Գլխավոր էջ





Նոր մասնագիտություններ գիտակրթական միջազգային կենտրոնում

Հունիսի 16, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կարևորում է գործնական և հետազոտական կարողություններով օժտված մասնագետների պատրաստումը՝ հաշվի առնելով գործատու կազմակերպությունների և կրթական հաստատությունների արդիական պահանջները: Աշխատաշուկայի պահանջների թելադրանքով՝ յուրաքանչյուր տարի փոփոխվում է նաև մագիստրատուրայում առաջարկվող մասնագիտությունների ցանկը: 2021-2022 ուստարվանից սկսած Գիտակրթական միջազգային կենտրոնը մագիստրատուրայում կիրականացնի մագիստրոսական կրթական նոր ծրագրեր՝ «Կրթության կառավարում», «Հանրային կառավարում», «Հանրային ֆինանսների կառավարում»:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը փորձեց ամփոփ տեղեկատվություն ստանալ մագիստրոսական կրթական նոր ծրագրերի և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ: Կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը հատկապես կարևորում է Իտալիայի հետ իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ կրկնակի դիպլոմի շնորհմամբ. «2019 թ․ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Իտալիայի Տուշայի համալսարանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա Կենտրոնի մագիստրանտներին ուսումնառության 2-րդ տարին սովորելու Տուշայի համալսարանում և կրկնակի դիպլոմ ստանալու: Մենք կարևորում ենք նոր մասնագիտությունների ներգրավումը Կենտրոնի կրթական ծրագրերում՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով կրթության որակի ապահովումը»:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցեց նաև Կենտրոնի դեկան, կրթության փորձագետ Ա. Մխիթարյանի հետ: Նրա խոսքով՝ ժամանակակից կրթությունը պիտի հնարավորինս ինտեգրված լինի արտադրությանը, իր ճկունությամբ արձագանքի աշխատաշուկայի պահանջների փոփոխություններին: Այս առումով նոր մասնագիտությունների համար Կենտրոնը նախատեսել է ուսանողների պրակտիկայի անցկացման լայն հնարավորություններ՝ համագործակցելով բազմաթիվ գործընկեր կազմակերպությունների հետ, որոնց շնորհիվ մագիստրանտները ուսմանը զուգահեռ ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ ու կարողություններ:

- Մենք մշտապես հետևում և հաշվի ենք առնում նաև մեր ուսանողների կարիքներն ու ցանկությունները: Այս առումով 2021-2022 ուստարում մեկնարկող նոր մագիստրոսական ծրագրերը լիովին համապատասխանում են նոր պահանջներին,- նշում է պարոն Մխիթարյանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոսական նոր ծրագրերից է նաև «Կրթության կառավարում»-ը: Ժամանակի ընթացքում մեծ կարևորություն է ձեռք բերել այս մասնագիտությունը, քանի որ կյանքի տարբեր բնագավառներում աճում է կրթության գործընթացի կառավարիչների ու կազմակերպիչների դերը: Նրանք պետք է կարողանան լավ պատկերացնել տնտեսության կողմից բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջները և արդյունավետորեն կառավարեն գիտելիքի, կարողությունների ու հմտությունների փոխանցման գործընթացը:

- Այս մասնագիտության շրջանակներում նախատեսում ենք մեր ուսանողներին առաջարկել 4 ենթաուղղություն՝ «Հանրակրթության կառավարում», «Բարձրագույն կրթության և գիտության կառավարում», «Ոչ ֆորմալ կրթության կառավարում», «Սփյուռքի կրթօջախի կառավարում»: Առաջին կուրսից ընտրելով մագիստրոսական թեզի թեման՝ մագիստրանտները կարող են մասնագիտանալ այդ ուղղություններից որևէ մեկով: Այս գործընթացին էապես կնպաստի նաև այն հանգամանքը, որ մենք պարտադիր առարկաների հետ միաժամանակ առաջարկում ենք կամընտրական առարկաներ՝ ըստ ենթաուղղությունների: Բարձրորակ ու փորձառու մասնագետները իրենց գիտելիքներն ու գործնական դաշտում կուտակած փորձը 1,5-2 տարվա ընթացքում կփոխանցեն ուսանողներին՝ բացահայտելով ընտրած մասնագիտության գաղտնիքները: Վստահ եմ, որ մենք կունենանք կրթության կառավարիչների նոր, որակյալ սերունդ, որի աշխատանքի արդյունում էապես կբարձրանա հայկական կրթության որակն ու ճանաչելիությունը,- նշում է պարոն Մխիթարյանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կպերի և կարիերայի բաժին