրենց կողմից հաղթահարված դժվարոթյունների հետ և համեմատաբար ավելի հանգիստ դիրքորոշում էին ցուցաբերում հետպատերազմական փուլում նկատվող սոցիալական, հոգեբանական, տնտեսական և անվտանգային անորոշ իրողությունների հանդեպ: Հետպատերազմական կենսակերպի ընդհանուր անորոշությունն ինքնին գնահատում էին նորմալ երևույթ: Պատերազմում մասնակցություն չունեցող անձանց գնահատականներում շեշտադրվում էին հատկապես իրենց ապագայի հանդեպ անորոշ սպասումները, որոնք առանձնանում էին ապագա անելիքների հանդեպ թերահավատությամբ և պահանջմունքների որոշակի սահմանափակմամբ: Այս խմբում գերակա էին անվտանգության և առողջության պահպանման պահանջմունքները: Պատերազմի մասնակիցները հետպատերազմական փրուլում կարևորել են հատկապես ինքնուրույնության և հաղորդակցման պահանջմունքները:

Արդյունքների մշակման փուլում պարզ է դարձել, որ պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամներն իրենց գնահատականները հնչեցնելիս ներկա իրողությունները ակամայից համեմատում էին պատերազմում իրենց ազգականի կողմից հաղթահարված դժվարոթյունների հետ: Դրա հետ զուգահեռ, միտում կա պատերազմի մասնակցի կողմից արդեն հաղթահարված դժվարությունները կամ դրանց հետևանքները ներկայացնելու որպես դեռևս գոյություն ունեցող և արդիական խնդիրներ: Հետպատերազմական կենսակերպն ընդհանուր առմամբ գնահատում էին որպեես անորոշ և անկայուն: Պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների գնահատականներում հետպատերազմական փուլը գնահատվում էր հիմնականում վշտի վերապրման տեսանկյունից, իրենց զոհված ազգականի՝ միջավայրում ճանաչված և գնահատված լինելու հանգամանքից ելնելով: Անհետ կորածներների ընտանիքներում հետպատերազմական փուլի գնահատականներն առանձնանում էին կտրուկ, երբեմն ծայրահեղ տարբերվող ձևակերպումներով: Ընդհանուր առմամբ, զոհվածների և անհետ կորածների ընտանիքների անդմաների գնահատականներում նկատվում էր պահանջմունքների որոշակի սահմանափակման միտվածություն՝ ուղղված հարազատի կորստի շեշտադրմանը և նրա կյանքի մեծարմանը: Այս խմբում գերակա էր կենսագրական հիշողության պահպանման պահանջմունքը: Հետպատերազմական փուլում անվտանգային պահանջմունքները կարևորվել են հատկապես պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամների կողմից:

Մասնագիտական խմբերի
ներկայացուցիչները հետպատերազմական փուլը ընդհանուր առմամբ գնահատում էին որպես անորոշ և անկայուն: Մասնագետների կողմից շեշտադրվում է միջվայրում նկատվող մարդկանց վարքագծի կտրուկ, երբեմն ագրեսիվ կողմը: Ենթամշակութային խմբերի ներկայացուցիչների գնահատականներում նկատվում էր պահանջմունքների որոշակի սահմանափակման միտվածություն՝ ուղղված առօրեական առաջնահերթ խնդիրների լուծումներին: Այս խմբում գերակա էր տվյալ ենթամշակութային խմբին պատկանելիության պահպանման պահանջմունքը, որը դրվում էր սոցիալական սպասումների հիմքում:

Աշխատանքը պահպանած
անձնանց ձևակերպումներում հետպատերազմական փուլը ընդհանուր առմամբ գնահատվում էր որպես նոր իրողություն: Այն բնութագրվում էր Ես-ի և միջավայրի մասին նախկին պատկերացումների վերափոխմամբ և առկա անորոշությունների հետ զուգահեռ՝ ճկուն կերպով նոր վարքագիծ ձևավորելու ունակությամբ: Շեշտադրվում է այս փուլում ընտանեկան կայունության ամրապնդման պահանջմունքը: Գործազուրկ և անօթևան մնացած անձանց գնահատականներում նկատվում էր  հետպատերազմական փուլի՝ որպես միջանկյալ շրջանի, մասին շեշտադրումը: Այն ընկալվում էր որպես անցողիկ, վերափոխվող, որոշ դեպքերում նաև՝ սխալական կամ անհասկանալի շրջափուլ: Նկատվում էր պահանջմունքների որոշակի սահմանափակման միտվածություն՝ ուղղված առօրեական առաջնահերթ խնդիրների լուծումներին: Այս խմբում գերակա էր սոցիալական սպասումների ցածր աստիճան:

Ծրագրի հանրայնացման
նպատակով ստացված արդյունքները՝

- քննարկվել են <> առարկայի շրջանակներում (ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակ):

- ներկայացվել են ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի isec.am պաշտոնական կայքի Հոգեբանական դիտարանի էջում:

- լուսաբանվել են <> խորագրով գիտաժողովում, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2023 թվականի հունիսի 21-ին:

- լուսաբանվել են «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» խորագրով գիտաշողովում, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2023 թվականի դեկտեմբերի 24-ին:

- լուսաբանվել են «Անձի անոմիայի հիմնախնդիրը հետպատերազմական շրջանում» խորագրով գիտաժողովում, որը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2023 թվականի մարտի 6-ին:

- լուսաբանվել են WORLDCSS գիտաժողովում, որը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 17-18 ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում:

- լուսաբանվել են New Perspectives in Science Education գիտաշողովում, որը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 17-18-ը Իտալիա Ֆլորենցիա քաղաքում։

Վեցերորդ եռամսյակ /2023 –

հունվար, փետրվար, մարտ/


Իրականացվել են հոգեշտկող աշխատանքներ Երևանում հետպատերազմական շրջանում ադապտացիայի, հասարակական ինտեգրացիայի և ասերտիվ վարքի ձևավորման հնարավորությունների բացահայտում:

Երևան քաղաքում հետպատերազմական ադապտացիայի, հասարակական ինտեգրացիայի և ասերտիվ վարքի ձևավորմանն ուղղված հոգեշտկող աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանական դիտարանում: Հոգեշտկող աշխատանքների համար հիմք են հանդիսացել բարեկեցության մակարդակի (BBC Well-Being Scale), Ռատուսի (Rathus Assertiveness Schedule) և Շեյնովի (Sheinov Assertiveness Questionnaire) ասսերտիվության բնութագրման հարցարանները, ինչպես նաև Ռոջերս-Դայմոնդի ադապտացիայի մակարդակի հոգեախտորոշման, Ռոզենցվեյգի ֆրուստրացվածության ախտորոշման, սոցիոմետրիայի, Թոմասի կոնֆլիկտայնության բացահայտման մեթոդիկաների արդյունքները:

Համաձայն ստացված արդյունքների պարզ դարձավ, որ առավել արտահայտված են հոգեբանական բարեկեցության և սոցիալական փոխհարաբերությունների ու ասերտիվության մակարդակի ցուցանիշները: Ասերտիվության մակարդակը համեմատաբար ավելի թուլ է փոխկապակցված ֆիզիկական առողջության ցուցանիշի հետ: Ասերտիվության ցուցանիշները դրսևորել են ոչ նշանակալի կապեր անձանց և սոցիալական խմբերի կրթական մակարդակի հետ։ Այդ արդյունքները հիմք հանդիսացան, որպեսզի հոգեշտկող աշխատանքների ուղղվածությունը հիմնականում կազմի սոցիալական փոխգործողության մեխանիզմների ձևավորումն ու սոցիալական փոխհարաբերությունների զարգացումը:

Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության մարզերում հավաքագրված արդյունքների, Երևան քաղաքում ոորոշակի չափով արտահայտվեց նաև զբաղվածության աստիճանի ներգործությունն ասերտիվության և սոցիալական ինտեգրացիայի մակարդակի վրա։ Հոգեշտկող աշխատանքները ներառել են կոգնիտիվ հոգեթերապիայի, սենսիբիլիզացիայի, մկանային ռելաքսացիայի տարրեր պարունակող վարժություններ և հանձնարարություններ, ֆոկուս խմբերով աշխատանք:

Յոթերորդ եռամսյակ /2023 –

ապրիլ, մայիս, հունիս/


Իրականացվել են հոգեշտկող աշխատանքներ Հայաստանի Հանրապետության 5 մարզերում հետպատերազմական շրջանում ադապտացիայի, հասարակական ինտեգրացիայի և ասերտիվ վարքի ձևավորման հնարավորությունների բացահայտում:

Հայաստանի Հանրապետության մարզերում այդ աշխատանքները կատարվել են տեղերում՝ մարզպետարանների հետ նախապես համաձայնեցված վայրերում՝ մշակույթի կենտրոններում, դպրոցներում կամ հասարակակական կազմակերպությունների տարածքում: Գյուղական շրջաններում զբաղվածության և կրթական մակարդակի ցուցանիշները չեն դրսևորել որևէ նշանակալի կապ հոգեբանական բարեկեցության և ասերտիվության մակարդակի հետ: Հոգեշտկող աշխատանքները ներառել են կոգնիտիվ հոգեթերապիայի, սենսիբիլիզացիայի, մկանային ռելաքսացիայի տարրեր պարունակող վարժություններ և հանձնարարություններ, ֆոկուս խմբերով աշխատանք:

Ութերորդ եռամսյակ /2023 –

հուլիս, օգոստոս, սեպտեմբեր/


Իրականացվել է սոցիալական մարգինալ անձանց և խմբերի դասակարգում՝ համաձայն ստացված արդյունքների, ռազմավարական և մեթոդաբանական մոդելների մշակում:

Համաձայն ստացված արդյունքների, մշակվել է հետպատերազմական փուլում սոցիալական մարգինալ անձանց և խմբերի անոմիայի մեթոդաբանական մոդելը, որի հիմքում ընկած է արժեհամակարգի և պահանջմունքների դասակարգումն ըստ՝

  • Հետպատերազմական փուլում չլուծված խնդիրների ռեյտինգավորման սկզբունքի.
  • Հետպատերազմական փուլում լուծված խնդիրների ռեյտինգավորման սկզբունքի.

Ընդհանուր առմամբ, պարզ դարձավ, որ աշխատանքը պահպանած անձանց թիրախային խումբը՝ անկախ պատերազմին մասնակցության հանգամանքից, ընդհանուր առմամբ, համարձակ է իր դիրքորոշումներն արտահայտելու մեջ, չնայած աչքի է ընկնում որոշակի արհամարհական վերաբերմունքով հետազոտողի կողմից բարձրացված հարցադրումների հանդեպ: Գործազուրկ և անօթևան անձանց թիրախային խմբերում մարդկանց պատասխանների հուզական հագեցվածությունը թույլ է տալիս ենթադրելու, որ հիմնախնդրի բարձրաձայնումը կուտակված դժգոհությունն ու սպասումներն արտահայտելու միջոց է: Նման հուզական արձագանքը հուշում է մեզ, որ հետագա ուսումնասիրություններում անհրաժեշտ է բացահայտել նաև հետպատերազմական շրջանում անոմիայի և հոգեբանական պաշտպանական մեխանիզմների փոխկապվածությունը: Հիմնախնդրի հադեպ հետազոտվողների վերաբերմունքը պատկերավոր կերպով արտահայտեց թիրախային տարբեր խմբերում անոմիայի հատկանիշները՝ կախված պատերազմին մասնակցության աստիճանից և կորուստ ունենալու հանգամանքից: Հետպատերազմական շրջանի անոմիկ հատկանիշները, որքան էլ որ նկատվել են բոլոր թիրախային խմբերում, այդուհանդերձ, առավել ցայտուն դրսևորվեցին անհետ կորածների ընտանիքներում, որոնց պատասխաններում գերիշխում էր անորոշությունը, ապագայի հադեպ սպասումների ձևակերպման անկարողությունը:

Հետպատերազմական շրջանում անոմիայի հատկանիշները դրսևորվել են հարցվողների շարժումների անկայունությամբ ռիթմի և խտության հատկանիշներով, սուղ բառապաշարով, հաճախ կիրառվող բառերը կրկնվելու միտումով, խոսքի միատարրությամբ, մեկ թեմայի շուրջ խոսքի ֆիքսվածությամբ, լոգոնևրոզի տարբեր դսևորումներով: Ընդհանուր առմամբ կիրառված մեթոդների արդյունքում բացահայտվել են հետպատերազմական անոմիայի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են պատասխանների անորոշությունը, ապագայի հանդեպ սպասումների ձևակերպման դժվարությունները կամ անկարողությունը, ապագա անելիքների հանդեպ թերահավատությունը և պահանջմունքների որոշակի սահմանափակումը:



Ընթացիկ հաշվետվություն 2022թ․