ԳԿՄԿ «Ավիատիեզերական սարքաշինություն» կրթական ծրագրի առաջին սերնդի շրջանավարտներն ստացան իրենց դիպլոմները
Հուլիսի 14, 2025
Ս․թ․ հուլիսի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն էր։ «Ավիատիեզերական սարքաշինություն» կրթական ծրագիրը թողարկեց իր առաջին սերնդի մագիստրոսներին։
Դիպլոմները հանձնելուն նախորդեց ԳԿՄԿ ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոնի վարիչ Անդրանիկ Աղաջանյանի՝ կրթական ծրագրի անցած ուղին ներկայացնող ելույթը։ Նշվեց, որ Ինժեներական քաղաքում տեղակայված ամբիոնի և կրթական ծրագրի բացումը եղել է համարձակ քայլ, բայց այն հաջողության է արժանացել՝ շնորհիվ ԳԿՄԿ-ի որդեգրած գիտակրթական քաղաքականության, Ինժեներական քաղաքի ընձեռած գործնական արդյունավետ դաշտի, պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժության և մեծ նվիրումի, գործընկեր կազմակերպությունների, ինչը թույլ է տալիս ասել, որ ծրագրի մեկնարկի հաջողությունը համահայկական բնույթի է եղել։
Ա․Աղաջանյանի ելույթում տեղ էին գտել «Ավիատիեզերական սարքաշինություն» կրթական ծրագրի կազմակերպման մեթոդական լուծումները, կազմակերպված և մասնակցած միջոցառումները, ուսանողների գրանցած հաջողությունները, որոնց թիվը և կշիռը կհամապատասխաներ երկարամյա փորձ ունեցող կայացած կրթական ծրագրերին։ Հաջողությունների շարքում նշվեց նաև ծրագրի մագիստրանտ Վրույր Գրիգորյանի հաղթանակը «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական մրցույթում։ Ուշագրավ է, որ կրթական ծրագրի առաջին սերունդը իր մագիստրանտական ուղին եզրափակեց թիմային հաղթանակով՝ գրանցված ԳԿՄԿ-ում հայտարարված «Ընտրի՛ր իմ կրթական ծրագիրը» խորագրով տեսանյութերի ստեղծման ներքին մրցույթում, ինչը նույնպես տեղ էր գտել Ա․Աղաջանյանի պատմական ակնարկում։ Ա․Աղաջանյանի հետահայաց ելույթին հաջորդեց շնորհավորանքի խոսքը՝ ուղղված իր սաներին։ Դրանում ընդգծված էր վստահությունը, որ թողարկվածը ոչ միայն մասնագիտական հիմնավոր գիտելիքներով, այլև մարդկային և ազգային բարձր արժեքներով զինված սերունդ է։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը՝ մասնավորապես նշելով․ «Ինժեներական քաղաքում նման կրթական ծրագիր բացելու նպատակը եղել է ԳԱԱ-ի հարուստ փորձն ու ներուժը, ֆունդամենտալ գիտությունը արդյունաբերության հետ միավորելը՝ հաշվի առնելով նաև Ինժեներական քաղաքի հնարավորությունները։ Այն, որ դուք այսօր ամբիոնի առաջին շրջանավարտներն եք, շատ ոգևորիչ և ձեզ համար շատ պարտավորեցնող պիտի լինի, որովհետև ԳԱԱ-ն մեր ազգային արժեքն է, և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, լինելով ԳԱԱ կառույցներից մեկը, ԳԱԱ-ի արժեքների կրողն է։ Հուսով եմ, որ դուք պատվով կկրեք ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրոս լինելու կոչումը։ Ոլորտը, որը դուք եք ընտրել, մեր երկրի համար գերակա նշանակություն ունի, ուստի շատ կարևոր է այնտեղ կատարած ձեր յուրաքանչյուր քայլը։ Վստա՛հ եղեք, որ ԳԿՄԿ-ն միշտ կանգնած է ձեր կողքին, ձեր նորարարական, ինժեներական մտքի զարգացմանն ուղղված գաղափարների կողքին։ Ձեր գիտելիքները մշտապես ծառայեցրե՛ք մեր երկրին՝ նպաստելով նրա զարգացմանը»։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց նաև նոր կրթական ծրագրում դասավանդած պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր ներկայացուցիչներին՝ ամբիոնի վարիչ Ա․ Աղաջանյանի գլխավորությամբ՝ իրենց գիտելիքն ու փորձը մեծ նվիրումով փոխանցելու և նոր կրթական ծրագրի կայացմանը նպաստելու համար։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը՝ իր խոսքում նշելով․ «Ուրախալի է, որ երկու տարի առաջ սերմանվածը այսօր ցանկալի արդյունք է տվել։ Հանձինս ձեզ՝ ունենք այս շատ պահանջարկված ոլորտի առաջավոր մասնագետներ, ոլորտի առաջամարտիկներ։ Հուսով ենք, դուք կշարունակեք ձեր գիտական ուղին նաև ասպիրանտական մակարդակում՝ ավելի մեծ քայլերով առաջ գնալով այս կարևոր ոլորտում»։
Ելույթ ունեցավ նաև ամբիոնի համակարգող Նինա Հակոբյանը՝ իր շնորհավորանքի խոսքում ընդգծելով ուսանողների դերը հաջող արդյունքի հասնելու հարցում։
Դիպլոմների հանձնմանը հաջորդեց նորընծա մագիստրոսների երախտագիտության խոսքը՝ ուղղված իրենց դասախոսներին, ամբիոնի վարիչին, ԳԿՄԿ-ի տնօրենությանը և իրենց հետ աշխատանք տարած ԳԿՄԿ բոլոր աշխատակիցներին։
Միանալով կուրսի ավագ Վրույր Գրիգորյանին՝ Ավիատիեզերական սարքաշինության մագիստրոսների առաջին սերնդին մաղթենք «Բարի թռիչք»։
Ավելի շատ լուսանկարներ՝ «Պատկերասրահ․ Դիպլոմների հանդիսավոր հանձնում 2025» բաժնում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին