Գլխավոր էջ





Տեղեկատվական հանդիպում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում

Հունիսի 21, 2022

Ս.թ. հունիսի 20-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթի» վերաբերյալ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, Կենտրոնի վարչակազմի անդամներ, դասախոսներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ:

Երիտասարդ գիտնականների ստեղծագործական մտքի զարգացմանը նպաստելու նպատակով ստեղծված ծրագիրը (ԵԳԱԾ) հիմնադրվել է 2012 թ.-ին՝ աջակցելու գիտությամբ զբաղվող երիտասարդներին:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագիրն իրենից ներկայացնում է ուսանողների, ասպիրանտների, գիտության թեկնածուների կարճաժամկետ այցելություն արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպություն կամ գիտական լաբորատորիա՝ մասնագիտական զարգացման, նոր հմտություններ ձեռք բերելու և գիտական հետազոտություններ կատարելու նպատակով»,- իր խոսքում նշեց ծրագրի զեկուցող, ֆ.մ.գ.թ. Հայկ Զաքարյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ մասնավորապես նշելով. «Միջազգային համագործակցության որակական աճը մեզ համար այսօր օրհասական խնդիր է և առաջին հերթին՝ հումանիտար ոլորտում: Վերջին շրջանում մենք գտնվում ենք քարոզչական պատերազմի մեջ և պետք է հստակ գիտակցենք, որ մեր տեսանելիության բարձրացումն աշխարհում հանդիսանում է ազգային անվտանգության խնդիր: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում հնարավորինս շատ տարածել այս ծրագրի գաղափարը: Մենք ապրում ենք տեխնոլոգիաների սրընթաց զարգացման դարաշրջանում, որի առանցքում գիտությունն է, հետևաբար այսօր գիտնականներն են ամենակարևոր մարդիկ»: Ա. Իշխանյանը կոչ արեց երիտասարդ գիտնականներին լինել նախաձեռնող, քանի որ նրանցից է հորդում այն լույսը, որը կարող է լուսավորել ողջ հանրությունը:

«Հիշե՛ք, որ ամբողջ գրագրության հիմքում պետք է լինի գիտական միտքը»,- իր խոսքը եզրափակեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը:

Հիշեցնենք, որ Երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթին կարող են դիմել ինչպես ՀՀ և Արցախի բուհերի և գիտական կազմակերպությունների մագիստրանտները, ասպիրանտները, գիտական աստիճան չունեցող գիտաշխատողները, այնպես էլ գիտության թեկնածու հանդիսացող երիտասարդ գիտնականները: Ծրագրի նպատակն է բարձրացնել ասպիրանտի/մագիստրոսի թեկնածուական/մագիստրոսական աշխատանքի որակը, ծանոթացնել ուսանողներին առաջատար լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, խրախուսել բարձրորակ աշխատանք կատարող ուսանողներին շարունակել գիտական ուղին, զարգացնել գիտաշխատողների/թեկնածուների մասնագիտական հմտությունները և բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների ու գիտական հոդվածների որակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 30-ը ներառյալ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին