Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ-ում կայացավ հայոց լեզվին և գրականությանը նվիրված համահայկական գիտաժողովը

Ապրիլի 30, 2025

Սույն թվականի ապրիլի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում կայացավ «Հայոց լեզու և հայ գրականություն զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության), ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ), ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մ․Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից։

Միջոցառումն ունեցավ բացման-ողջույնի և զեկուցումների մասեր։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ-ի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ներկայացուցիչները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը, մասնավորապես, նշեց «Աշխարհի բոլոր գիտությունները հայոց լեզվով են դառնում հայաշունչ և հայահունչ։ Մեր լեզուն հետաքրքիր ու հարուստ է։ Բայց կյանքը, հասարակական զարգացումները նրա առաջ ևս դնում են խնդիրներ՝ ի մասնավորի՝ հնարավորինս հղկել, զարգացնել հայերենով ուսուցման լեզուն ու գտնել բարդ գիտությունը յուրաքանչյուր անհատի հնարավորություններին ու ընդունակություններին համապատասխան ձևով, այսինքն՝ հանրամատչելի ներկայացնելու ուղիներ։ Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլև, նախ և առաջ, ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային, հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք, որը պետք է դրված լինի պետական չափորոշչի հիմքում և ՀՀ հանրակրթական դպրոցում ուսուցանվի այդ ելակետով ու հիմունքով։ Եվ գրականությունն է բարոյականության ամենամեծ ուսուցիչը, առանց որի՝ պետական ու քաղաքակրթական ոչ մի զարգացում տեղի ունենալ չի կարող»։

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր խոսքում ընդգծեց․ «Դուք պատիվ ունեք և մեծ պատասխանատվություն դասավանդելու և՛ հայոց լեզու, և՛ հայ գրականություն, ինչը չափազանց ազգանվեր աշխատանք է և ինքնությունը հավիտենությունով պայմանավորող գլխավոր գործոնը։ Ակադեմիայի այս նախաձեռնությունը շատ ողջունելի է, որովհետև որպեսզի դուք կարողանաք բարձր որակով մատուցել հայոց լեզուն և հայ գրակունությունը երիտասարդ սերնդին, աշակերտությանը և ոչ միայն, պիտի տիրապետեք գիտության վերջին նվաճումներին, և այս առումով՝ կապը Ակադեմիայի հետ չափազանց կարևոր է»։

ՀՀ  ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ, «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի պատասխանատու քարտուղար Նարինե Վարդանյանը նշեց․ «Արդեն երկրորդ տարին է, որ Գիտակրթական միջազգային կենտրոնը գիտության հանրայնացման այս նախաձեռնության համակազմակերպիչն է, և մեծ սիրով ու պատվով է ստանձնում այս պարտավորվածությունը, որովհետև լինելով մագիստրոսական և ասպիրանտական կրթության կազմակերպիչներից մեկը Հայաստանի Հանրապետությունում՝ մենք մեծապես կարևորում ենք գիտության հանրայնացման դերը հասարակության մեջ։

Շատ կուզենանք, որ դպրոցներում «Գիտության աշխարհում» հանդեսը կարողանա տարածում գտնել նաև ձեր միջոցով, և, ինչու չէ, նաև մեծ ակնկալիք ունենք ձեզ տեսնելու «Գիտության աշխարհում» հանդեսի ապագա հեղինակների կազմում»։

Գիտաժողովի բուն հատվածում հնչեց 16 զեկուցում՝ հայոց լեզվի և գրականության մասնագետների կողմից՝ ուսուցչի, դասախոսի, հետազոտող-գիտնականի փորձառություն ունեցող։ Նրանց շարքում զեկուցումներ ներկայացրին նաև ՀՀ տարբեր բուհերի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչներ, ինչպես նաև՝ ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բ․գ․դ, պրոֆ․ Վ․ Կատվալյանը։ Վերջինս ներկայացրեց Լեզվի ինստիտուտում տարվող աշխատանքների և իր լեզվաբանական մտահոգությունների համապատկերը։

Զեկուցումների առանցքում հայոց լեզվի և գրականության դասավանդման և հանրահռչակման հիմնախնդիրներն էին։ Մասնագետներից յուրաքանչյուրը գիտաժողով էր բերել իր մասնագիտական փորձը, որ դարձավ լսարանի ակտիվ և կառուցողական քննարկման առարկա։ Ուշագրավ էր, որ ուսուցչուհի Աստղիկ Մխիթարյանը ներկայացավ ոչ թե իր, այլ Եղիշե Չարենցի մանկավարժական-մեթոդական հայացքների մասին զեկուցմամբ։ Իսկ գրականագետ, բ․գ․թ․ Աբգար Ափինյանը հրապարակ բերեց արդի հայ գրականության լեզվի բացասական և դրական կողմերը՝ կատարելով նաև որոշ բովանդակային անդրադարձներ։

Գիտաժողովին զեկուցումներով մասնակցություն ունեցան նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի երկու աշխատակիցներ՝ բ․գ․թ․, դոցենտ Նարինե Վարդանյանը և բ․գ․թ․, դոցենտ Հեղինե Մելքոնյանը։ Նարինե Վարդանյանը, ԵՊՀ դոցենտ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանի հետ համահեղինակությամբ, անդրադարձավ անգլախոս դիվանագիտական միջավայրում հայերենի ուսուցման մարտահրավերներին՝ արհեստական բանակության հնարավորությունների կիրառմամբ։ Իսկ Հեղինե Մելքոնյանը գիտաժողով էր բերել աուդիոգիրք ստեղծելու եղանակով հայոց լեզու և գրականություն դասավանդելու և հանրայնացնելու մասին իր հեղինակած մեթոդը՝ կիրառության իր փորձով։

Համահայկական գիտաժողովը, որին, զեկուցում ունեցողներից զատ, ներկա էին նաև մասնագետ և ոչ մասնագետ հյուրեր, անցավ և ամփոփվեց ակտիվ ու կառուցողական քննարկումների միջավայրում՝ լիովին հասնելով դրված նպատակին։ Կ․Աթայանի իրազեկմամբ՝ հնչած առաջարկությունները գրավոր կերպով կհավաքագրվեն, կքննարկվեն և կփոխանցվեն դրանցով զբաղվող կառույցներին։

 

Գիտաժողովի ծրագիրը հասանելի է այստեղ․



ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին