Գլխավոր էջ





ՄԵՆՎԻՊՐՈ ամառային դպրոց. չորրորդ օր՝ սնունդ, սննդագիտություն և սննդի անվտանգություն

Սեպտեմբերի 10, 2021

Մենվիպրո ամառային դպրոցի չորրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր սննդին, սննդագիտությանը և սննդի անվտանգությանը: Այսպիսով՝ Պրոֆ Նիկոլո Մերենդինո և Լարա Կոստանտինին զրուցեցին սննդի անվտանգության և մարդու սնուցման շուրջ: Սննդամթերքի արտադրությունը կախված է հողի և ջրի որակից և ագրոնոմիական գործելակարգերից և պետք է ներառի պարենային անվտանգությունը, այսինքն՝ բավարար քանակությամբ սննդարար սննդամթերքի մատակարարում և սննդի անվտանգություն, այսինքն սնունդ՝ առանց աղտոտիչների և տոքսինների, ինչը կարող է բացասական հետևանք ունենալ մարդու առողջության վրա: Այսպիսով, դասընթացի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել պարենային անվտանգության հիմնախնդիրներին`սնուցման, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի ռիսկերի գնահատման և շրջակա միջավայրի թունաբանության տեսանկյունից:

Դավիթ Պիպոյանը ներկայացրեց սննդի անվտանգության ռիսկերի գնահատման դասընթացը, որը լինելու է սննդամթերքի անվտանգության հիմունքների, սննդի պաշտպանության և քիմիական ռիսկերի գնահատման մոդուլների համադրություն: Այս դասընթացը նախատեսված է բնապահպանական հետազոտությունների ուսանողների համար, դեպքերի ուսումնասիրությունները կապված են  շրջակա միջավայրի աղտոտման խնդիրների հետ՝ մասնակիցներին հնարավորություն տալով տարբերակել սուր և քրոնիկ ռիսկերի գնահատման մոտեցումները. քննարկել սննդամթերքում առկա քիմիական նյութերի հետ կապված թունաբանական ռիսկերը. համեմատել և կիրառել դոզա-պատասխան մոդելներ:

Օրվա վերջինը Մելինե Բեգլարյանն էր՝ շրջակա միջավայրի թունաբանության մասին դասախոսությամբ: Մարդու առողջության վրա տարբեր վտանգների վնասակար հետևանքները կարևոր և ժամանակից խնդիր են: Շրջակա միջավայրի  թունաբանությունը գիտության միջառարկայական ոլորտ է, որն ուսումնասիրում է վտանգների ազդեցությունը: Դասընթացի նպատակն էր ներկայացնել տարբեր գործոններ, որոնք կարևոր դեր են խաղում շրջակա միջավայրի թունաբանության ոլորտում: Նպատակն էր ներկայացնել շրջակա միջավայրի թունաբանության հիմունքները, ներառյալ հիմնական թունաբանական հասկացություններն ու սկզբունքները, թունավոր նյութերի դասակարգումը, դրանց ազդեցության ուղիները, ինչպես նաև ի հայտ եկող բացասական հետևանքները և առողջության հետ կապված հնարավոր ռիսկերը: