Ամառային դպրոց հեռավար ուսուցման մասին
Սեպտեմբերի 10, 2014Սեպտեմբերի 5-8-ը Ծաղկաձորում կայացավ ամառային դպրոց հեռավար կրթության մասին ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում /ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ/ լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների և տեսաձայնային նյութերի նկարահանումը և մոնտաժը, տեսակոնֆերանսների ինտեգրումը հեռավար դասընթացներում և այլն: Վերապատրաստումներն անց են կացրել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի աշխատակից Տաթևիկ Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը և ՏՏ բաժնի աշխատակից Վահագն Աղաբաբյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը և այլք: Ծրագրի շրջանակներում ստացվել են համակարգչային և այլ սարքավորումների խմբաքանակները, որը հնարավորություն է ընձեռել ստեղծել առցանց գիտաժողովների դահլիճ, վերակառուցված համակարգչային լսարան և այլն: Առցանց գիտաժողովների դահլիճում արդեն իսկ տեղադրվել են տեխնիկական համապատասխան սարքավորումները առցանց գիտաժողովներ, սեմինարներ և դասախոսություններ կազմակերպելու համար: Ինչպես տեղեկացնում է Ծրագրի համակարգողներից Արմեն Սարգսյանը, դահլիճը ապահովված է նաև անլար և արագագործ wi-fi ծածկույթով: Moodle համակարգի ներդրման և գործարկման համար ձեռք բերված սերվերը անցել է ծրագրային վերազինում: Հոկտեմբերից կամ նոյեմբերից նախատեսված է նաև դասընթացների մեկնարկը, որն առաջին փուլում՝ ծրագրի շրջանակներում, կլինի անվճար: Ծրագրի համակարգողները նշում են, որ Ծրագիրը, ըստ նախնական պլանի, պետք է ավարտվի նոյեմբերին, սակայն հաշվի առնելով արդյունավետությունը՝ նախատեսում են երկարաձգել ժամկետները և առավել շատ դասընթացներ տեղադրել հեռավար հարթակում, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Ամառային դպրոցի բոլոր մասնակիցները փաստում էին, որ այսօրինակ դպրոցները պիտի հաճախ կազմակերպել, քանի որ դասախոսությունների մշակման հետ կապված բազմաթիվ հարցեր միայն այս ձևաչափում են, որ որոշակի լուծում և օժանդակություն են ստանում Ծրագրի կազմակերպիչների կողմից: Ծրագիրն իրականացնող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ թիմն էլ իր հերթին հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի և այսօրինակ դպրոցներ հնարավոր կլինի կազմակերպել նաև այլ դասախոսների համար: