Գլխավոր էջ





Կայացավ ԳԿՄԿ ՈՒԳԸ-ի կազմակերպած ուսանողական հանրապետական գիտաժողովը

Մայիսի 2, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) ապրիլի 29-ին կայացավ «Գիտակրթական ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողովը, որ կազմակերպվել էր ԳԿՄԿ ՈՒԳԸ-ի կողմից:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԳԿՄԿ տնօրեն, տ.գ.թ. Արմեն Սարգսյանը և ԳԿՄԿ դեկան, ֆիզմաթ. գ.թ., դոցենտ Ատոմ Մխիթարյանը։

Ջերմորեն ողջունելով գիտաժողովականներին և արդյունավետ ընթացք մաղթելով գիտաժողովին՝ տնօրեն Ա.Սարգսյանն ընդգծեց. «Այս գիտաժողովի նպատակն է՝ միավորել մեր ակտիվ երիտասարդ հետազոտողներին, խրախուսել նրանց առաջին քայլերը գիտության մեջ և ստեղծել հարթակ, որտեղ կարող են ծնվել նորարարական գաղափարներ և համագործակցություններ:

Ուրախ եմ ընդգծելու, որ այս միջոցառումը տալիս է լավ հնարավորություն ուսանողներին՝ ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները, կիսվելու հետազոտական արդյունքներով և կատարելագործելու իրենց գիտական հմտությունները:

Գիտաժողովը ընդգրկում է գիտության բազմաթիվ ոլորտներ՝ ֆիզիկայից ու մաթեմատիկայից մինչև պատմություն, իրավունք և բնապահպանություն։ Սա մեր գիտաժողովին տալիս է լայն տեսանկյուն, մի հարթակ, որտեղ տարբեր գիտաճյուղերի ներկայացուցիչները կարող են զրուցել, գաղափարներ փոխանակել և,  ինչու չէ, նոր համագործակցություններ ստեղծել»:

Դեկան Ա. Մխիթարյանը խրախուսական խոսք ասաց գիտության բնագավառում իրենց առաջին քայլերը կատարող մասնակիցներին։ Նրա խոսքով՝ գիտաժողովի նպատակն է՝ անդրադառնալ գիտակրթական ոլորտի մարտահրավերներին, ինչպես նաև իրականացված հետազոտությունների միջոցով նախանշել դրանց լուծման հնարավորությունները։

Գիտաժողովականներին ողջունեցին նաև ԳԿՄԿ ՈՒԳԸ նախագահ Հռիփսիմե Խաչատրյանը և ՈՒԳԸ փոխնախագահ Լուսինե Մխիթարյանը:

Գիտաժողովն անցկացվեց հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց):

Մասնակիցները ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Հայկական բժշկական ինստիտուտը, Հայաստանի եվրոպական համալսարանը, Արարատի պետական բժշկական քոլեջը և ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

Գիտաժողովն ուներ 4 բաժանմունք՝ «Բնագիտություն», «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ», «Հոգեբանություն և մանկավարժություն», «Պատմություն և արևելագիտություն»: Ներկայացվեց 20 զեկուցում՝  ծրագրում ընդգրկված երաշխավորման փուլը հաղթահարած լինելու արդյունքում:

«Բնագիտություն» բաժանմունքը նախագահեց ԳԿՄԿ Դեղագիտության բաժնի շրջանավարտ, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Անահիտ Սաքեյանը, «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» բաժանմունքը՝ ԳԿՄԿ իրավախորհրդատու, իրավաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Խառատյանը, «Հոգեբանություն և մանկավարժություն» բաժանմունքը՝ ԳԿՄԿ դեկան, ԳԿՄԿ մանկավարժության ամբիոնի դոցենտ Ատոմ Մխիթարյանը, իսկ «Պատմություն և արևելագիտություն» բաժանմունքը՝ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ, պ. գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը:

Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր: Առաջիկայում նախատեսվում է էլեկտրոնային ժողովածուով հրապարակել բոլոր զեկուցումները:

Ամփոփելով ուսանողական գիտաժողովի արդյունքների մասին իր կարծիքը՝ ԳԿՄԿ դեկան Ա. Մխիթարյանը նշեց, որ մեկ տարի տևած կազմակերպական աշխատանքների արդյունքում կայացած այս գիտական իրադարձությունը կարևոր է ԳԿՄԿ-ի պատմության մեջ այնքանով, որ այն Կենտրոնի ՈՒԳԸ-ի ինքնուրույնության, ինքնավարության և կազմակերպչական հաջողության փաստի արձանագրումն է, իսկ դա նշանակում է, որ ԳԿՄԿ-ն՝ ի դեմս գիտաժողովը կազմակերպած ուսանողների, թողարկում է ոչ միայն մասնագիտական մրցունակ գիտելիք և գիտահետազոտական որակներ ունեցող մագիստրոսներ, այլև գիտության ոլորտի հաջողած կազմակերպիչներ:

Իսկ ՈՒԳԸ անդամները կայացած գիտաժողովի հաջողությունը պայմանավորում են իրենց թիմային աշխատանքով և ԳԿՄԿ տնօրենության, հատկապես՝ դեկանի, խորհրդատվական աջակցությամբ։

 

Գիտաժողովի ծրագիրը հասանելի է այստեղ.

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին