Գլխավոր էջ





Հանդիպում-քննարկումներ Տուշայի համալսարան ոլորտային դասախոսների հետ

Մայիսի 24, 2019

Մայիսի 21-ին Իտալիայի Տուշայի համալսարանը ոլորտային դասախոսների հետ կազմակերպել էր հանդիպում-քննարկումներ, որոնց շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսները անհատական հանդիպումներ ունեցան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Դավիթ Պիպոյանը մասնակցեց պրոֆեսորներ Սավերիո Սեննի և Գաբրիելե Դոնոյի հետ կազմակերպած հանդիպումներին: Պրոֆեսոր Սավերիո Սեննի անցկացրած հանդիպում-քննարկումը վերաբերում էր սոցիալական գյուղատնտեսության առավելություններին ու զարգացման խոչընդոտներին, օրգանիկ, ինչպես նաև սոցիալական գյուղատնտեսությունների զարգացմանը՝ ոչ միայն եկամուտների ավելացման, այլև հանրային առողջապահական նպատակներով:

Պրոֆեսոր Գաբրիելե Դոնոյի հետ հանդիպմանը ներկայացվեցին Իտալիայի գյուղատնտեսական արտադրության հիմնական ուղղությունները, գյուղատնտեսության ոլորտի իրավական կարգավորումն ու ֆինանսավորման աղբյուրները: Հանդիպման հիմնական թեման ագրոպարենային քաղաքականության մարտավարությունն էր, ինչպես նաև պարենային անվտանգության մարտահրավերները: Գաբրիելե Դոնոյի մասնագիտական հետաքրքրության ուղղություններից են ոչ միայն բիոէկոնոմիկան և շրջանակային տնտեսությունը, այլև կլիմայի փոփոխությունների պարագայում ագրոպարենային համակարգերի կայունության ապահովումը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց պրոֆեսորի հետ կազմակերպել առանձին աշխատանքային քննարկում՝ հետագա համագործակցության և համատեղ գիտական աշխատանքների իրականացման մասով: Պրոֆեսոր Դոնոյի մոտ են ուսանում ԳԿՄԿ մագիստրանտներ Ստելլա և Սեդա Ստեփանյանները, որոնք արդեն գերազանցությամբ հանձնել են քննությունը:

Մայիսի 21-ին կազմակերպած այցերի շրջանակում հատկանշական էր այցելությունը համալսարանի հետազոտական-փորձարարական կենտրոն:

Այցելության ընթացքում ներկայացվեց ուսումնափորձնական տնտեսության դերը գիտակրթական պրոցեսում, ներկայացվեցին ինչպես փորձարարական ջերմատունը, այնպես էլ բուսաբուծական մթերքների և կենդանիների բուծման փորձարարական բլոկները: Հատկանշանական էր աշխատանքների կազմակերպման ձևը. թե՛ կենտրոնական լաբորատորիան, թե՛ ուսումնափորձնական տնտեսությունը համարվում են առանձին կառուցվածքային ստորաբաժանումներ, սակայն յուրաքանչյուրն ունի գիտակրթական հատվածներից պատասխանատուներ, այսպիսով՝ կրթություն-գիտություն-արտադրական կապն ամբողջությամբ սպասարկում են այս երկու կարևորագույն կառուցվածքային ստորաբաժանումները:

Տուշայի համալսարանում Դավիթ Պիպոյանը ծանոթացավ նաև դեպարտամենտների գնահատման չափորոշիչներին: Շատ կարևոր է տարբեր երկրների համանման փորձին ծանոթանալը, քանի որ ՀՀ-ում ևս պետք է իրականացվի բուհերի գործունեության արդյունավետության գնահատում: Տուշայի համալսարանում միայն ագրարային բլոկի ագրոպարենային համակարգերի ինովացիաների ամբիոնն է ստացել «Գերազանցության դեպարտամենտ» աստիճան, այս հարցում կարևոր նշանակություն են ունեցել առաջատար գիտական ամսագրերում տպագրությունների քանակը, ինչպես նաև փորձարարական մասի ապահովման ենթակառուցվածքների առկայությունը: