Գլխավոր էջ





MENVIPRO. կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի մեկնարկ Հայաստանում

Հունվարի 17, 2019

Ս.թ. հունվարի 14-ին և 15-ին Երևանում տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի մեկնարկային հանդիպումը ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, որտեղ նաև տեղակայված է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանության) ոլորտում բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացում՝ հիմք ընդունելով Բոլոնիայի և ԵՀԱ-ի (եվրոպական համալսարանների ասոցիացիա) Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը՝ ներառյալ կրթական տեխնոլոգիաների վերջին նորարարությունները: Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որը տարիներ շարունակ սահմանելու է հետբուհական կրթության որակի չափանիշները:

Մեկնարկային հանդիպման ընթացքում եվրոպական և գործընկեր երկրների համալսարանների ներկայացուցիչները մանրամասնորեն քննարկեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, ծրագրի իրականացման ուղիները և ընթացակարգերը, ինչպես նաև ծրագրի համակարգողները ներկայացրեցին ծրագրի վեբկայքի նախնական տարբերակը և աշխատանքային ընթացակարգերը: Մեկնարկային հանդիպման ընթացքում «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի դասախոսները ներկայացրեցին իրենց մասնագիտական լաբորատորիաները, դասավանդվող առարկաները և նախանշեցին համագործակցության ուղիները եվրոպական գործընկերների հետ: