Գլխավոր էջ





Ուսումնագիտական կոնֆերանս ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում

Նոյեմբերի 29, 2015

Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից:
Ֆրենսիս Բեկոն


ՀՀ  ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնում  սույն թվականի  նոյեմբերի  28-ին տեղի ունեցավ գիտաուսումնական կոնֆերանս՝ նվիրված ընտանեկան  հոգեբանությանը: Կոնֆերանսին  մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության  աշխատակիցներ ղեկավար անձնակազմից, «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրանտներ, ընտանեկան խնդիրների հաղթահարմամբ շահագրգիռ մասնագետներ այլ կառույցներից: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան,  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը:  Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԳ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի մագիստրանտները, «Ընտանեկան խորհրդատվություն և հոգեթերապիա» մասնագիտական դասընթացի շրջանակներում վերապատրաստվողները: Կոնֆերանսին հնչեցին հետաքրքիր  և  բազմաբովանդակ զեկուցումներ՝ ընտանեկան բռնությունների, ամուսնալուծությունների, երեխա-ծնող փոխհարաբերությունների, ընտանեկան կոնֆլիկտների ու դրանց հաղթահարման ուղիների, ներընտանեկան միջանձնային փոխհարաբերությունների, հոգեբանական խորհրդատվության ու հոգեթերապիայի վերաբերյալ,  որոնք շատ արդիական էին  և համահունչ  փոխակերպվող հասարակության մեջ ընտանիքներում առկա հիմնախնդիրներին:

Նախանշվեցին  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրոսական համակազմի և ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության հետագա համագործակցության հեռանկարները, շեշտադրվեցին «վնասված» ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ուղիները: Կոնֆերանսի  վերջում եզրափակիչ  խոսքով  հանդես եկավ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ընտանեկան  հոգեբանություն» դասընթացի վերապատրաստող Մ. Մեհրաբյանը:
Հարկադիր կատարման ծառայության՝ ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ Հասմիկ Մովսիսյանը հայտնեց իր համոզմունքն այն մասին, որ այս համագործակցությունը իր ցանկալի արդյունքը կտա ընտանիքների վերջնական քայքայումը կասեցնելու գործում:
Հարկադիր կատարման ծառայության և ընտանեկան հոգեբանների  համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով աշխատանքներ են իրականացվում  նաև մարզերում, մասնավորապես Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում:
Սա, անշուշտ, ՀՀ ԳԿՄԿ մագիստրնտ-գործատու փոխհարաբերությունների ու փոխհամագործակցության  լավագույն ձևաչափ է: