Ստորագրվել է համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի համաձայնագիր
Սեպտեմբերի 19, 2017ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան այսուհետ կիրականացնեն հեռավար մագիստրոսական կրթություն՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (Կառավարում)» կրթական ծրագրով: Շրջանավարտներին կտրվի երկու հաստատությունների համատեղ դիպլոմ: Սա մագիստրոսական կրթություն ստանալու լավագույն հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ գործարար վարչարարության մասնագետ, հիմնել կամ զարգացնել սեփական բիզնեսը, սակայն դասերի հաճախելու ժամանակ կամ հնարավորություն չունեն:
Հայաստանում հեռավար ուսուցում իրականացնելու փորձ գրեթե չկա, բացառությամբ մի քանի կրթական հաստատությունների կողմից կազմակերպված կարճատև դասընթացների: Հետևաբար Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ և Կառավարման ակադեմիայի ու ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից համատեղ իրականացվող այս ծրագիրն աննախադեպ է մեր երկրում և հավակնում է դառնալու օրինակելի փորձ այլ բուհերի համար:
Սեպտեմբերի 14-ին «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի մեկնարկը տրվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի երկօրյա շնորհանդես-սեմինարով:
Կառավարման ակադեմիայի ռեկտորը Արսեն Լոքյանը շնորհակալություն հայտնեց Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ղեկավարներին, աշխատակազմին, դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր աշխատել են քրտնաջան, առարկայական ծրագրեր են կազմել կամ որևէ կերպ աջակցել են ծրագրի իրականացմանը:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը նույնպես շնորհավորեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հեռավար կրթության պարագայում ռիսկերն ավելի շատ են:
«Այսուհանդերձ, երկու ակադեմիաների մտավոր ներուժն ու տեխնոլոգիական հնարավորությունները մեզ թույլ են տալիս նման պատասխանատվություն ստանձնել,- ասաց նա:- Մեր՝ իրենց տեսակով եզակի կառույցները բարենպաստ միջավայր են ոչ միայն գիտելիքներ ստանալու, այլև մարդկային փոխհարաբերությունների ձևավորման տեսանկյունից: Համոզված եմ, որ ծրագրի բարեհաջող իրականացումը մեծապես պայմանավորված է դասախոսների գործունեությամբ»:
ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց ծրագրի այս փուլին բարեհաջող հասնելու առթիվ և մաղթեց է՛լ ավելի հաջող շարունակություն: Նա կարևորեց ծրագրի նշանակությունը ոչ միայն երկու ակադեմիաների համար, այլև ընդհանրապես բարձրագույն կրթության մատչելիության և հասանելիության առումով:
«Այս ծրագիրը կանաչ լույս է մյուս բուհերի համար, որոնք արդեն իսկ փորձում են որոշակի քայլեր անել հեռավար կրթություն իրականացնելու ուղղությամբ»,- ասաց տիկին Անդրեասյանը:
Այնուհետև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը ստորագրեցին համաձայնագիր համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի վերաբերյալ:
Ծրագիրը ներկայացրին ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը:
Նշվեց, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են՝ օրենսդրական դաշտում չունենալով հեռավար ուսուցման վերաբերյալ որևէ փաստաթուղթ: Իսկ այսօր արդեն «հեռավար ուսուցում» հասկացությունն ընդգրկված է Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նախագծերում: Այս ընթացքում երկու Ակադեմիաների դասախոսների կողմից 26 դասընթացի ծրագիր է մշակվել, իսկ ուսուցումն իրականացվելու է «Մուդլ» կրթական հարթակում: Ծրագրի նորարարություններից է համատեղ դիպլոմի շնորհումը:
«Այստեղ գործում է մի բանաձև, որը հակասում է մաթեմատիկայի կանոններին, որտեղ 1+1=1: Դա նշանակում է, որ երկուսը միավորվում են, և ստացվում է մեկ համատեղ արդյունք»,- ամփոփեց Արուսյակ Հարությունյանը:
Շնորհանդես-սեմինարը շարունակվեց Կառավարման ակադեմիայի՝ ծրագրի մասնակից դասախոսների կողմից մշակված դասընթացների ներկայացմամբ: Սեմինարի երկրորդ օրը մասնակիցները հանդիպեցին Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում, որտեղ իրենց մշակած հեռավար դասընթացները ներկայացրեցին ԳԿՄԿ դասախոսները: