«Մեր ուսանողները ոչ միայն մրցունակ են գիտության և կրթության ոլորտում, այլև՝ ամենուր…»
Հունիսի 16, 2020«Մեր ուսանողները ոչ միայն մրցունակ են գիտության և կրթության ոլորտում, այլև՝ ամենուր…»
Ա. Հարությունյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային միավորներից մեկն է: Կենտրոնի նպատակն է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը:
«Վարկանիշ» ամսագրի զրուցակիցն է Կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:
- Տիկի՛ն Հարությունյան, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կրթական բազմաճյուղ գործունեություն է իրականացնում: Ո՞րն է Կենտրոնի առաքելությունը, և ի՞նչ նպատակներ է հետապնդում:
- Կենտրոնը Հայաստանում հետազոտական համալսարանի առաջին նախատիպն է: Այն չունի բակալավրիատ. Կենտրոնը իրականացնում է բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ աստիճանները՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի միջոցով: Կենտրոնի մասնագիտական ամբիոնները տեղակայված են համապատասխան գիտական կազմակերպություններում, որտեղ դասավանդում են գործող գիտնականները: Մագիստրոսների պատրաստումը այսպիսի միջավայրում հնարավորություն է տալիս մագիստրանտներին հնարավորինս արագ ինտեգրվելու գործող գիտական միջավայրին և ձեռք բերելու աշխատանքի հմտություններ և գիտական մտածողություն:
Կենտրոնի հիմնական առաքելությունն է ապահովել որակյալ ու մրցունակ կրթություն՝ հետազոտական բաղադրիչի շեշտադրմամբ, նպաստել անհատի հետազոտական կարողությունների ձեռքբերմանը գիտակրթական ոլորտում գիտելիքի ստեղծման, փոխանցման միջոցով՝ իրականացնելով կրթությունից գիտություն սահուն անցումը:
- Ժամանակակից աշխարհում «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսը զարգացման ցուցիչ է: Կենտրոնը կրթության միջազգայնացման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր է իրականացնում:
Միջազգային գործընկերների հետ Կենտրոնն իրականացնում է և՛ կարողությունների զարգացմանը, և՛ ուսանողների ու դասախոսների միջազգային շարժունությանն ուղղված ծրագրեր: Տարեցտարի ավելանում է ծրագրերի և մասնակիցների թիվը, քանի որ միջազգայնացումը բխում է կենտրոնի տեսլականից և ռազմավարական ծրագրից: Միջազգայնացմանն ուղղված գործողությունները թույլ են տալիս բարելավել և թարմացնել կրթական ծրագրերը, մասնագիտական վերապատրաստումները դրական են ազդում կրթական գործընթացի որակի բարձրացման վրա:
- Ուսանողների փոխանակման ծրագրերը նոր մտածողության սաղմնավորման, ոլորտի բարձրակարգ մասնագետներ կրթելու կարևորագույն գործընթացներ են: Արդյո՞ք ակադեմիայի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման ծրագրերին:
- 2016 թվականից մեկնարկել են միջազգային շարժունության գործընթացները՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին մեկ կիսամյակ սովորելու գործընկեր բուհերում, իսկ դասախոսներին՝ վերապատրաստվելու և դասախոսություններ կարդալու, ինչպես նաև ԳԿՄԿ-ում հյուրընկալելու գործընկեր բուհերի դասախոսներին: Բացի այդ համագործակցության արդյունքում մագիստրոսները և ասպիրանտները համատեղ գիտական հոդվածներ են տպագրել օտարերկրացի համաղեկավարների և դասախոսների հետ: Շարժունության ծրագրերով համագործակցում ենք ֆրանսիական, իտալական և լեհական համալսարանների հետ, սակայն անընդհատ աշխատում ենք համագործակցության աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ:
- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը տարեցտարի կրթական նոր մոտեցումներ և մեթոդներ է որդեգրում: Վերջին տարիներին հատկապես ի՞նչ ձեռքբերումներ ունեք:
- Ձեռքբերումներն իսկապես շատ են, բազմաոլորտային ու նորարարական. առաջին ներպետական համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր հեռավար ձևաչափով ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ, կրկնակի դիպլոմի ծրագիր WSB ակադեմիայի հետ (Լեհաստան), կրկնակի դիպլոմի ծրագիր Տուշայի համալսարանի հետ (Իտալիա), ցանցային համագործակցություն Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի հետ: Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում, որը տեղակայված է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնում, ստեղծվում է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որը հնարավորություն կտա բուհերի ու արտաքին շահառուների միջև իրականացնել տարբեր նախագծեր:
- Ներկայիս բուհերը որակական տարբեր չափանիշներ ունեն: Ինչո՞վ է տարբերվում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մասնագիտական մյուս հաստատություններից:
- Ուսանողները ընտրում են մեր կենտրոնը, եթե ցանկանում են գիտական մտածողություն ունենալ, ինտեգրվել գիտական համայնքին, մասնակցել միջազգային սեմինարներին և դասախոսություններին, ընդգրկվել կրթական և գիտահետազոտական ծրագրերում: Կենտրոնը այն քիչ բուհերից է, որի հետազոտական բաղադրիչը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դրական է գնահատել:
- Կենտրոնի ուսանողը….
- Կենտրոնի ուսանողը պրպտուն մտածելակերպ ունեցող անձ է, որը գալիս է կրթվելու, որովհետև իրեն հստակ տեսնում է գիտության ոլորտում: Իսկ մեր գիտական կազմակերպությունները խոստումնալից ուսանողներին առաջին իսկ կուրսից ընդունում են աշխատանքի: Սակայն ցանկանում եմ շեշտել, որ մեր ուսանողները մրցունակ են ոչ միայն գիտության և կրթության ոլորտում, այլև ամենուրեք…
Մեր զրուցակիցն է կենտրոնի շրջանավարտ Լևոն Ղարիբյանը:
-Երբ ընդունվեցիք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, ի՞նչ ակնկալիքներ ունեիք:
2017թ. ավարտել եմ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցը և ընդունվել ԳԿՄԿ՝ գործարար վարչարարություն մասնագիտությամբ:Ակնկալիքներս իրականում շատ էին, քանի որ պլանավորել էի ուսումս շարունակել ասպիրանտուրայում. այժմ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ եմ: Մագիստրատուրան այն հիմնական փուլն է, որի ընթացքում հմտանում ես գիտական աշխատանք կատարելու մեջ, սովորում ես մագիստրոսական թեզ գրել, հետազոտություններ կատարել: Ասպիրանտուրայից առաջ Կենտրոնում սովորելը ահռելի փորձ էր ինձ համար. այստեղ կան բոլոր նախադրյալները՝ ուսանողի հետազոտական գործունեություն ծավալելու համար: Կարող եմ ասել, որ ակնկալածիցս ավելին ստացա, քանի որ Կենտրոնի դասախոսները տարատեսակ նախագծերի վրա միասին աշխատելու և արդյունք ստանալու հնարավորություններ են ընձեռում:
- Կենտրոնը Ձեզ համար ի՞նչ հնարավորություններ է ստեղծում:
- Հնարավորություններից խոսելիս առաջինն ուզում եմ շեշտել գրադարանը. ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը Հայաստանում լավագույններից է, եթե ոչ լավագույնը, բացի այդ առաջատարն է թվայնացված գրքերի թվով: Կենտրոնում լսարանները համալրված են ժամանակակից տեխնիկայով և ուսանողները կարողանում են ցանկացած ժամանակ օգտվել դրանցից:Դասախոսի հետ կապը միշտ առկա է, և եթե նույնիսկ տվյալ դասախոսը քեզ չի դասավանդում, միևնույն է, մասնագիտական հարցով յուրաքանչյուր պահի կարող ես մոտենալ ու չես մնա առանց աջակցության:
Հնարավորություններից առանձնացնեմ նաև այն, որ ակադեմիայում, որպես տեսլական, կարևորվում է երիտասարդ հետազոտողներին ակադեմիական համակարգում ավելի շատ տեղ հատկացնելը: Ամեն ինչ արվում է, որպեսզի խթանվի երիտասարդների ներգրավումը գիտության բնագավառ՝ մրցունակ կադրեր պատրաստելով աշխատաշուկայի համար:
Մեր զրուցակիցն է կենտրոնի ուսանող Ստելլա Ստեփանյանը:
- Փոխանակման ծրագրերին մասնակցե՞լ եք, եթե այո, ապա ի՞նչ է տվել այն Ձեզ:
- Սովորում եմ բնապահպանության ամբիոնում, իսկ 2019 թ. մասնակցել եմ Տուշայի համալսարանի հետ համատեղ փոխանակման ծրագրին: Ակնկալիքներս արդարացան: Մենք այդ ընթացքում ոչ միայն մասնագիտական կրթություն ստացանք տարբեր միջառարկայական ոլորտներում, այլև կարողացանք համատեղ հոդվածներ գրել և տպագրվել միջազգային հեղինակավոր ամսագրերում, ինչը մեծ դեր ունեցավ իմ՝ թե՛ որպես գիտաշխատողի, թե՛ որպես ուսանողի կարիերայում: Բացի այդ՝ կարողացա մի շարք գիտաժողովների և հանդիպումների մասնակցել, օրինակ՝ Բեռլինում մասնակցեցի ռիսկի գնահատման անորոշությունների վերաբերյալ գիտաժողովին: Արդյունքում՝ ընդունվել եմ Յելի համալսարան՝ անտառագիտության և շրջակա միջավայրի գիտություններ մասնագիտությամբ, և ստացել կրթաթոշակ:
- Ինչո՞ւ եք ընտրել հենց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը:
- Մինչև Կենտրոնում սովորելն արդեն աշխատում էի ակադեմիայում, սակայն ունեի մասնագիտական գիտելիքների պակաս: Ցանկացա խորացնել գիտելիքներս և ընդունվեցի ԳԿՄԿ, իսկ ուսումնառության ընթացքում ծանոթացա այնպիսի մասնագետների հետ, որոնք կարևոր դերակատարություն ունեցան իմ մասնագիտական կյանքում: