Գլխավոր էջ





Կրթության որակի և միջամբիոնային կապերի ամրապնդման խնդիրը՝ Գիտակրթական միջազգային կենտրոնի բարելավման պլանի առաջնագծում

Մարտի 21, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ սույն թվականի մարտի15-17-ը Ծաղկաձորում կազմակերպվել է «ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջամբիոնային կապերի սերտացում և որակի ներբուհական համակարգի զարգացում» համաժողովը, որի նպատակն էր ԳԿՄԿ ամբիոնների լավագույն փորձի փոխանցումը, տարաբնույթ հարցերի ու խնդիրների քննարկումը, ներբուհական որակի բարելավման համակարգի կայացումը:

Համաժողովին ներկա էին ԳԿՄԿ գործող բոլոր ամբիոնների վարիչները, որոնք իրենց ամբիոնները ներկայացնելու, որակի ներամբիոնային համակարգը քննարկելու, առկա խնդիրները վերհանելու հնարավորություն ունեցան, ներկայացվեցին միջազգային համագործակցության գործող ուղղությունները և հնարավոր հեռանկարները: Համաժողովի երկրորդ հատվածում նախատեսված էր վերապատրաստում, որն անց կացրեցին ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և շահակիցների հետ կապի բաժնի ղեկավար Լիլիթ Զաքարյանը: Անուշավան Մակարյանի ներկայացումը վերաբերում էր հավատարմագրման երկրորդ շրջափուլի առանձնահատկություններին, իսկ Լիլիթ Զաքարյանը խոսեց ներամբիոնային աշխատանքները որակի շրջափուլի սկզբունքներին համաձայն կառուցելու կարևորության մասին, մասնավորապես ՊԻԳԲ (պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում) շրջափուլի յուրաքանյուր առանձին փուլի առանձնահատկությունների և կարևորության մասին:

Ինչպես նշեց Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ալբերտ Սարգսյանը՝ «Լինելով հետազոտական համալսարանի նախատիպը Հայաստանում, մենք շատ կարևորում ենք որակի ապահովման մեխանիզմների ներդրումն ու զարգացումը մեր Կենտրոնում, և այս ու այսօրինակ միջոցառումները միտված են հենց որակի ապահովման համակարգի տարածմանը»:

Համաժողովի կազմակերպիչ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանի խոսքով՝ «Նման հանդիպումները շատ լավ առիթ են՝ վերհանելու գործող մեխանիզմների թերությունները Կենտրոնում, բարելավելու և զարգացնելու որակի ապահովման ներբուհական համակարգը, ներդնելու իսկապես գործող և արդյունավետ համակարգ: Մենք մտածում ենք այսպիսի համաժողովները պարբերական դարձնել, քանի որ այս համաժողովի շրջանակներում նաև միջամբիոնային նոր համագործակցության բազմաթիվ առաջարկներ, նոր թեմաներ ու նոր մոտեցումներ առաջադրվեցին, որոնք կյանքի կոչելու և շարունակելու պահանջ կա»: