ՀՀ բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը ԳԿՄԿ-ում
Հոկտեմբերի 22, 2019Ս/թ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հայկական բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպումների ընդհանուր նպատակն է քննարկել այն խնդիրները, որոնք Էրազմուս+ ներգնա և արտագնա ուսանողները հանդիպում են արտերկրում շարժունություն իրագործելիս, համատեղ լուծումներ փնտրել, որոնք կնպաստեն Եվրոպական և Հայաստանյան բուհերի միջև կրեդիտների և գնահատականների համադրելիությունն ու կդյուրինացնեն դրանց ճանաչումը, փոխանցումն ու կուտակումը:
«Էրազմուս+» ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան ներկայացրեց միջազգային կրեդիտային շարժունության առաջնահերթությունը՝ ներառական կրթության և սոցիալական ներառականության ներդրման և արժևորման տեսանկյունից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնի միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի իրականացման մեխանիզմները, ձեռք բերված արդյունքները: Մասնավորապես նշվեց, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսները իրենց դասընթացները համեմատել են միջազգային չափանիշներով առաջնորդվող եվրոպական գործընկեր համալսարանների առաջարկած համարժեք դասընթացների հետ, վարչական կազմը բանակցել է կրկնակի դիպլոմների կրթական ծրագրերի նախագծերի կազմման հարցի շուրջ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար ձեռք է բերվել հյուրընկալող երկրում անցկացվող տարբեր գիտաժողովներին և գիտակրթական միջոցառումներին մասնակցելու պայմանավորվածություն: Արուսյակ Հարությունյանը հավելեց, որ հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի՝ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի իրականացման հաջողված փորձը՝ այսուհետ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի իրականացման արդյունքում մասնակից դասախոսների համար պարտադիր է դառնում համատեղ գիտական աշխատանքներների և հոդվածների հրատարակումը:
Այնուհետև ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց «Էրազմուս+ շաբաթ» գաղափարի իրականացման փորձը ՀՊՄՀ-ում: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս, միջազգայնացման պատասխանատու Դավիթ Պիպոյանն առաջարկեց կազմակերպել համազգային «Էրազմուս+ շաբաթ» հայկական բոլոր համալսարանների մասնակցությամբ:
Հանդիպման ավարտին «ArcCert» ընկերությունը ներկայացրեց ArcCert ծրագրային ապահովումը՝ ուսումնական հաստատությունների և ուսումնական կենտրոնների ապակենտրոնացված հարթակը` հաստատված դիպլոմների և վկայագրերի ստեղծման, թողարկման և պահպանման համար: ArcCert ծրագրային ապահովումը կանխում է ակադեմիական որակավորման վկայականների կեղծումը` ստեղծելով վստահելի կրթության և կարիերայի հեռանկարներ: