Գլխավոր էջ





Հեռավար կրթության կազմակերպում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ, 2014թ. դեկտեմբեր ամսից իրականացնում է հեռավար լրացուցիչ կրթական ծրագիր, որի շրջանակներում հասարակական որոշակի խմբեր կարող են հեռավար ձևով կրթություն ստանալ ԳԿՄԿ-ում: Կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումների շրջանակներում ՀՀ որդեգրած պարտավորվածությունների շարքում կարևոր տեղ է հատկացվում հարատև, շարունակական կրթությանը: Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում շարունակական կրթության բնագավառում աշխարհում մեծ տարածում ունի հեռահար ուսուցումը, որը շահագրգիռ անձանց հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան ուսում, կամ մասնակցել վերապատրաստման կուրսերի առցանց, իրենց հարմար վայրում և իրենց հարմար ժամերի:
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ անկախ տարիքից, սեռից, կրոնական պատկանելությունից և այլն, չնայած դասընթացների առարկայական նկարագրում դասախոսները նշում են ցանկալի անձանց թիրախ խմբերը, բայց դա սահմանափակում չի հանդիսանում: Հեռավար դասընթացների առանձնահատկությունն այն է, որ ժամային սահմանափակումներ չկան, դասընթացներն ասինխրոն են, այսինքն՝ դասախոսը և ուսանողը միմյանց իրական կյանքում կարող են և չհանդիպել, շփում իրականացվում է առցանց տարբերակով՝ ֆորումների, տեսակոնֆերանսների և այլնի միջոցով:
Հեռավար կրթության առավելություններից մեկն այն է, որ այդ դասընթացը մեկ անգամ ստեղծելով՝ հնարավոր է մշտապես կիրառել ուսումնական գործընթացում՝ պարբերաբար այն թարմացնելու պայմանով: ԳԿՄԿ ռազմավարական զարգացման պլանի մեջ  մտնում է հեռավար կրթության ընդլայնումը, նախատեսվում է, որ ծրագրի ավարտից հետո առավել շատ դասախոսներ կընդգրկվեն և ԳԿՄԿ-ն կկարողանա առավել մեծ թվով դասընթացներ առաջարկել: Հետաքրքրությունը ծրագրի հանդեպ շատ մեծ է, որովհետև այն մեծ հնարավորություն է ընձեռում՝ ստանալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում անվճար կրթություն և կարևոր գիտելիքներ:
Ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատանքային թիմը իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես.

  • Տեղի են ունեցել վերապատրաստումներ, որից մեկը՝ արտերկրի փորձագետի /Իտալիայի Պարմայի համալսարան/ մասնակցությամբ, որոնց շրջանակներում ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, այնպես էլ այլ բուհերից ծրագրում ընդգրկված դասախոսները ստացել են պրակտիկ գիտելիքներ հեռավար հարթակում ծրագրեր կազմելու և վարելու վերաբերյալ: Իսկ սեպտեմբերի 5-8-ը Ծաղկաձորում կայացավ ամառային դպրոց հեռավար կրթության մասին, որի նպատակն էր հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների և տեսաձայնային նյութերի նկարահանումը և մոնտաժը, տեսակոնֆերանսների ինտեգրումը հեռավար դասընթացներում և այլն:
  • Արտերկրի փորձագետի մասնակցությամբ վերապատրաստման մասնակից 34 դասախոս ստացել են համապատասխան վկայագրեր:
  • Կատարվել է հասարակական կարիքների վերհանում, պարզվել է, թե լրացուցիչ, շարունակական ինչ կրթական ծրագրերի պահանջ ունի այսօր հայ հասարակությունը:
  • ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ փորձագետներից բաղկացած խմբերը գործուղվել են արտերկիր՝ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով. տեղի է ունեցել 2 վերապատրաստում. մեկը՝ Աթենքի տեխնոլոգիաների համալսարանում, մյուսը՝ Իտալիայի Պարմայի համալսարանում:
  • Ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով հագեցած առցանց գիտաժողովների դահլիճ: Դահլիճը ապահովվել է անլար և արագագործ wi-fi ծածկույթով:
  • Ծրագրի շրջանակներում ստացվել են համակարգչային և այլ սարքավորումների խմբաքանակներ, ստեղծվել է 1 համակարգչային լսարան:
  • Moodle համակարգի ներդրման և գործարկման համար ձեռք բերված սերվերը անցել է ծրագրային վերազինում:
  • Կազմվել են և մշակվում են ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ՝ համապատասխան կարիքների գնահատման տվյալների, որոնց կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կայքում՝  http://vle.sci.am/moodle/index.php:
  •  Կազմվել և ձեռք է բերվել ուսումնառության համար անհրաժեշտ գրականությունը:
  • 2014թ. դեկտեմբերի 18-ից  մեկնարկել են  5-6 շաբաթ տևողությամբ 20 դասընթաց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում:

Արդեն իսկ հեռավար ուսուցման համակարգում գրանցվել են 700 դիմորդ, որոնց հնարավորություն է ընձեռնվել մասնակցել դասընթացներին առանց հեռավար դասընթացների թվի սահմանափակման: Հեռավար դասընթացներին մասնակցելու միակ նախապայմանը բարձրագույն բակալավրիական կրթության առկայությունն է, քանի որ տվյալ փուլում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տրամադրում է միայն լրացուցիչ կրթություն: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հեռանկարներից է վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման իրականացումը, և ի վերջո ամբողջովին առցանց մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը՝ մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Ծրագրին առնչվող հրապարակումներ՝