Տուշայի համալսարանի ներկայացուցիչները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում
Հոկտեմբերի 6, 2016Ս/թ հոկտեմբերի 1-5-ը Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում Տուշայի համալսարանի ներկայացուցիչներ Ծրագրի համակարգող Նիկոլո Մերենդինոն, Կենսաբանական, ագրոպարենային և անտառային համակարգերի նորարարության ֆակուլտետի պրոֆեսոր և Ծրագրի պատասխանատու Անջելա Ֆաթորեթթին այցելեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ՝ տալով ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:
Ս/թ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային սեմինարը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, որտեղ հյուրերը ներկայացրին Տուշայի համալսարանը, կրթական ծրագրերը, ուսումնառության կարգը և համալսարանի կայացման պատմությունը, ինչպես նաև Տուշայի համալսարանի շրջանավարտ Դավիթ Պիպոյանը ներկայացրեց համալսարանում ուսումնառելու իր փորձը և Իտալիայում ուսումնառելու առանձնահատկությունները:
Հոկտեմբերի 4-ին իտալացի հյուրերը այցելեցին ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն՝ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոն, որտեղ նրանց հագեցած օր էր սպասվում: Նախ սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի ուղեկցությամբ այցելեցին մասնագիտական լաբորատորիաներ՝ ուսումնասիրելով լաբորատորիաների վերլուծական կարողությունները և սարքավորումային հագեցվածությունը: Այնուհետև մասնակցեցին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլի հետ հանդիպմանը, որը նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Իտալիայի հետ համագործակցության պատմությունը (ի դեպ, Էկոկենտրոնը սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման բնագավառում Իտալիայի հետ համագործակցությունը սկսել է դեռևս 2011 թ.), ընթացիկ ծրագրերը, այցելեցին նաև մի շարք բաժիններ:
Հանդիպումից հետո սննդագիտության և սննդամթերքի անվտանգության պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն հարցազրույց տվեց լրագրողներին՝ խոսելով Հայաստանում սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրների մասին, այնուհետև հանդես եկավ սննդով պայմանավորված օքսիդատիվ սթրեսների և հակաօքսիդանտների մասին դասախոսությամբ:
Հոկտեմբերի 5-ին ծրագրի աշխատանքային խումբը այցելեց նաև Էրազմուս+ ազգային գրասենյակ, որտեղ զրուցեցին առկա համագործակցության և հետագա հնարավորությունների մասին: Պրոֆեսոր Մերենդինոն նաև հյուրընկալվեց «Շանթ» հեռուստաընկերության տաղավարում՝ «Առավոտը Շանթում» և «Որակի հետքերով» ծրագրերում՝ խոսելով սննդամթերքի անվտանգության և առողջ սննդակարգի մասին:
Այցի ընթացքում հյուրերը եղան նաև Հայաստանի պատմության թանգարանում, Երևանի կոնյակի գործարանում, այցելեցին նաև Հայաստանի տեսարժան վայրեր՝ Գառնի, Գեղարդ, Սևանավանք: