Գլխավոր էջ





«AFISHE» ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Պորտոյի համալսարանում

Դեկտեմբերի 4, 2024

Ս/թ դեկտեմբերի 2-5-ը Պորտոյի համալսարանում (Պորտուգալիա) ընթանում է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցում են ծրագրի համակարգող հաստատությունների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, աֆիլացված գործընկեր ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Դուբրովնիկի համալսարանի, Պորտոյի համալսարանի, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի, Սումիի ազգային ագրարային համալսարանի և Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի աշխատանքային խմբի անդամները:


Հանդիպման օրակարգում ծրագրի ավարտական տարվա աշխատանքների պլանավորումն է ու քննարկումը:


Ըստ օրակարգի՝ ծրագրի աշխատանքային փաթեթների պատասխանատուները ներկայացրին ծրագրի գործունեության 2 տարվա ընթացում բուհերի կողմից կատարված աշխատանքները, իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ավարտված և ընթացիկ գործողությունները:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց չորրորդ աշխատանքային փաթեթում ներառված ենթակառուցվածքների զարգացումը, որի շրջանակներում գործընկեր բուհերում  արդեն իսկ հիմնադրել են 4 լաբորատորիա:


Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվեց համատեղ հետազոտական ենթակառուցվածքի հասանելիության համաձայնագիր` գիտական և հետազոտական գործունեություն իրականացնելու նպատակով: Գործընկեր բուհերը կօգտագործեն AFISHE ծրագրի շրջանակում գնված սարքավորումները, որոնք տեղադրված են հաստատությունների գիտական և հետազոտական լաբորատորիաներում՝ այսուհետ ծառայելով որպես «AFISHE լաբորատորիաներ»: Այս գիտական և հետազոտական լաբորատորիաները գործընկեր բուհերի համար կդառնան համատեղ և նշանակալից գիտական փորձերի և հետազոտությունների իրականացման հարթակ:


AFISHE ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ցանց Հայաստանի, Ուկրաինայի և ԵՄ գործընկեր երկրների միջև ջրային կուլտուրայի և ձկնաբուծության ոլորտներում: Այս ցանցը կծառայի որպես համատեղ կրթական և հետազոտական գործունեության իրականացման հարթակ՝ նպատակ ունենալով խթանել էկոլոգիայի վրա հիմնված լավագույն մոտեցումներն ու գործունեությունն այս ոլորտներում՝ ՄԱԿ-ի ԿԶՆ-ի նպատակներին և ԵՄ Կանաչ համաձայնագրին համապատասխան: