Գլխավոր էջ





«Արևելագիտության ամբիոնի դասախոսների շնորհիվ հասկացա, որ գիտությունը կարող է նաև գրավիչ լինել», - ԳԿՄԿ շրջանավարտ Տիրուհի Բայբուրդյան

Օգոստոսի 29, 2024

Տիրուհի Բայբուրդյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2024 ուստարվա շրջանավարտներից է: Տիրուհու հետ զրուցեցինք ստացած մասնագիտական կրթության, իրականացրած հետազոտական աշխատանքի և Կենտրոնի ընձեռած հնարավորությունների մասին:

-Որտե՞ղ եք ստացել բակալավրի ձեր կրթությունը և ի՞նչ մասնագիտությամբ:

-Առաջին մասնագիտությամբ լրագրող եմ։ 2003-2008թթ․ սովորել եմ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում։ Ամուսնությունից հետո ունեցա մասնագիտական որոշակի դադար, այնուհետև աշխատանքս շարունակեցի լրագրության բաժնում՝ քաղաքական ուղղվածությամբ։ Աշխատել եմ տարբեր հեռուստաընկերություններում և լրատվական կայքերում։

-Ինչո՞ւ որոշեցիք մագիստրատուրան շարունակել հենց ԳԿՄԿ-ի «Արևելագիտություն» ամբիոնում:

-44 օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված բարդ ու հակասական իրավիճակը լուսաբանելը դարձել էր բավականին դժվար։ Փորձագետների կարծիքն ինձ համար բավարար չէր հասկանալու համար տարածաշրջանում կատարվող իրադարձությունները, ուստի որոշեցի, որ ինքս պետք է սովորեմ, բայց որտեղ և ինչ մասնագիտությամբ, դեռ չէի հստակեցրել։

Մայիս ամիսն էր, երբ եկա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա մի հրաշալի մասնագետի հետ հարցազրույց անցկացնելու, և այդ հարցազրույցը ճակատագրական դարձավ իմ ընտրության հարցում։ Հարցազրույցից անմիջապես հետո որոշեցի, որ անպայման պետք է սովորեմ հենց ՀՀ Գիտություններին ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում։

Ընկերներս ու ընտանիքիս անդամներն այդ որոշման մասին իմացան միայն ընդունվելուց հետո։ Շատերն ինձ խորհուրդ էին տալիս նոր գիտելիքի ձեռքբերման համար փնտրել այլ ուղիներ, քանի որ ակադեմիական կրթություն ստանալը երեխաների, ընտանիքի և աշխատանքի հետ միաժամանակ բարդ կլիներ, բայց ես արդեն որոշել էի, և որոշումս անբեկանելի էր։

-Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած կրթությունը նպաստել ձեր մասնագիտական աճին:

-Այսօր կարող եմ փաստել, որ ԳԿՄԿ-ում ուսանելն իմ կյանքի կարևոր որոշումներից էր։ Չնայած նրան, որ իմ առաջնային նպատակը նոր գիտելիք ստանալն էր այն լրագրությանը ծառայեցնելու համար, ստացվեց հակառակը՝ սիրահարվեցի իմ նոր մասնագիտությանը։ Արևելագիտության ամբիոնի դասախոսների շնորհիվ հասկացա, որ գիտությունը կարող է նաև գրավիչ լինել։

-Պետք է մի կարևոր բան շեշտեմ՝ ԳԿՄԿ-ն ուսանողակենտրոն կառույց է։ Այստեղ ձևավորված է հետաքրքիր և անմիջական մթնոլորտ, որը թույլ է տալիս բարձրաձայնել տարաբնույթ հարցեր, խնդիրներ, քննարկել դրանք, առաջարկել սեփական լուծումներն ու վստահ լինել, որ դրանք կլինեն լսելի։

-Թեմատիկ ի՞նչ ընդգրկում ունի Ձեր մագիստրոսական թեզը, և ո՞րն է ընտրված թեմայի կարևորությունը:

-Մագիստրոսական թեզի շրջանակներում անդրադարձել եմ Հարավային Կովկասում 11-18-րդ դարերի ընթացքում թյուրքական ցեղերի միգրացիային։ Որպես ժամանակագրական շրջանակ՝ մի կողմից ընտրվեց 11-րդ դարի կեսերից 18-րդ դարի վերջն ընկած պատմափուլը, որը պայմանավորված էր Սելջուկյան արշավանքների թյուրքական տարրի ներհոսքով, մյուս կողմից 18-րդ դարը՝ հաշվի առնելով արդեն 19–րդ դարի սկզբում տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը և դրանով պայմանավորված էթնոքաղաքական, էթնոդավանական պատկերի փոփոխությունը։

Շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ արդիական ու այս օրերի համար շատ կարևոր թեմա էինք ընտրել իմ գիտական ղեկավարի հետ: Թեզի շրջանակներում անդրադարձել ենք քսանից ավելի թյուրքական ցեղերի ծագման, տարածման, տեղաշարժի, տոպոնիմիկ հարցերին, ուսումնասիրել այն հարցը, թե ինչ չափով են վերջիններս իրենց հետքը թողել ադրբեջանցի ժողովուրդ-էթնոսի ձևավորման վրա։ Զուգահեռ անդրադարձել ենք խորհրդա-ադրբեջանական պատմագրության կեղծ թեզերին։ Բացի այդ, թեման ընդգծված կարևորություն ունի նաև հայագիտության տեսանկյունից, քանի որ ուսումնասիրվել է նաև հայկական աղբյուրներում «թյուրք» տարրի, նրանց տեղաշարժերի, թյուրքերի ընկալումների վերաբերյալ եղած հաղորդումները։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք:

-Ծրագրերն ու նպատակները շատ են։ Փորձում եմ դրանք քայլ առ քայլ իրագործել։ Նշեմ, որ սեպտեմբերից սովորելու եմ Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO), իսկ առաջիկայում նպատակ ունեմ շարունակել կրթությունս ասպիրանտուրայում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին