Գլխավոր էջ





ՀՀ բուհերի, ԳԱԱ համակարգի երիտասարդ գիտնականները, մագիստրանտներն ու ասպիրանտները ներկայացրին վերջին շրջանում գիտության տարբեր ոլորտներում իրենց գրանցած ձեռքբերումները

Դեկտեմբերի 12, 2020

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) ս/թ դեկտեմբերի 11-ին կայացավ «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների եռօրյա գիտաժողով-դպրոցի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ԳԿՄԿ տնօրենի պաշտոնակատար Ա. Սարգսյանը: Պր. Սարգսյանը, կարևորելով գիտության դերը մեր երկրի զարգացման գործում, նշեց. «Ունենալով սահմանափակ բնական ռեսուրսներ՝ մեր երկրի զարգացման գործում անկյունաքարային և որոշիչ նշանակություն ունի գիտության զարգացումը, և հուսով ենք, որ գիտության ոլորտում իրենց առաջին քայլերը կատարող երիտասարդ հետազոտողներն իրենց մտքերով, գաղափարներով, առաջարկներով կնպաստեն այս գիտաժողով-դպրոցի կայացմանը:

Այս համատեքստում շատ կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս համախմբելու գիտությամբ հետաքրքրված երիտասարդ հետազոտողներին, ստեղծելու միջավայր նրանց երկխոսության և նոր գաղափարների առաջադրման համար»։ Տնօրենի հավաստմամբ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակելու է աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կայացմանը, որոնք նպատակ ունեն խթանելու գիտության հանդեպ հետաքրքրությունը, արժևորելու երիտասարդ գիտնականի, հետազոտողի աշխատանքն ու հեղինակությունը։

Ելույթներով հանդես եկան նաև ԳԿՄԿ դեկան Ա. Մխիթարյանը, գիտահետազոտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ն. Հակոբյանը, գիտական քարտուղար Մ. Սարգսյանը, հանրային կապերի բաժնի պետ Ա. Շահազիզյանը, որակի ապահովման բաժնի պետ Ն. Վարդանյանը: Այնուհետև զեկուցումներով հանդես եկան ՀՀ բուհերի, ԳԱԱ համակարգի երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ՝ ներկայացնելով վերջին շրջանում գիտության տարբեր ոլորտներում իրենց գրանցած ձեռքբերումները:

Գիտաժողովը կազմակերպված է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ. զեկուցումների հիմնական մասը մասնակիցները ներկայացրել են առցանց: Այն լրացուցիչ հնարավորություն է բազմաթիվ ուսանողների, արտասահմանում գտնվող երիտասարդ գիտնականների համար՝ առցանց մասնակցելու գիտաժողով-դպրոցի աշխատանքներին, զեկուցողներին ուղղելու հարցեր, ներկայացնելու տեսակետներ։

Առաջիկա երկու օրերի ընթացքում գիտաժողով–դպրոցն իր աշխատանքները կշարունակի մասնագիտական փոքր խմբերով, որտեղ հայտնի գիտնականներն իրենց փորձը կփոխանցեն երիտասարդ սերնդին՝ հանդես գալով ոլորտային դասախոսություններով։ Կկազմակերպվի նաև կլոր սեղան՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ գիտության ու գիտնականների ունեցած դերը, նրանց առաջիկա անելիքները։