Կայացավ «Ակադեմիական սոցցանցերը՝ որպես հետազոտողի արդիական գործիք» խորագրով սեմինարը
Փետրվարի 16, 2023Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ դասախոսություն-սեմինար «Ակադեմիական սոցցանցերը՝ որպես հետազոտողի արդիական գործիք» խորագրով, որը վարում էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը:
Սեմինարի ընթացքում Մերի Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց թեմաներ միջազգային գիտական սոցցանցերում գրանցման, գիտական անձնական էջի ստեղծման, համացանցում տեսանելիության և ակադեմիական սոցցանցերում գիտական հաղորդակցման կազմակերպման վերաբերյալ:
Մ. Սարգսյանն անդրադարձավ գիտական հանրության կողմից սոցիալական մեդիայի կիրառմանը՝ որպես գործընկերների շրջանում անձնական գիտական աշխատանքի կազմակերպման և հանրայնացման, գիտական միջոցառումների հաճախելիության և մարդկանց մեկ հարթակի ներքո համախմբման միջոց: Մ. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ORCID հետազոտողի նույնականացման համակարգը, Google Scholar ակադեմիական որոնողական համակարգը, ResearchGate ակադեմիական սոցիալական կայքը, Scopus և Web of Science ակադեմիական տվյալների բազաները, ինչպես նաև ResearcherID ինտերակտիվ հարթակը:
Մ. Սարգսյանը նշեց սեմինարի կարևորությունն առաջին հերթին ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցության առումով, ինչպես նաև ողջունեց ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետազոտողների, ասպիրանտների և այլ բուհերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:
Ակտիվ քննարկման ընթացքում մասնակիցները առաջ քաշեցին տարբեր առաջարկներ և դիտարկումներ, և բոլորը համակարծիք էին, որ անհրաժեշտ է ապահովել հանրայնացում և լինել հնարավորինս տեսանելի ակադեմիական սոցիալական կայքերում, ինչը հետազոտողներին և գիտնականներին հնարավորություն կտա դուրս գալ միջազգային ասպարեզ և տեսանելի դարձնել հայ գիտնականների գիտական արդյունքները՝ այդկերպ ձևավորելով միջազգային գիտական խմբեր և ծավալելով արդյունավետ քննարկումներ:
Հանդիպման վերջում բանախոս Մ. Սարգսյանը ոգևորությամբ նշեց, որ սեմինարի մասնակիցները հետաքրքրված են գիտաչափության և գիտական հարթակներում տեսանելի դառնալու հեռանկարով, և հույս հայտնեց, որ նրանք ակտիվորեն կօգտվեն հանդիպման ընթացքում ներկայացված գործիքակազմից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին