«ԳԿՄԿ-ն լայն հնարավորություններ է տալիս ուսանողներին սովորել արտերկրի լավագույն համալսարաններում»,- ԳԿՄԿ ուսանող Ռոզա Թադևոսյան
Հուլիսի 15, 2022Ռոզա Թադևոսյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է, ով իր երկրորդ կիսամյակի ուսուցումը շարունակում է Իտալիայի Տուշայի համալսարանում «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում:
Ռոզայի հետ զրուցել ենք Իտալիայի Տուշայի համալսարանում ստացած կրթության, ԳԿՄԿ-ի ընձեռած հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:
-Ես Ռոզա Թադևոսյանն եմ` 22 տարեկան։ Առաջին մասնագիտությամբ քիմիկ եմ` ավարտել եմ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ Մագիստրոսական կրթությունս շարունակում եմ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» բաժնում: Այժմ աշխատում եմ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, որտեղ անցել եմ աշխատանքի ավարտական կուրսում սովորելուն զուգահեռ՝ համատեղելով ուսմանս հետ:
Ընտրեցի բնապահպանական ոլորտը, քանի որ ներկայումս Հայաստանն ունի շատ լուրջ բնապահպանական խնդիրներ, որոնք լուծելու համար մեր երկրին անհրաժեշտ են գիտակ բնապահպաններ, իսկ ես պլանավորում եմ լինել նրանցից մեկը:
Ավարտական կուրսում աշխատելով Էկոկենտրոնում, լինելով ակադեմիական միջավայրում և շփվելով բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հետ՝ ցանկություն ունեցա այդ ամենի մի մասը կազմել և ընդունվեցի ԳԿՄԿ:
ԳԿՄԿ-ն լայն հնարավորություններ է տալիս ուսանողներին սովորել արտերկրի լավագույն համալսարաններում:
Այդ համալսարանների թվին է պատկանում նաև Իտալիայի Տուշայի համալսարանը: Էկոկենտրոնում աշխատելու ընթացքում ձեռք եմ բերել շատ ընկերներ, ովքեր նույնպես սովորել են Տուշայի համալսարալում՝ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում: Ես նույնպես մեծ ցանկություն ունեի սովորելու Տուշայի համալսարանում և հայտարարությունը տեսնելուց հետո անմիջապես դիմեցի, որի արդյունքում այժմ մագիստրատուրայի երկրորդ կիսամյակը շարունակում եմ Տուշայի համալսարանում:
Տուշայի համալսարանում դասերը շատ ինտերակտիվ են անցնում, ունենք և՛ տեսական, և՛ պրակտիկ դասաժամեր:
Դասապրոցեսի ընթացքում դասախոսները հնարավորինս ներգրավում են ուսանողներին: Նրանք պատրաստակամ են, բարեհամբույր և սիրով պատասխանում են մեր բոլոր հարցերին: Տուշայի համալսարանում ամեն հարմարություն ստեղծված է ուսանողների համար՝ ընթերցասրահներ, գեղեցիկ այգի համալսարանի տարածքում, որտեղ ուսանողները պատրաստվում են իրենց քննություններին:
Քիմիայի ֆակուլտետում ուսանելու տարիներին ինձ համար բացահայտեցի մի նոր գիտություն՝ բյուրեղագիտությունը:
Սիրում եմ ուսումնասիրել քիմիական նյութերի բյուրեղային կառուցվածքը, դրանց բյուրեղացանցի կառուցվածքային առանձնահատկությունները և ժամանակ ունենալու դեպքում՝ փորձում եմ նաև բյուրեղներ աճեցնել: Իսկ հաշվի առնելով, որ ես և՛ սովորում եմ, և՛ աշխատում, գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում, իսկ ունենալու դեպքում նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ՝ ֆիլմեր դիտելով, երաժշտություն լսելով և զբոսնելով:
ԳԿՄԿ-ում սովորելու ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և ինձ արդեն իսկ ծանոթ թեմաներն ու երևույթները կարողացա դիտարկել և ընկալել մեկ այլ տեսակյունից:
Ունեմ շատ լավ դասախոսներ, ովքեր կիսվում են իրենց տարիների հարուստ փորձով և գիտելիքներով: Իսկ ԳԿՄԿ ընդունվող ապագա մագիստրոսներին խորհուրդ կտամ լավ սովորել և հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել ուսանելու տարիներին, քանի որ այդ գիտելիքներն են դառնալու իրենց հաջողությունների ձեռքբերման հիմնասյունը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին