Erasmus+ հետազոտական պրակտիկա․ Վահե Աթոյան, Նորվեգիայի արկտիկական համալսարան
Հոկտեմբերի 29, 2025
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2025 թվականի գերազանց շրջանավարտ Վահե Աթոյանը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին Erasmus+ ծրագրի շրջանակներում կրկնակի հնարավորություն է ունեցել հետազոտական պրակտիկա անցնելու Նորվեգիայի արկտիկական համալսարանում (UiT)։
«ՀՀ ԿԳՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված 22IRF-10 «Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանում. բույսերի կենսաբազմազանության ուսումնասիրության ամբողջական մոտեցում» թեմային կից Erasmus+ ծրագրի շրջանակներում Նորվեգիայի արկտիկական համալսարանի (UiT) Կլիմայի լաբորատորիայում նա մասնակցել է բույսերի սթրեսի կայունությունը բարձրացնելուն ուղղված համատեղ հետազոտություններին:
Հարցազրույցում Վահեն պատմում է իր միջազգային պրակտիկայի մասին։
– Վահե՛, ինչու՞ որոշեցիր մասնակցել շարժունության ծրագրին։
– Ծանոթանալով ծրագրի բովանդակությանը՝ շատ հետաքրքրվեցի, քանի որ այն ներառում էր մասնագիտական ոլորտում կարևոր և արդիական կիրառական մեթոդների ուսումնասիրություն։ Բացի այդ՝ ծրագիրը հնարավորություն էր տալիս ծանոթանալու նոր երկրի, նոր մշակույթի և ճանապարհորդելու։ Առանձնահատուկ հետաքրքրեց ինձ համալսարանի արկտիկ տեղակայումը, քանի որ ինքս սիրով եմ կապվում ցուրտ կլիմայի հետ։
– Ի՞նչ տարար քեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։
– Մագիստրատուրայում ստացածս մասնագիտական հիմնարար գիտելիքները ինձ շատ օգնեցին՝ արագ հարմարվելու նոր լաբորատորիայում պրակտիկ աշխատանքներին։ Հուսով եմ, որ նաև իմ աշխատասիրությունը, թիմում աշխատելու կարողությունը և արագ սովորելու ունակությունը լավ տպավորություն թողեցին, ինչն, իմ կարծիքով, նպաստեց երկրորդ այցիս հնարավորությանը։
– Ի՞նչ ստացար հյուրընկալած համալսարանում։
– Հյուրընկալած համալսարանում ստացա մասնագիտական կարևոր պրակտիկ հմտություններ, նոր ընկերներ, առավել լայն աշխարհայացք, ղեկավարներ և կոլեգաներ, որոնց հետ մինչ այժմ պահպանվում է կապը, և, իհարկե, արկտիկ շրջանում ապրելու բացառիկ փորձ։ Սովորեցի տիրապետել նորագույն ոչ դեստրուկտիվ սկանավորման մեթոդներին, ինչպես նաև բարելավեցի լաբորատոր աշխատանքի հմտություններս։ Սովորեցի կազմակերպել և իրականացնել ծավալուն հետազոտական աշխատանք, կատարել տվյալների հավաք և նախնական վերլուծություն։ Պրակտիկայի ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալու մի շարք ժամանակակից լաբորատոր և վերլուծական մեթոդների և գործնականորեն կիրառելու դրանք։ Կատարեցի ԴՆԹ-ի անջատում, PCR և բարկոդինգ՝ բուսական նմուշների մոլեկուլային նույնականացման նպատակով։ Բացի մոլեկուլային մեթոդներից` աշխատեցի հիպերսպեկտրալ տեսախցիկներով և PlantEye 3D լազերային–մուլտիսպեկտրալ սկաներով՝ բույսերի կառուցվածքային և ֆիզիոլոգիական ցուցանիշները ուսումնասիրելու համար։ Այս փորձառությունը թույլ տվեց ոչ միայն ամրապնդել տեսական գիտելիքներս, այլև ձեռք բերել գործնական հմտություններ` տվյալների հավաքագրման, մշակման և արդյունքների վերլուծության ոլորտում։
– Ո՞րն է մագիստրոսական թեզիդ վերնագիրը, և ի՞նչ նշանակություն ունեցավ Նորվեգիա մեկնելդ մագիստրոսական թեզիդ պատրաստման հարցում։
– Մագիստրոսական թեզիս վերնագիրն է՝ «Հիպերսպեկտրալ պատկերման հնարավորությունների ընդլայնումը հայկական Vaccinium տեսակների նույնականացման համար»: Թեզիս հիմնական փորձարարական մասն իրականացրի Նորվեգիայում, իսկ տվյալների վերլուծությունն ու թեզիս շարադրումը՝ Հայաստան վերադառնալով։
– Համեմատեմատի՛ր քեզ Erasmus+ ծրագրին մասնակցելուց առաջ և հետո։
– Erasmus+ ծրագրին մասնակցելուց հետո ձեռք բերեցի լուրջ պրակտիկ փորձ՝ լաբորատորիայում աշխատելու և ինքնուրույն գործելու։ Բացի այդ՝ փոխվեց իմ հետաքրքրությունը որոշ խիստ մասնագիտական ենթաբաղադրիչների հանդեպ։ Մասնագիտական աճի հետ մեկտեղ դարձա ավելի ինքնուրույն և ազատ շփվող։
– Ինչպե՞ս քեզ տրվեց Erasmus+ ծրագրին կրկնակի մասնակցելու հնարավորություն՝ նույն բուհում հյուրընկալվելու հանգամանքով։
– Առաջին այցի ժամանակ արդեն դարձել էի լաբորատորիայի լիարժեք անդամ՝ թե՛ աշխատանքի կատարման, թե՛ անձնակազմի հետ հաղորդակցության առումով։ Այդ պատճառով առաջացավ ցանկություն՝ ավարտական աշխատանքս իրականացնելու հենց այդ լաբորատորիայում, և ես որոշեցի Erasmus+ ծրագրին դիմել նաև հաջորդ կիսամյակի համար։
– Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերին մասնակից դառնալը։
– Գիտական ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար, իմ կարծիքով, շարժունության ծրագրերին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ դա հնարավորություն է տալիս ձեռք բերելու փորձ, ծանոթանալու միջազգային գիտական միջավայրին և հետագայում մասնակցելու համատեղ նախագծերի և հետազոտությունների իրականացմանը։
– Որքանո՞վ ես գոհ այս ծրագրին քո մասնակցությունից։
– Շատ գոհ եմ թե՛ ծրագրից, թե՛ միջավայրից։ Հայտս լրացնելու պահից մինչ ծրագրի ավարտը ինձ տրվեց պատրաստակամ աջակցություն՝ ղեկավարներիս, ԳԿՄԿ-ի և հյուրընկալող համալսարանի (UiT) կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ։
– Դու արդեն ԳԿՄԿ շրջանավարտ ես, գերազանցության դիպլոմով շրջանավարտ։ Ինչպե՞ս և որտե՞ղ ես պատրաստվում կիրառել ԳԿՄԿ-ում և Նորվեգիայում ստացածդ մասնագիտական գիտելիքն ու փորձը։
– Պլանավորում եմ մնալ գիտության ոլորտում և դրանք կիրառել Հայաստանում, անհրաժեշտության դեպքում՝ մասնակցել միջազգային համատեղ գիտական ծրագրերի։
– Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս ուսանողներին, որ դեռ չեն մասնակցել կամ չեն կողմնորոշվում՝ մասնակցե՞լ նման ծրագրերի, թե՞ ոչ։
– Այլ ուսանողներին միանշանակ խորհուրդ կտամ մասնակցել նման ծրագրերի, քանի որ դրանք հրաշալի հնարավորություն են՝ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, նոր ծանոթություններ հաստատելու և ճանապարհորդելու համար։ Խորհուրդ կտամ նաև բարելավել անգլերենի գիտելիքները և համարձակորեն դիմել միջազգային շարժունության ծրագրերին։
Կից տեսանյութում՝ դրվագներ Վահեի նորվեգական պրակտիկայից, որում արտացոլված է անտառային գետնամորու՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դրսևորած հակազդեցության լաբորատոր հետազոտման շարքը՝ տարբեր մեթոդների կիրառմամբ։
Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի
և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը

