Գլխավոր էջ





«Այս հետազոտությունը կարող է ներդրում ունենալ ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման ճանապարհին», - ԳԿՄԿ շրջանավարտ Նարեկ Սահակյան

Հունիսի 20, 2023

«ԳԿՄԿ լավագույն ուսանող - 2022» Նարեկ Սահակյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբանության ամբիոնի մագիստրատուրայի 2022-2023 ուստարվա շրջանավարտներից է, ինչպես նաև ԳԿՄԿ ՈՒԳԸ նախագահը: Նարեկի հետ զրույցում անդրադարձել ենք Կենտրոնի ընձեռած հնարավորություններին, նրա գիտական հետաքրքության շրջանակին և այլ հարցերին:

-Նարե՛կ, մեր զրույցը սկսենք մասնագիտության և ԲՈՒՀ-ի ընտրության հարցով, ինչո՞ւ որոշեցիք ընդունվել հենց ԳԿՄԿ:


-Ընտրությունս կանգ առավ ԳԿՄԿ-ի վրա աշխատանքի բերումով: Ես աշխատում էի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) երկրաբանական թանգարանում։ Քանի որ առաջին մասնագիտությամբ աշխարհագետ եմ, ցանկանում էի ասպիրանտական կրթությունս շարունակել աշխարհագրության ուղղությամբ։ Սակայն տեսնելով ԵԳԻ գիտաշխատողների ինտենսիվ ու նվիրված աշխատանքը, որն անհրաժեշտ է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում, որոշեցի ուսումնասիրել երկրաբանությունը։ Այդ իսկ պատճառով ընդունվեցի ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի մագիստրատուրա:

-Ինչո՞ւ ընտրեցիք երկրաբանության հիդրոերկրաբանության և գեոթերմալ էներգիայի ուղղությունը:


-Իմ կարծիքով՝ ջուրը կյանք է: Այն մարդկային կենսագործունեության համար անհրաժեշտ գլխավոր ռեսուրսներից մեկն է, ինչպես օրինակ օդը: Իսկ ստորերկրյա ջրերը Հայաստանում և մի շարք այլ երկրներում խմելու ջրի հիմնական պաշարն են, բացի այդ դրանք գտնվելով երկրի ընդերքում՝ տաքանում են ընդերքի ջերմությունից: Իսկ այդ տաք հանքային ջրերը կարող են հիմք հանդիսանալ երկրաջերմային էներգիայի ստացման համար: Այս առումով Հայաստանը մեծ բաց ունի: Մենք վառելիքաէներգետիկ ռեսուրսները գրեթե ամբողջությամբ ներմուծում ենք այլ երկրներից: Բայց մենք կարող ենք էլեկտրաէներգիայի ստացման համար որպես ռեսուրս օգտագործել մեր տրամադրության տակ գտնվող ջերմահանքային ջրերը: Հենց այս բացը լրացնելու նպատակով էլ ընտրեցի այս ուղղությունը:

-Վերջերս գերազանց պաշտպանեցիք մագիստրոսական թեզը, թեմատիկ ի՞նչ ընդգրկում ունի այն և որքանո՞վ է այն արդիական:


-Թեզիս թեման վերաբերում էր ՀՀ Հրազդան գետի միջին հոսանքի ջրհավաք ավազանի ջերմահանքային ջրերի հիդրոքիմիական և գեոթերմոմետրիկ ուսումնասիրությանը՝ որպես վերականգնվող էներգիայի հեռանկարային աղբյուր:

Աշխատանքը կարևոր է այն առումով, որ անդրադառնում է ՀՀ մի փոքր տարածքի գեոթերմալ էներգիայի ռեսուրսների օգտագործման հնարավորությանը։ Իսկ գեոթերմալ էներգիան ներքին էներգետիկ ռեսուրս է էլեկտրաէներգիայի ստացման համար, որի կարիքն այսօր շատ ունի մեր երկիրը։

Սույն հետազոտության շրջանակներում մենք ուսումնասիրել և գնահատել ենք ուսումնասիրվող տարածքի 10 ջերմահանքային ջրերի հավասարակշռային առավելագույն ջերմաստիճանները, որոնք ջրերն ունեն ձևավորման պահին։ Ինչպես նաև ՀՀ տարածքի գեոթերմալ գրադիենտի փոփոխության հիման վրա հաշվարկվել են, թե ինչ խորությունների վրա ջրերն ունեն այդ ջերմաստիճանները։ Այսպիսով, այս հետազոտությունը կարող է ներդրում ունենալ ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման ճանապարհին։ Այս հետազոտության իրականացման հարցում ինձ շատ են աջակցել իմ գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ տնօրեն՝ ե.գ.դ. Խաչատուր Մելիքսեթյանը և ե.գ.թ. Հրաչ Շահինյանը:

-Որպես ԳԿՄԿ Ուսանողական գիտական ընկերության նախագահ՝ ի՞նչ նշանակություն ունի գիտությունը ձեր կյանքում:


-Կարծում եմ՝ գիտությամբ զբաղվելն առաջին հերթին սեփական հետաքրքրությունները բավարարելու միջոց է։ Ինձ համար գիտությունը ուղի է դեպի մարդկային էության ինքնակատարելագործում, որը հնարավորություն է տալիս մշտապես ստեղծել նորը, անընդհատ ուսումնասիրությունների հիման վրա կատարել նոր բացահայտումներ, ինչը և թույլ է տալիս մեզ շրջապատող աշխարհը դարձնել ավելի լավը, ավելի հարմարավետ ու կայուն մարդկության գոյության համար։

-Ինչքանո՞վ է այսօր երկրաբանների պահանջարկը մեծ, ինչպե՞ս է ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնը պատրաստում մրցունակ և որակյալ կադրեր:


-Պահանջարկն իրականում մեծ է, քանի որ այսօր երկրաբանների խիստ պակաս կա։ Կարծում եմ՝ երկրաբանների աշխատանքի կարիքը հատկապես երևում է հանքարդյունաբերության ոլորտում, սակայն մասնագետների պակասի պատճառով կամ այլ երկրներից են մասնագետներ հրավիրում, կամ էլ երկրաբանությանը հարակից ոլորտների մասնագետներն են փորձում կատարել երկրաբանների աշխատանքը։

Երկրաբանության մասնագետների պատրաստման գործում ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնն ունի մի շարք առավելություններ: Այստեղ դասավանդում են լավագույն գիտնականները, ովքեր երկրաբանության ոլորտի լավագույն մասնագետներից են հանրապետությունում։ ԵԳԻ-ն նաև կազմակերպում է դաշտային աշխատանքներ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի ուսանողների համար, ինչն էլ նպաստում է ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդմանը։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ուսանողները ներգրավվում են ԵԳԻ լաբորատորիաներում իրականացվող հետազոտություններում և իրենց մագիստրոսական թեզերի հետազոտության համար կարող են ընտրել այնպիսի թեմաներ, որոնք ուսումնասիրվում են ԵԳԻ տարբեր լաբորատորիաներում, այսպիսով հնարավորություն ունենալով մասնակցելու լաբորատոր աշխատանքներին:

-Ի՞նչ դեր է ունեցել ԳԿՄԿ-ն ձեր՝ որպես անհատի կայացման գործում:


-ԳԿՄԿ-ն առաջին հերթին ինձ տվել է նոր շրջապատ ու ընկերներ, ինչպես նաև իմ առջև բացել է նորանոր դռներ։ ԳԿՄԿ-ն մեծ հնարավորություններ է ընձեռում յուրաքանչյուրիս համար, պարզապես պետք է ուսանողները ցանկություն և կամք դրսևորեն օգտվելու այդ հնարավորություններից։ Օրինակ, 2022 թվականին ես դարձա ԳԿՄԿ լավագույն ուսանող իմ գիտական-կրթական նվաճումների շնորհիվ։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք:


Քանի որ արդեն պաշտպանել եմ մագիստրոսական թեզը, նպատակ ունեմ ընդունվել ասպիրանտուրա՝ կրկին երկրաբանության մասնագիտությամբ։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին