AFISHE ծրագրի մասնակիցների առցանց հանդիպում արտաքին գնահատման նպատակով
Հուլիսի 24, 2024Ս.թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մասնակիցների առցանց հանդիպում, որին հեռավար ձևաչափով մասնակցում էին շուրջ 20 ներկայացուցիչ գործընկեր հաստատություններից:
Առցանց հանդիպման նպատակն էր իրականացնել AFISHE ծրագրի ընթացիկ արտաքին գնահատում, որը, մասնավորապես, ուղղված էր պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային վերապատրաստման դասընթացի մասնակցության շրջանակներում բովանդակային, կազմակերպչական հարցերի և ուսումնական մոդուլների վերաբերյալ գոհունակության վերհանմանը: Արտաքին գնահատումը նախաձեռնել էր «Կոմպասս հետազոտական, ուսուցողական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, AFISHE ծրագրի անկախ աուդիտոր, տ.գ.թ., դոցենտ Ղարիբ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում մասնակիցների հետ ինչպես բացահայտելու նրանց տպավորություններն ու կարծիքները միջազգային վերապատրաստման դասընթացների վերաբերյալ, այնպես էլ գույքագրելու բարելավման առաջարկներ վերապատրաստումների հետագա արդյունավետության բարձրացման նպատակով: Գրեթե բոլոր մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա), Պորտոյի համալսարանում, (Պորտուգալիա), Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում (ք.Նիտրա) մասնակցած երկշաբաթյա վերապատրաստումների ուսումնական նյութերի հագեցվածության, վերապատրաստող մասնագետների փորձառության և պատրաստակամության, մատուցման մատչելիության և ընտրված մեթոդների արդյունավետության, տեսական և գործնական պարապմունքների, ինչը նպաստեց հետագայում ուսումնական մոդուլների մշակման կատարելագործմանը: Ընդգծվեց, որ վերապատրաստման ընթացքում մասնակիցների համար կազմակերպված այցելությունները ձկնային տնտեսության տարբեր լաբորատորիաներ թույլ տվեցին ընդհանուր պատկերացում կազմել ձկնաբուծության ճարտարագիտության վերաբերյալ: Կարևորվեց նաև վերապատրաստումների ընթացքում միջազգային համագործակցության և մասնակիցների միջև առաջավոր փորձի փոխանակման հարթակի ստեղծումը, որը հնարավորություն տվեց հետագայում էլ շարունակել սերտ կապը միջազգային փորձագետների հետ և հընթացս քննարկել ու ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն ծագող հարցերի վերաբերյալ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մասնակիցների միջև կազմակերպել պարբերաբար հանդիպումներ, ծանոթացնել միմյանց մշակված ուսումնական մոդուլների բովանդակությանը, ինչը հնարավորություն կտա բոլոր դասախոսներին ընդգրկուն և ամբողջական պատկերացում կազմել ձկնաբուծության մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում դասավանդվող առարկաների և բովանդակության վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին