«Անձը՝ որպես բրենդ» թեմայով սեմինար Կենտրոնի ուսանողների համար
Հոկտեմբերի 18, 2022ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 14-ին ուսանողների համար կազմակերպվեց սեմինար «Անձը՝ որպես բրենդ» թեմայով:
Թվային դարաշրջանում անձի բրենդինգը հատկապես կարևորվել է, որի ճիշտ կիրառման դեպքում անձը կարող է ներկայանալ լավագույն լույսի ներքո և տարբերվել մյուսներից: Սա նաև մրցակցությունից առանձնանալու միջոց է: Մենք ապրում ենք մրցակցային աշխարհում, որտեղ բոլորը պայքարում են նույն աշխատանքի, հաճախորդների և հնարավորությունների համար: Իսկ ամբոխից առանձնանալու համար կարևոր է զարգացնել ուժեղ անհատականություն կամ ձևավորել հմտությունների և փորձի այնպիսի եզակի համադրություն, որը ձեզ մրցակցային կդարձնի գործատուների շրջանում:Իսկ ինչպե՞ս գրագետ կերտել անհատի կամ բիզնեսի ինքնության և հեղինակության ճանապարհը, որն իրենից ներկայացնում է ճիշտ ռազմավարության սահմանում, արտաքին տեսքի հետևողական պահպանում, հաղորդագրության ինչպես առցանց, այնպես էլ անցանց ներկայացվածության յուրօրինակ ապահովում: Ահա ուսանողներին հուզող այս հարցերին պատասխանելու համար էլ Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժինը հրավիրել էր հաղորդակցության և անձի բրենդինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանին, ով սիրով համաձայնեց կիսվել իր տարիների փորձառությամբ:
Սեմինարի ընթացքում Հ. Միրզոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրեց, թե ինչ է բրենդինգն ընդհանրապես, ի՞նչ է անձի բրենդինգը, որն այսօր այդքան կարևոր է յուրաքանչյուր անձի համար, ին՞չպես ստեղծել և պահպանել այն և ի՞նչ է թաքնված այս գաղափարի հիմքում: Հ. Միրզոյանը անդրադարձավ նաև գործատուի բրենդինգին՝ որպես գրավիչ կերպար տաղանդավոր աշխատակիցների ներգրավման համար:
Անձի բրենդինգի համատեքստում Հ. Միրզոյանն առանձնացրեց Յունգի տեսության արքետիպերը, որոնք արտացոլվում են անձնային բրենդինգի մեջ և հնարավորություն են տալիս մարդուն առանձնանալ ամբոխից, ընդգծել անհատականությունը և գործունեության ընտրված ոլորտում մրցակցային առավելություն ստանալ:
Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկում ծավալվեց Հ. Միրզոյանի և Կենտրոնի ուսանողների միջև, ովքեր թեմային առնչվող բազմաբնույթ հարցեր հղեցին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպումը նախատեսված ժամանակից ավելի երկար տևեց՝ հաշվի առնելով ընտրված թեմայի արդիականությունն ու ուսանողների հետաքրքրվածությունը թեմայի շուրջ: Հ. Միրզոյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս մեկ հանդիպում կազմակերպել ուսանողների հետ ակտիվ քննարկումը շարունակելու նպատակով:
Միջոցառման վերջում հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց հաղորդակցության և անձի բրենդինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանին ուսանողների համար հետաքրքիր սեմինար անցկացնելու և թեմայի շուրջ բովանդակային քննարկում ապահովելու համար: Լ. Ադամյանն ուսանողներին հավաստիացրեց, որ նմանատիպ մասնագիտական դասընթացները շարունակական բնույթ են կրելու:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին