ԳԿՄԿ ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Մայիսի 20, 2024ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ «Թանգարանների գիշեր 2024»-ի շրջանակներում մայիսի 18-ին ԳԿՄԿ ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ մասնակցեցին ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի դասախոսությանը «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» թեմայով։
Բանախոսը ներկայացրեց ցեղասպանության իրականացման մեթոդներից մեկի՝ տեղահանության էությունը, խորքային նպատակն ու հետևանքները հայ ժողովրդի բնաջնջման և տարհանման հարցում։ Ինչպես նշել է ոճրագործության ականատես՝ ամերիկացի դիվանագետ Լեսլի Դևիսը․ «Այս մեթոդը հնարավոր է մի փոքր ավելի բարեկիրթ է, քան կոտորածը, բայց այն ավելի հիմնավոր է և արդյունավետ»։ Դասախոսության թեման այժմ էլ արդիական է՝ պայմանավորված Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններով և նույն մեթոդների կիրառմամբ։
Դասախոսությունից հետո ԳԿՄԿ-ի ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան մշտական, ինչպես նաև «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում ներկայացված «PRO-ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ու «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրություններին:
Նշենք, որ այս տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը միջոցառումներին ներկայացել էր «Կրթության և հետազոտության թանգարաններ» խորագրով։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերությունը նույնպես կարևորում է հետազոտական կարողությունների վրա հիմնված կրթական գործընթացի կազմակերպումը և պարբերաբար հանդես գալիս նախաձեռնություններով՝ ներգրավելով ԳԿՄԿ ուսանողներին տարբեր գիտահետազոտական միջոցառումներին։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին