Գլխավոր էջ





Վիլնյուսում մեկնարկեց «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» աշխատաժողովը

Մայիսի 4, 2022

Ս.թ. մայիսի 3-ին Լիտվայի Վիլնյուս քաղաքում մեկնարկեց Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT (Դոկտորական կրթության բարեփոխումները Հայաստանում) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» աշխատաժողովը, որին մասնակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, միջազգային և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն այս կարևոր աշխատաժողովում ներկայացնում են ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, տնտեսագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նարինե Մանուկյանը, մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի դասախոս Ռոքսանա Զախարյանը։

Բացման խոսքով հանդես եկան Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Արունաս Պովիլյունասը, ՀՀ ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը և ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը։ Ներկայացնելով աշխատանքը՝ Արունաս Պովիլյունասը նշեց. «Եթե երեք բառով արտահայտենք մեր գործունեությունը, ապա կարող ենք ասել, որ մենք բաց ենք, ճկուն և ապագային միտված»։ Կարեն Քեռյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում մեկնարկած երրորդ աստիճանի կրթական բարեփոխումներին։ Նա ընդգծեց, որ երրորդ աստիճանի կրթությունը հիմնովին փոխվելու է։ Արևիկ Օհանյանն անդրադարձավ ARMDOCT ծրագրի նպատակին, արդեն իսկ արձանագրած արդյունքներին և հետագա անելիքներին։ Նա նաև հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքում հայաստանյան բուհերը կկարողանան հաստատել նոր արդյունավետ համագործակցային կապեր։

Մասնակիցների համար Վիլնյուսի համալսարանի ներկայացուցիչները կազմակերպել էին հետաքրքիր և տեղեկատվական շրջայց Վիլնյուսի համալսարանի և գրադարանի մասնաշենքերում, որը հիանալի հնարավորություն էր ծանոթանալու հնագույն բուհերից մեկի պատմությանն ու զարգացմանը։

Աշխատաժողովի աշխատանքները շարունակվելու են մինչև մայիսի 5-ը ներառյալ։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին