Գլխավոր էջ





Գիտությամբ կերտենք լուսավոր ապագան

Նոյեմբերի 24, 2012

16.11.2012 թ. Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում անսովոր իրարանցում էր:  

«Գիտությամբ կերտենք լուսավոր ապագան» խորագրով ցուցահանդեսի միջոցով ուսանողները բացահայտում են, թե ինչպես են պատկերացնում իրենք իրենց և իրենց ապագա գործունեությունը գիտության ասպարեզում:

Տարբեր տաղավարների և սլայդ ներկայացումների միջոցով մագիստրանտներն արտահայտել էին իրենց մտքերը, խոհերը, ապրումները: Բանասերները, չանտեսելով անցյալը , գնահատում են ներկան և ժամանակակից գրողներին: Նրանց կարծիքով` լուսավոր ապագա կարելի է կերտել ընթերցանության մակարդակի աճի արդյունքում: Լրագրողները՝ ժպիտով են ստեղծում իրենց լուսավոր ապագան և ցանկացած դժվարություն հաղթահարում միայն ժպիտով:

Ցուցահանդեսը եզրափակվեց հենց լրագրողների պատրաստած ռեպորտաժով , որտեղ կոչ էր արվում չլքել Հայաստանը , մնալ հայրենի երկրում և գիտությամբ կերտել լուսավոր ապագան:

«Չի կարելի բուժել մարմինը՝ չբուժելով հոգին». ահա սա է հոգեբանների կարգախոսը: Վերջիններս իրենց տաղավարով կարևորում էին հոգեբանության դերը գիտության մեջ և առօրյա կյանքում:

«Ճիշտ կառուցած գովազդի արդյունքում Հայաստանը կարելի է դարձնել  տուրիզմի կենտրոն, որը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Վստահաբար նշում ենք, որ ճիշտ աշխատանքի արդյունքում Հայաստանը մրցակցային շուկայում կգրավի բարձր դիրքեր»,- նշում են կառավարման բաժնի մագիստրանտները:

Իսկ ահա ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի ուսանողների համար առաջնային են Զիգբի անլար ցանցերը,  որոնց միջոցով ցանկացած բնույթի ինֆորմացիա կարող է արագ տեղափոխվել 250 Մբ արագությամբ առավելագույնը 2 կմ տարածության մեջ, իսկ սարքավորման մարտկոցը առանց լիցքավորման կարող է աշխատել մոտ 2 տարի:

Ցուցահանդեսի ավարտին մասնակից բոլոր խմբերը ստացան խրախուսական մրցանակներ և «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի մեկական համար, իսկ  3 խմբեր՝ «Լավագույն տաղավար», «Լավագույն սլայդ ներկայացում» և «Լավագույն սուր միտք» անվանակարգերում ստացան հատուկ մրցանակներ` գավաթի տեսքով: