Վերապատրաստում՝ «ԵՄ հաղորդակցություն» թեմայով
Սեպտեմբերի 18, 2019Ս/թ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը և «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի համակարգող Գևորգ Տեփանոսյանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության կազմակերպած «Աջակցություն ԵՄ հաղորդակցման բարեփոխումներին Հայաստանում-2» վերապատրաստմանը՝ նվիրված ԵՄ տեսանելիության ապահովման և հաղորդակցման պահանջների ներկայացմանն ու պրակտիկ կիրառմանը:
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին հանրային կապերի տեսական հիմունքները և պրակտիկ ասպեկտները. որպես օրինակ բերվեցին Գրունիգի հանրային կապերի 4 մոդելները: Քննարկվեց նաև այն հարցը, թե ինչպես կազմակերպել տեղեկատվական քարոզարշավներ և իրադարձություններ՝ բովանդակությունից դեպի ազդեցության մեծացում գնալով:
Այնուհետև մասնակիցները գործնականորեն ներկայացրին, թե ինչպես կարող են առաջ մղել իրենց ծրագրերը մասնավորապես 2020 թ. կազմակերպվելիք Եվրոպայի օրվա ընթացքում:
Վերապատրաստման ավարտին ներկայացվեցին և քննարկվեցին սոցիալական հարթակները և դրանց գրավչությունը ՀՀ-ում, հարթակներն օգտագործողների աճի և նվազման միտումները, առանձնացվեցին այն հարթակները, որոնք առավել արդյունավետ են ծրագրերի առաջմղման համար: