Գլխավոր էջ





MENVIPRO կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված գիտաժողով

Հոկտեմբերի 7, 2022

Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Շրջակա միջավայրի պահպանության հետբուհական նորարարական կրթություն. մեթոդներ և գործիքներ» գիտաժողովը:

Եռօրյա գիտաժողովը միտված էր ամփոփելու «Շրջակա միջավայրի պաշտպանություն(բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» (MENVIPRO) կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի արդյունքները: MENVIPRO ծրագրի նպատակն էր նպաստել բնապահպանական կրթության արդիականացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ԲՈՒՀ-երում` փոխանցելով եվրոպական լավագույն փորձը՝ ներառյալ կրթական տեխնոլոգիաների վերջին նորարարությունները, և կիրառելով «Quadruple Helix» սկզբունքները:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ծրագրի աշխատանքային խմբում ընդգրկված հայաստանյան և միջազգային ներկայացուցիչներին շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված այս կարևորագույն նախագիծը կյանքի կոչելու և այն հետևողականորեն իրագործելու համար:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի համակարգող, Իտալիայի Տուշայի համալսարանի պրոֆեսոր Մերենդինոն, ով նույնպես շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի գործընկերներին՝ նշելով, որ չնայած ծրագրի մեկնարկից ի վեր, կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված, առաջացել են բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ, համատեղ ներդրած ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել ծրագրի նախանշած նպատակներին:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա.Սարգսյանը, ով նշեց, որ ՄԵՆՎԻՊՐՈ՝ «Շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանական) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի իրականացումը ԳԿՄԿ-ում և էկոկենտրոնում թույլ տվեց հետազոտահեն կրթությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչպես արդիականացնել գործող դասընթացները, այնպես էլ մշակել նոր դասընթացներ, որոնք համապատասխանում են բնապահպանական կրթության և աշխատաշուկայի արդի պահանջներին: Ա.Սարգսյանը հատկապես կարևորեց ծրագրի շրջանակներում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի ERLEP լաբորատորիայի ստեղծումը, որը ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է և արդեն իսկ էականորեն բարելավել է հետբուհական կրթության որակի չափանիշները բնապահպանական կրթության ոլորտում: Ավելին՝ լաբորատորիայի ենթակառուցվածքները հասանելի են ԳԿՄԿ այլ մասնագիտական ամբիոններին, որոնք են «Մոլեկուլային և բջջային կենսաբանության» և «Երկրաբանություն» ամբիոնները՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել ուսանողական համագործակցային տարբեր նախագծեր՝ ելնելով նախագծային ուսուցման սկզբունքներից։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Էկոկենտրոնի համատեղ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանը ներկայացրեց լաբորատորիայում արդեն ստեղծված ենթակառուցվածքները և նշեց, որ բնապահպանական ուսումնասիրությունների ոլորտում ճշգրիտ չափիչ սարքերով գերժամանակակից լաբորատորիան անգնահատելի և վճռորոշ դեր ունի կրթության և հետազոտության ներդաշնակեցման գործում: Այսօր վստահաբար կարելի է փաստել որ, ERLEP-ը բնապահպանական գիտության ոլորտում կովկասյան առաջին տարածաշրջանային կրթական և հետազոտական լաբորատորիան է:

ՀՀ-ում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորեց ծրագրի գաղափարը՝ որպես սերունդների կրթման նորարարական գործիք, հատկապես բնապահպանության ոլորտի ներկայիս մարտահրավերների համատեքստում՝ նշելով, որ թե՛ մագիստրոսական և թե՛ հետբուհական կրթական ծրագրերի անկյունաքարը պետք է հանդիսանա ուսանողների տեղեկացվածության մակարդակի բարձրացումն ու նրանց կարողությունների զարգացումը բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ:

Հավելենք, որ այսօր Էկոկենտրոնում արդեն գործող գերժամանակակից լաբորատորիան բավարարում է ոչ միայն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների մասնագիտական կարիքները, այլև Հայաստանի տարբեր համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների կարիքները։ Մասնավորապես, բավականին արդյունավետ համագործակցություն է հաստատվել MENVIPRO և ABIONET էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի միջև, որի շրջանակներում ուսանողներն իրենց մեկ կիսամյակը պրակտիկա են անցնում Էկոկենտրոնում, որտեղ տեղակայված է ERLEP-ը՝ այդպիսով օգտվելով այս եզակի լաբորատորիայի առավելություններից և հնարավորություններից:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում կատարված SWOT վերլուծության արդյունքները՝ վերհանելով Հայաստանում բնապահպանական կրթության պահանջարկը, բացերը, արտաքին շահեկիցներին, բնապահպանական կրթության առավելությունները և թերությունները ՀՀ-ում:

Գիտաժողովն ամփոփվեց Հայաստանում և Վրաստանում հետբուհական նորարարական բնապահպանական կրթության զարգացման ներկա պահանջների, Եվրոպական միության գործընկերների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի լավագույն փորձի ներկայացմամբ:

Հիշեցնենք, որ MENVIPRO ծրագրի գործընկերներն են Տուշայի համալսարանը (Իտալիա), Երկրի էկոհամակարգերի հետազոտական ինստիտուտը, Հետազոտության ազգային խորհուրդը (Իտալիա), Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական ինստիտուտը (Պորտուգալիա), Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանը (Գերմանիա), «Giraf Pm Services Gmbh» ընկերությունը (Գերմանիա), Վրաստանի համալսարանը, Իլիա պետական համալսարանը (Վրաստան), Վրաստանի գիտակրթական ցանցային ասոցիացիան: Հայաստանում MENVIPRO ծրագրի գործընկերներն են ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Գավառի պետական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին