Սանկտ Պետերբուրգից ժամանած գիտնականը հանդես եկավ դասախոսությունների շարքով
Մայիսի 29, 2024Ս.թ. մայիսի 13-23-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնը հյուրընկալել էր 22YR-6B005 «Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)» գիտական թեմայի (Թեմայի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան) արտասահմանյան գործընկեր՝ Սանկտ Պետերբուրգի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի դպրոցի օտար լեզուների դեպարտամենտի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր Եվգենի Մոլոդիչենկոյին:
Եվգենի Մոլոդիչենկոն իր հետազոտություններով հայտնի է թե՛ ՌԴ-ում, թե՛ արտերկրում: Ըստ «Scopus» շտեմարանի տվյալների՝ նրա h-index-ը 5 է: Նրա գիտական գործունեության թիրախում հանրալեզվաբանությունն է, տեքստաբանությունը, ոճագիտությունը, քննադատական խոսույթի քննությունը:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում գիտնականը հանդես եկավ հրապարակային դասախոսությունների շարքով լեզվաբանության զարգացման նոր գիտակարգերից մեկի՝ մետապրագմատիկայի թեմայով:
Վերապատրաստման դասընթացներն անցան բուռն և արդյունավետ քննարկման մթնոլորտում: Մասնակցեցին շուրջ երկու տասնյակ դասախոսներ և հետազոտողներ՝ ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության և Օտար լեզուների ամբիոններից, այնպես էլ ՀՀ գիտակրթական այլ հաստատություններից:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ, 22YR-6B005 գիտական նախագծի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը. «Մեծ պատիվ է մասնակցել նման հետազոտողի դասընթացին: Եվգենի Մոլոդիչենկոն անգնահատելի աջակցություն է ցուցաբերել մեր հետազոտական ճանապարհորդության ընթացքում: Նա ոչ միայն ընդունել է մեզ մեր գործուղումների ժամանակ, այլև նշանակալի դեր է ունեցել մեր հետազոտության մեթոդական զարգացման գործում։ Նրա պատրաստակամությունն ու ներդրումները մեծապես գնահատվում են մեր թիմի կողմից: Եվ մեծ ցանկություն առաջացավ նրանից ստացած գիտելիքը փոխանցել նաև մեր տեղացի գործընկերներին: Հենց այդ էլ հիմք դարձավ այս դասընթացի համար:Նմանատիպ դասընթացները կարևոր հարթակ են գիտելիքի, գաղափարների փոխանակման, համագործակցության նոր ուղիներ և հեռանկարներ ստեղծելու առումով»:
Երկշաբաթյա դասընթացն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, ծավալվեցին հետաքրքիր գիտական բանավեճեր, մասնակիցներից յուրաքանչյուրը կիսվեց իր փորձառությամբ, որն էլ ավելի հարստացրեց դասընթացը՝ ձևավորելով համագործակցային միջավայր և հիմք ստեղծելով նոր նախագծերի իրականացման համար:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր, իսկ հրավիրյալ դասախոսը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնում «Մետապրագմատիկա» թեմայով դասընթաց անցկացնելու, ամբիոնի գիտական գործունեությանն աջակցելու գործում ներդրած նշանակալի ավանդի, ամբիոնի անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև գիտական նախագծերի մշակման աջակցության համար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին