Գլխավոր էջ





Ուսուցիչների և կրթության կազմակերպիչների վերապատրաստում Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում

Օգոստոսի 3, 2020

Օդեսայի հայկական համայնքի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 20-ից Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում սկսվեցին երկշաբաթյա վերապատրաստման դասընթացները: Համայնքի ուսուցիչները և կրթության կազմակերպիչները մասնակցեցին ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի կողմից կազմակերպված «Հայերենը որպես երկրորդ լեզու դասավանդելու սկզբունքները և չափանիշները» մասնագիտական վերապատրաստման դասընթացին (30 ժամ, 1 կրեդիտ): Դասընթացը վարում էր ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Մ. Սարգսյանը:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները ծանոթացան սփյուռքում հայագիտական առարկաները դասավանդելու առանձնահատկություններին, կրթական, առարկայական և մշակութային գործող ծրագրերին, ուսումնական նյութերին, մեթոդներին և ռեսուրսներին: Մ. Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց երկլեզու միջավայրում մայրենի լեզուների գործառմանն առնչվող խնդիրները, լեզվական հանրույթի տարբեր սերունդների և լեզվի իմացության տարբեր մակարդակ ունեցող աշակերտների հետ աշխատելու սկզբունքները և մեթոդները:  

«Վերապատրաստումները մասնագիտական և անձնային աճի անքակտելի մասն են կազմում: Ժամանակի պահանջին համահունչ պետք է շարժվել, լինել ճկուն և պատրաստ նոր մարտահրավերների: Իսկ դա իհարկե հնարավոր չէ առանց վերապատրաստումների: Շատ կարևոր է և ողջունելի, որ Օդեսայի հայկական համայնքը նախաձեռնեց այս ծրագիրը: Հուսով եմ՝ սա վարակիչ և հաջող օրինակ կլինի մյուս համայնքների և սփյուռքի հայկական կրթօջախների համար: Ի պատիվ Օդեսայի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Հարությունյանի և Օդեսայի մշակույթի կենտրոնի ղեկավար, Ուկրաինայի հայ կանանց կոմիտեի նախագահ Աննա Գևորգյանի՝ համագործակցության սկիզբը բավական խոստումնալից էր: Դպրոցի ղեկավարության և ուսուցիչների պատրաստակամությունն ու ձգտումն ուղղակի հիացմունքի են արժանի: Ուսուցիչները բավական պատրաստված և փորձառու մասնագետներ են, իսկ ամենակարևորն այն է, որ նախանձախնդիր են իրենց աշխատանքի նկատմամբ, պատրաստ նոր համագործակցության, նոր մեթոդներ կիրառելուն, իրենց աշխատելաոճը բարելավելուն, գիտելիքը և փորձը հարստացնելուն, հայրենիքից հեռու ազգայինը, հայկականը, հայեցին պահելուն, պահպանելուն, փոխանցելուն և զարգացնելուն», - նշեց Մ. Սարգսյանը:

Դասընթացներն ընթացել են ըստ պլանի և ժամանակացույցի, ընտրված ձևաչափը հնարավորություն է տվել մասնակիցներին լինել ոչ թե պասիվ ունկնդիրներ, այլ մասնակցել ակտիվ քննարկումների, ներկայացնել իրենց պրակտիկայում եղած դրական և բացասական խնդիրները, իրենց փորձը փոխանցել մյուսներին: Վերջին շաբաթվա ընթացքում մասնակիցները գործնական աշխատանքներ են կատարել: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ Մ. Սարգսյանի հետ վերլուծել են լավագույն և վատագույն դասի օրինակները, քննարկել բազմալեզու միջավայրում կրթական գործընթացի դրական և բացասական կողմերը, ծանոթացել ուսումնական, ուսումնաօժանդակ նյութերին և առցանց ռեսուրսներին, կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցների կրթական ծրագրերի առանձնահատկություններին, վերլուծել առկա խնդիրներները և դրանց պատճառները, առաջարկել լուծումներ:

Ելնելով երկրում տիրող իրավիճակից, ինչպես նաև տարածական խոչընդոտից` ուսուցիչների մի մասը դասընթացին մասնակցել է հեռավար ձևաչափով: Վերապատրաստման դասընթացները հաջողությամբ անցած մասնակիցները ստացել են հավաստագիր՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի կողմից:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ