Գլխավոր էջ





«ԵՄ-ն՝ երկխոսության համար» դրամաշնորհի շրջանակում «Մասնագիտական և փափուկ հմտությունների զարգացում տեղահանված հայերի համար» թեմայով դասընթաց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ -ում

Դեկտեմբերի 26, 2024

Եվրամիության «ԵՄ-ն՝ երկխոսության համար» դրամաշնորհի շրջանակում տրամադրված ֆինանսավորմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Օտար լեզուների ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Գոհար Գրիգորյանի, դասախոսներ Լիլիթ Մանվելյանի և Կարոլինա Սահակյանի, ս/թ դեկտեմբերի 6-ից 9-ը կազմակերպել և հաջողությամբ իրականացրել է նորարարական ուսումնական դասընթաց՝ «Մասնագիտական և փափուկ հմտությունների զարգացում տեղահանված հայերի համար» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին Հադրութից, Ստեփանակերտից, Մարտակերտից, Արծվաշենից, Քաշաթաղից, Շուշիից և Արցախի Հանրապետության այլ շրջաններից տեղահանված 16-ից 29 տարեկան  13 երիտասարդներ և 4 կամավորներ։ Մեր օրերում, երբ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, մասնագիտական գիտելիքներից զատ, անհրաժեշտ են փափուկ հմտություններ, նման դասընթացները լրացնում են այդ բացը և երիտասարդներին նոր կյանք կառուցելու, աշխատաշուկայում ինտեգրվելու և իրենց համայնքում արժեքավոր ներդրում ունենալու հնարավորություն են ընձեռում։


Բացման արարողությանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Ա․ Սարգսյանը, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ե․ Զարգարյանը և դեկան Ա․ Մխիթարյանը։ Իր խոսքում տնօրեն Ա․ Սարգսյանը նշեց, որ նախագիծը նպաստում է տեղահանված արցախցիների փափուկ հմտությունների զարգացմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը՝ իրենց կյանքը վերակառուցելու և անձնական ու մասնագիտական ոլորտներում հաջողության հասնելու համար։ Տնօրենը հատկապես ողջունեց Ավստրիայից ժամանած պրոֆեսոր Բոհմին՝ բարձրակարգ մասնագետի, որի փորձը հակամարտության շրջաններում համայնքների հետ աշխատելու գործում մեծ արժեք է բերում այս նախաձեռնությանը։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց նաև ծրագրի ղեկավարին և համակարգողներին քրտնաջան աշխատանքի ու հաստատակամության համար, որոնք դարձան այս ծրագրի հաջողության հիմնասյունը։


Դասընթացը վարում էր Արևելյան Ավստրիայի համալսարանի պրոֆեսոր և մանկավարժության ոլորտի ճանաչված ու փորձառու մասնագետ Յան Բոհմը։ Քառօրյա վերապատրաստաման ընթացքում նա մասնակիցներին ներկայացրեց մասնագիտական և փափուկ հետևյալ հմտությունները՝


  • Կարիերայի զարգացում,
  • Խնդիրների լուծում և վերլուծական մտածողություն,
  • Ժամանակի կառավարում և նպատակների առաջադրում,
  • Հաղորդակցության կարողություններ,
  • Հնարավորությունների ընդլայնում՝ տևական կայունության համար։


Դասախոսությունների և գործնական առաջադրանքների միջոցով մասնակիցները ձեռք բերեցին աշխատանքային ինքնակենսագրություն կազմելու, աշխատանք փնտրելու և հարցազրույցների մասնակցելու, ինչպես նաև հանրային ելույթներ ունենալու, էլեկտրոնային նամակագրության և հաղորդակցման, ժամանակը արդյունավետ կառավարելու հմտություններ, սովորեցին նաև մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործնական մեթոդներ, զարգացրին խնդիրների առաջնահերթության և իրագործելի նպատակների սահմանման կարողություններ։


Դեկտեմբերի 9-ին ծրագրի մասնակիցներն ունեցան հիշարժան պահեր «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանում, որտեղ շրջայցից հետո նրանց սպասվում էր գինու համտես և հյուրասիրություն։


Դեկտեմբերի 10-ի մշակութային օրվա շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. եղան Մայր տաճարում, Ռուբեն Սևակի թանգարանում և ծանոթացան թանգարանի հազվագյուտ նմուշներին։


Ծրագրի փակումը տեղի ունեցավ Վաղարշապատի համայնքապետարանի՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատում, որտեղ մասնակիցներին դիմավորեց պալատի տնօրեն, ԳԿՄԿ Օտար լեզուների ամբիոնի դասախոս Հասմիկ Ադամյանը։ Հյուրընկալ մթնոլորտում, նվագախմբի բազմաժանր կատարումների ուղեկցությամբ տեղի ունեցավ վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։


Ծրագրի իրագործմանը նպաստեցին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, DAAD Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակը, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը, «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանը և Վաղարշապատի համայնքապետարանի՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատը։