ՄԵՆՎԻՊՐՈ ամառային դպրոցի աշխատանքներն շարունակվում են
Սեպտեմբերի 9, 2021Արդեն իսկ երրորդ օրն է, ինչ շարունակվում են ՄԵՆՎԻՊՐՈ ամառային դպրոցի աշխատանքները՝ լի մասնագիտական քննարկումներով և տեղեկատվությամբ: Երրորդ օրվա խոսնակները չորսն էին՝ Լիլիթ Սահակյան, ա.գ.թ., Գևորգ Տեփանոսյան, կ.գ.թ., դասախոսության թեման՝ շրջակա միջավայրի երկրաքիմիա, պրոֆ. Մարիա Մոսկատելլի Տուշայի համալսարանից, դասախոսության թեման՝ հողի որակի մոնիթորինգ և Կյարա Բալդաչինին Տուշայի համալսարանից, թեման՝ քաղաքային ծառեր և կարծր մասնիկներ, ինչպես գնահատել ծառերի կողմից կարծր մասնիկների հեռացման արդյունավետությունը:
Շրջակա միջավայրի երկրաքիմիա դասախոսության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել երկրաքիմիական գործընթացների, երևույթների, երկրաքիմիական հետազոտությունների մեթոդների հիմնական առանձնահատկություններին, տրամադրել անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ և հմտություններ`բազմազան միջավայրերի,տեսակների, մասշտաբների, մակարդակների, վտանգների, ռիսկերի և աղտոտման ուղիների գնահատման ուղղությամբ: Ներկայացվեց «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» գիտության մեթոդական հիմքերը, մոտեցումները, հետազոտության առարկան, գիտական նպատակը և խնդիրները:
Մարիա Մոսկատելլին ներկայացնեց հողը որպես կենդանի, դինամիկ, չվերականգնվող, խոցելի ռեսուրս` տալով հողի որակի, հողի առողջության և հողի անվտանգության հասկացությունները: Հողի որակը պետք է վերահսկվի` կանխելու հողերի դեգրադացիայի (քայքայման) պայմանները և կարևոր գործառույթների կորուստը:
Ներկայացվեց հողի որակի մի շարք ցուցանիշներ` նշելով դրանց օգտագործման առավելություններն ու թերությունները:
Կյարա Բալդաչինինի թեման նվիրված էր կարծր մասնիկներին (ԿՄ), որոնք օդի հիմնական աղտոտիչներից են, հատկապես քաղաքային միջավայրերում, որտեղ կարելի է գտնել ԿՄ-ի մարդածին աղբյուրների մեծ մասը: Հայտնի է, որ բույսերի տերևները կարող են փոխազդել ԿՄ- ների հետ՝ ապահովելով մասնիկների հեռացում մթնոլորտից: Դա տեղի է ունենում երկու հիմնական մեխանիզմների միջոցով`բույսերի շնչառություն (միայն փոքր ԿՄ- ի դեպքում, 1 մկմ -ից պակաս) և մակերեսային նստվածք (ավելի մեծ մասնիկների դեպքում): Ծառերի կողմից հեռացված ԿՄ-ների քանակավորման համար մշակվել են տարբեր մեթոդներ` վերջնական նպատակ ունենալով ավելի լավ հասկանալ այս երևույթը և օգնել շահագրգիռ կողմերին և ծրագրավորողներին ծառերի ճիշտ օգտագործման հարցում` օդի որակը մեղմելու համար: Այս դասախոսության ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին տարբեր մեթոդների առավելություններն ու թերությունները:
Վերջին խոսնակը՝ Կառլո Կալֆապիետրա, ներկայացրեց քաղաքային միջավայրում բնահեն լուծումների (ԲՀԼ) կիրառումը, որը տարեցտարի աճում է, սա նաև ի շնորհիվ Եվրորպական խորհրդի որդեգրած քաղաքական ընտրության և ուշադրության աճի: ԲՀԼ-ը կարող են օգնել հաղթահարելու մի շարք մարտահրավերներ՝ շրջակա միջավայրից մինչև սոցիալական համախմբվածություն, մարդու առողջության և բարեկեցության, ինչպես նաև տնտեսական և աշխատաշուկայի հետ կապված հարցեր: Շրջակա միջավայրի և էկոլոգիական համատեքստում ԲՀԼ-ը կարող են բարելավել օդի որակը, նվազեցնել կլիմայական վտանգները կամ բարելավել կենսաբազմազանությունը: ԲՀԼ-ի արդյունավետության քանակական որոշումը`հատկապես կարևորագույն նշանակությունների առումով, կարելի է ձեռք բերել համապատասխան ցուցանիշների գնահատման միջոցով, որոնք պետք է գիտականորեն հիմնավորված լինեն, բայց նաև հասկանալի և ձեռք բերվեն` բարելավելու շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը: