Հանրալեզվաբանական հետազոտության իրականացում Սանկտ Պետերբուրգում
Ապրիլի 12, 2024«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի (22YR-6B005) «Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)» գիտական թեմայի ուսումնասիրության շրջանակում ս.թ. մարտի 16-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանն աշխատանքային խմբով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում հանրալեզվաբանական հետազոտություն իրականացնելու նպատակով:
Որպես նախագծի ղեկավար՝ Մերի Սարգսյանն իր հետազոտական խմբի անդամներ՝ գիտաշխատող, բ.գ.թ. Սոնա Միքայելյանի և լաբորանտ-հետազոտող Նաիրա Խաչիբաբյանի հետ իրականացրել է Սանկտ Պետերբուրգում ապրող լեզվական հանրույթի հանրալեզվաբանական քննություն, հավաքագրել անհրաժեշտ տեղեկություններ լեզվական հանրույթի և գործառող լեզուների վերաբերյալ, ուսումնասիրել փոխներթափանցումների և փոխազդեցությունների հետևանք հանդիսացող հատկանիշները, հայերենի վրա օտար լեզուների դրական և բացասական ազդեցությունը:
Աշխատանքային այցելությունների սկիզբն ազդարարվել է Սանկտ Պետերբուրգի հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցուց, աշխատանքային այցով հետազոտական խումբը եղել է նաև Սանկտ Պետերբուրգի հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցում:Կարևոր և տպավորիչ այցելություն են ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոն (Լազարյանների անվան կիրակնօրյա դպրոց), ներկա եղել դասերին, դասալսում իրականացրել, ծանոթացել ուսումնական և առարկայական ծրագրերին: Այցելել են նաև Սանկտ Պետերբուրգի Միքայել Լորիս-Մելիքովի անվան թիվ 259 միջնակարգ դպրոց, որը բազմալեզու դպրոց է և համախմբում է շուրջ 12 ազգերի ներկայացուցիչների, իսկ հայերենի ուսուցումը ներառված է 1-6 դասարանների հայազգի աշակերտների պարտադիր ուսումնական ծրագրում:
Գործուղման շրջանակներում գիտաշխատակիցները հյուրընկալվել են Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ամբիոնում՝ ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Դոնարա Մկրտչյանի հրավերով: Ներկա են եղել 2-րդ կուրսի ուսանողների հայոց լեզվի դասին: Այստեղ ուսուցանվում է ոչ միայն ժամանակակից հայոց լեզու, այլև գրաբար, հայ ժողովրդի պատմագրություն, հայ գրականություն, Կովկասի պատմություն, ձեռագրագիտություն, մշակութաբանություն:
ՌԴ ԳԱ արևելյան ձեռագրերի ինստիտուտ աշխատանքային այցի ընթացքում գիտական խումբը շրջել է ինստիտուտի սրահներում, ծանոթացել հայկական ֆոնդին՝ ոչ միայն հնատիպ և ժամանակակից, այլև Մառի և Օրբելու:
Սանկտ Պետերբուրգի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի դպրոցի օտար լեզուների դեպարտամենտում գիտական խումբը հանդիպել է նախագծի գործընկեր, լեզվաբան, բ.գ.դ. Եվգենի Մոլոդիչենկոյի հետ:
Այցի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք հանդիպումներ հայկական համայնքի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, դպրոցների, համալսարանական աշխատակիցների հետ:
Մարտի 25-26-ը Մերի Սարգսյանը ՌԴ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտում մասնակցել է նաև միջազգային գիտաժողովի («XXXVI чтения памяти Л.Л. Кутиной и Ю.С. Сорокина (к 300-летию основания Российской академии наук)») և հանդես եկել զեկուցումով՝ «Джаукяновские принципы создания терминов (по материалам научных трудов на русском языке)» թեմայով:
Գործուղման շրջանակում նախատեսված աշխատանքային հանդիպումները բավական արդյունավետ էին և նպատակային, որոնք նոր համագործակցության սկիզբ դրեցին: Բովանդակային քննարկումներ են տեղի ունեցել համագործակցության հնարավորությունների և առաջիկա անելիքների վերաբերյալ: Նախագծի արտասահմանյան գործընկեր Եվգենի Մոլոդիչենկոն ս.թ. մայիսին կայցելի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, հանդես կգա դասախոսություններով և աշխատանքային խմբի հետ կամբողջացնի հետազոտության արդյունքները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին