ԳԿՄԿ և Էկոկենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսը հանդես եկավ դասախոսություններով Կրակովի մանկավարժական համալսարանում
Մայիսի 18, 2022Մայիսի 6-12 էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոկենտրոնի «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի «Քաղաքային շրջակա միջավայր» առարկայի դասախոս, ծրագրի գիտական համակարգող Գայանե Ներսիսյանը ճանաչողական այցով գտնվում էր Լեհաստանի Կրակովի մանկավարժական համալսարանում: Այցելության նպատակը «Քաղաքային կանաչապատում» թեմայով դասախոսությունների ներկայացումն էր ներկայիս գլոբալ կլիմայական փոփոխությունների համատեքստում:
Այցելության ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Կրակովի մանկավարժական համալսարանի «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի դասախոս, Լեհաստանի կողմից ծրագրի համակարգող և Կենտրոնի գործընկեր Ջոհաննայի հետ, ում հետ քննարկվեցին Համալսարանում նախատեսվող քաղաքային կանաչապատման և ծառերի էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում այցելություն կազմակերպվեց նաև Կրակովի մանկավարժական համալսարանի Աշխարհագրության ինստիտուտի ձեռներեցության և տարածական կառավարման ամբիոն /Department of Entrepreneurship and Spatial Management/, քննարկվեցին ծրագրի շրջանակներում համագործակցությունը շարունակելու հեռանկարներն ու հնարավորությունները աշխարհի փոփոխությունների նոր ենթատեքստում, հատկապես կանաչապատման նոր մոտեցումների մասին, որին շատ արագ ինտեգրվել է Կրակով քաղաքը նոր կանաչապատման լուծումներով՝ նպաստելով կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու հարմարվողականությանը, ինչպես նաև կենսաբազմազանության ապահովմանը: Այս համատեքստում շատ արդիական էին քաղաքային տարածքների լանդշաֆտային դիզայնի մոտեցումները, որոնք ներկայացվեցին «Լանդշաֆտային դիզայն» բաժնի ուսանողների բարեկարգման և կանաչապատման նախագծերի շրջանակներում:
Հանդիպումներ կազմակերպվեցին նաև Աշխարհագրության ինստիտուտի աշխարհագրության կրթության և հետազոտությունների ամբիոնի, Կրակովի մանկավարժական համալսարանի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչների հետ՝ վերջինիս հետ սերտորեն համագործակցելով արդեն 5 տարի:
Այցելություն Կրակով քաղաք չսահմանափակվեց միայն հանդիպումներով և քննարկումներով Համալսարանի անձնակազմի հետ: Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Գայանե Ներսիսյանը մասնակցեց նաև Հայնայի և Արիզոնայի պետական համալսարանների կողմից համատեղ բացված միջազգային զբոսաշրջության քոլեջի դոկտոր Յանա Վենգելի առցանց հանդիպմանը, որը նվիրված էր նոր համավարակային պայմաններում մարդկանց զբոսաշրջային ուղևորություններին ներգրավվածության բարձրացմանը՝ միաժամանակ ներառելով բնապահպանական կրթության բաղադրիչը, հատկապես բնության հատուկ պահպանվող վայրերում՝ ծանոթացնելով սովորողներին և զբոսաշրջիկներին սպիտակ և կարմիր գրքի տեսակների հետ, ինչպես նաև կենսաբազմազանության ավելացմանն ուղղված միջոցառումներին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել արդեն մեկնարկած համագործակցությունը «Լանդշաֆտային դիզայն» բաժնի հետ: Հընթացս քննարկվում է Կրակովի մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի հետ համագործակցությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի կազմակերպելու տարբեր հետազոտական աշխատանքներ և տպագրելու համատեղ հոդվածներ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին