Գլխավոր էջ





Ճարտարագիտության համաշխարհային օրը՝ Ինժեներական քաղաքում հյուր

Մարտի 4, 2025

Մարտի 4-ին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված է որպես Ճարտարագիտության համաշխարհային օր (World Engineering Day), ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհրդի անդամները՝ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, այցելեցին Ինժեներական քաղաք՝ շնորհավորելու օրվա հերոսներին, ծանոթանալու մերօրյա ճարտարագետների աշխատանքային և ուսումնական առօրյայի առանձնահատկություններին։


Ինժեներական քաղաքում է տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամենաերիտասարդ ամբիոններից մեկը՝ «Ավիատիեզերական ճարտարագիտություն» անվամբ: Այն հիմնվել է 2023թ. և իրականացնում է «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը:


Ամբիոնի ներկայացուցիչները՝ ի դեմս ամբիոնի վարիչ Անդրանիկ Աղաջանյանի և ամբիոնի համակարգող Նինա Հակոբյանի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամների և ԳԿՄԿ-ական մագիստրանտների, հատուկ մշակված ծրագրով, մեծ պատրաստակամությամբ ու սիրով հյուրընկալեցին ԳԿՄԿ-ից այցելուներին:


Փոխադարձ ծանոթացումից հետո ճանաչողական ցուցադրությամբ ելույթ ունեցավ ամբիոնի վարիչ Ա.Աղաջանյանը՝ ներկայացնելով «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունները, երկու տարիների ընթացքում գրանցած հաջողությունները, մագիստրոսական ծրագիրը իրականացնելիս կիրառվող գաղափարախոսությունը և մանկավարժական նորարարական լուծումները, ինչպես նաև՝ Ինժեներական քաղաքի կառուցվածքը և հնարավորությունները։ Ա․Աղաջանյանի ելույթն ուղեկցվեց ակտիվ և անմիջական հարցուպատասխանով, կառուցողական քննարկումներով:


Ամբիոնի վարիչի հագեցած և հետաքրքիր ելույթի մեջ հնչեց նաև օրվա կարևոր հարցի պատասախանը. «Ինժեներները մարդիկ են, որ լուծում են տեխնիկական խնդիրներ: Մենք՝ ինժեներներս, օգտագործում ենք ֆունդամենտալ գիտության մեջ հայտնի օրինաչափությունները, բերում ենք կյանք, կիրառություն ենք տալիս ու տարբեր խնդիրներ լուծում»:


Ներկայացվեցին նաև ամբիոնի ուսանողների հաջողությունները։ Նշվեց, որ ամբիոնի բոլոր մագիստրանտները ուսմանը զուգահեռ արդեն աշխատում են մասնագիտությամբ՝ ընդգրկված լինելով Ինժեներական քաղաքի և ոլորտի այլ կազմակերպություններում։ Ի թիվս ուսանողների բազմաթիվ հաջողությունների՝ հատուկ ընդգծվեց նաև 2-րդ կուրսի մագիստրանտ Վրույր Գրիգորյանի հաղթանակը՝ գրանցված ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթում՝ «Ռազմական անվտանգության համակարգեր» անվանակարգում։ Վրույրը ներկայացրել է «Մեքենայական ուսուցումը ռադարային թիրախների դասակարգման համար» նախագիծը, ինչը բխում է իր մագիստրոսական թեզի խնդիրներից (Վրույրի հետ հարցազրույցին ծանոթանալ այստեղ՝ https://www.isec.am/articles/news/news_27122024.html


Ամբիոնի մագիստրանտները, ի պատասխան հնչեցված հարցադրումների, ներկայացրին իրենց մագիստրոսական թեզերից որոշ դրվագներ, ինչը ևս մեկ անգամ վկայեց, որ ԳԿՄԿ ավիատիեզերական սարքաշինության մագիստրոսական ծրագիրն իրականացվում է  ոլորտի մարտահրավերներին համընթաց՝ ուսանողներին ներգրավված պահելով արդիական և կիրառական հետազոտությունների դաշտում։


Այցելությունը շարունակվեց ճանաչողական շրջայցով՝ Ինժեներական քաղաքի տարբեր կազմակերպություններում, Գիտության և տեխնիկայի թանգարանում, ինչը, իրականում, էքսկուրս էր հայ ճարտարագիտության պատմության բազմահարուստ էջերով։


Այցելության եզրակացությունն այն էր, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը կայացած է պրոֆեսորադասախոսական կազմի և ամբիոնի մագիստրանտների արդյունավետ համագործակցությամբ, իսկ Ինժեներական քաղաքը շատ նպաստավոր միջավայր է՝ նրանց ճարտարագիտական տաղանդների լիարժեք զարգացման և արդյունավետ դրսևորման համար։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին