Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները` Կ. Ս. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում

Սույն թվականի Մայիսի 16-ին ԳԿՄԿ ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում հիանալի մոնոներկայացանը (բեմադրությունը Ռոբերտ Հակոբյանի, սցենարը Արթուր Հարությունյանի, պարը Նունե Կիրակոսյանի, երաժշտությունը Արամ Միրիջանյանի), որտեղ ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտներ՝ ուսանողական խորհրդի նախագահ՝ Գարրի Ղազարյանի անմիջական գլխավորությամբ և ղեկավարությամբ: Ներկայացումը շատ տպավորիչ էր: Դերասանի խաղն անզուգական էր, նա կարողացավ իր հույզերը լիովին տեղ հասցնել: Հանդիսատեսն ամբողջովին ընկղմվել էր ներկայացման թեմայի մեջ, քանի որ այն հայ ազգի, ներկայիս կարևորագույն թեմաներից մեկն է՝ «Ցեղասպանություն»:
Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հերոսը փորձում էր օղու մեջ խեղդել իր մանկության օրերի հիշողությունները, սակայն, ամեն անգամ, յուրաքանչյուր բաժակի հետ է՛լ ավելի էր սաստկանում հոգու ցավը՝ վերապրելով այդ դաժան օրերը, պահերը...

Նրա հիշողության մեջ վառ էր մնացել հատկապես այն օրը, երբ Տեր Հայրը պետք է օրհներ գյուղի բոլոր երեխաներին և Սուրբ ջրով օծեր նրանց ոտքերը: Դա շատ տպավորիչ էր նրա համար, չէ՞ որ անձամբ Եպիսկոպոսն էր օրհնելու...


Դերասանի վարպետությունն ավելի վառ փայլեց, երբ նա սկսեց նկարագրել այն տեսարանը, երբ այդ օրերին հրաման էր տրվել առանձնացնել երեխաներին ծնողներից, թե ինչպես հերոսի մայրը համբուրելով նրա գլուխը՝ խեղդելով արցունքները, որդուն ասաց. «Գնա´ մյուս երեխաների հետ խաղա ցանկապատից այն կողմ»: Այս տեսարանի ժամանակ բոլորիս միջով սարսուռ անցավ և ամբողջ դահլիճը հուզվել էր:
Անկրկնելի էր դերասանի խաղը բեմադրության այս դրվագում:
Հերոսը հիշում էր հազարավոր դիերով լցված գետը, ազերիների ոճրագործությունները, նրանց բիրտ պահվածքը: Անգամ օղին չէր կարողանում ջնջել նրա հիշողությունից այդ սահմռկեցուցիչ տեսարանները: Իսկ արդյոք դա հնարավո՞ր է ջնջել...

Ներկայացումի ավարտից հետո դահլիճը մոտ հինգ րոպե ոտնկայս ծափահարում էր դերասանին և հուզված ու անչափ տպավորված դուրս եկանք թատրոնից:
Ներկայացման թեման՝ «Ցեղասպանությունը» շատ խորը հետք ունի յուրաքանչյուր հայի հոգում և այն ջնջել որևէ մեկի մտքից, առավել ևս այն վերապրած մարդու հիշողությունից, ուղղակի անհնար է:

Փայլուն և փառահեղ ներկայացում էր:

Շնորհակալություն Ստանիսլավսկու անվան թատրոնին նման ներկայացում պարգևելու համար։