Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում մեկնարկում է եզակի և աննախադեպ մագիստրոսական նոր կրթական ծրագիր

Հուլիսի 10, 2023

Ս.թ. հուլիսի 10-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ավիատիեզերական սարքաշինություն» կրթական ծրագրի մեկնարկի վերաբերյալ, որն իրականացվում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ինժեներական Ասոցիացիա» ՀԿ-ի և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մագիստրոսական նոր կրթական ծրագրի իրականացման նպատակով կհիմնադրի նոր մասնագիտական ամբիոն «Ինժեներական քաղաք»-ում, որտեղ կիրականացվեն մասնագիտական դասընթացների, լաբորատոր և հետազոտական աշխատանքների մի մասը:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա.Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով ամբողջ աշխարհում ավիատիեզերական ոլորտի առաջանցիկ տեմպերի զարգացումը և Հայաստանում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար կազմակերպությունների հետ համատեղ որոշում կայացվեց մշակել և իրականացնել նոր մագիստրոսական կրթական ծրագիր «Ավիատիեզերական սարքաշինություն» մասնագիտությամբ, որի նպատակն է պատրաստել ոլորտում միջազգային զարգացումներին համահունչ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող կադրեր։ Կրթություն - գիտություն-արդյունաբերություն համագործակցության նմանատիպ մոդելը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել բարենպաստ միջավայր կրթական գործընթացի կազմակերպման և հետազոտական աշխատանքերի իրականացման համար, այլև թույլ կտա հիմնարար հետազոտությունները տեղափոխել կիրառական ոլորտ և ապահովել կոնկրետ արդյունքեր։

«Ինժեներական քաղաք»-ի կրթական ծրագրերի ղեկավար Անդրանիկ Աղաջանյանի դիտարկմամբ ներկայումս մի կողմից Հայաստանում ինժեներական ոլորտում առկա ներուժի համակարգման խիստ կարիք կա, իսկ մյուս կողմից էլ՝ ինժեներական մտքի զարգացման և բարձր որակավորում ունեցող ինժեներների մեծ պահանջարկ, որն էլ առաջացրեց նոր մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման անհրաժեշտությունը: Ա.Աղաջանյանը նշեց, որ ծրագրի իրականացման ընթացքում անկյունաքարային է համարվում ֆունդամենտալ գիտական մոտեցումը, որը միտված կլինի տեղորոշման, կառավարման, կապի, էլեկտրասնուցման և ավիատիեզերական այլ համակարգերի զարցացման հմտությունների ձևավորմանը, առանց որոնց ոլորտի ընկերությունները համարվում են խոցելի:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց, որ ավիատիեզերական ոլորտն աշխարհում ամենարդիական, ամենապահանջված և ամենաբարդ ուղղություններից է, որտեղ գործ ունենք գիտության բոլոր բնագավառների հետ, քանի որ տարբեր միջավայրում աշխատող սարքերը լուծում են տարբեր խնդիրներ: Բ.Ենգիբարյանը նաև հավելեց, որ կրթական ծրագրի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը տեղական և միջազգային ոլորտի հեղինակավոր ընկերությունների հետ, որոնք լավագույն ուսանողներին կտրամադրեն կրթաթոշակներ, ինչպես նաև նախատեսվում է համագործակցել միջազգային առաջատար բուհերի հետ, որոնք հետագայում կրկնակի դիպլոմի շնորհման հնարավորություն կընձեռեն:

Այսպիսով՝ մագիստրոսական նոր կրթական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա պատրաստել արդի մարտահրավերներին պատրաստ, գիտական և գործնական հզոր ներուժ ունեցող մասնագետներ, որոնք կհանդիսանան ավիատիեզերական սարքաշինության ոլորտի զարգացման առաջամարտիկները ՀՀ-ում: Բարձր որակավորում ունեցող ինժեներներն արդեն մոտ ապագայում կկարողանան լուծել մի շարք կարևորագույն ռազմավարական խնդիրներ՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի դիրքերի ամրապնդմանը համաշխարհային շուկայում։

Կրթական ծրագրի ներկայացման ավարտին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության համար կազմակերպվեց հետաքրքիր շրջայց «Ինժեներական քաղաքում», որի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան ինժեներական ընկերությունների արդիական ենթակառուցվածքներին, ինովացիոն և բարձր տեխնոլոգիաներով համալրված լաբորատոր և արտադրական սարքավորումների աշխատանքներին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին