«ԳԿՄԿ-ի կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է գրադարանավարներին առաջադրվող պահանջներին։», - ԳԿՄԿ շրջանավարտ Նելլի Հայրապետյան
Մարտի 3, 2023ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ Նելլի Հայրապետյանը բակալավրի իր կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ: Մեզ հետ զրույցում Նելլին պատմեց ԳԿՄԿ ընդունվելու և Կենտրոնի ընձեռած հնարավորությունների մասին:
-Ինչո՞ւ որոշեցիք մագիստրատուրան շարունակել հենց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնում:
-Շուրջ տասնչորս տարի է, ինչ աշխատում եմ գրադարանային ոլորտում, որտեղ յուրաքանչյուր տարի կատարվող փոփոխությունները առաջացնում են գրադարանավարի նոր մոդելի ձևավորման անհրաժեշտություն։ Ըստ այդմ՝ կարևորվում է ոչ միայն ժամանակակից պահանջներին համապատասխան գրադադարաններ ունենալու փաստը, այլև ժամանակակից մտածելակերպով գրադարանավարի կերպարը։ Ահա, թե ինչու որոշեցի ստանալ մագիստրոսական կրթությունս հենց «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ։
Ընտրությունս կանգ առավ հատկապես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի վրա մի պարզ պատճառով՝ ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է այն պահանջներին, որոնք այսօր առաջադրվում են գրադարանավարներին։ Կենտրոնը ուսանողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր ծրագրա-տեխնիկական միջոցներին, մի շարք գրադարանային ավտոմատացման համակարգերին, դրանց հնարավորություններին, գործառույթներին, և վերջապես, տիրապետելու այդ համակարգերի կիրառությանը՝ տպագիր նյութը թվայինի վերածելու և հանրությանը հասանելի դարձնելու համար։ Սա է ժամանակի պահանջը, սրան են ձգտում ժամանակակից գրադարանները։
-Ո՞րն է եղել ձեր ամենամեծ ձեռքբերումը ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին։
-ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին մեծ ձեռքբերում եմ համարում գիտելիքը, մասնագիտական շփումը արհեստավարժ դասախոսական կազմի հետ, նոր ընկերական շրջապատը ձևավորված կրթական միջավայրում։
Խիստ կարևոր էր ինձ համար մագիստրոսական թեզը, որը, կարելի է ասել, իմ տեսական գիտելիքների, գործնական հմտությունների, ինչպես նաև աշխատանքային փորձի ամբողջական ամփոփումն է։ Աշխատանքում ներկայացրել եմ գրադարանային հավաքածուների թվայնացման համար ծրագրային լուծումների փաթեթ, որը գրադարանային ոլորտի մասնագետներին թույլ կտա բաց կոդերով ծրագրաշարերի վրա հիմնված՝ ստեղծել տարբեր ենթաճյուղերով թվանշային գրադարաններ։ Այն կարող է ուղեցույց հանդիսանալ գրադարանային, արխիվային ոլորտի մասնագետների համար, ովքեր ցանկանում են գրադարանային և արխիվային հավաքածուների թվայնացման գործընթաց իրականացնել։ Կարծում եմ՝ ես իմ ներդրումը կատարել եմ գրադարանային ոլորտում։
-Որքանո՞վ է ԳԿՄԿ-ում ստացած ուսումը նպաստել ձեր մասնագիտական աճին:
-Աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերեցի նոր մասնագիտական որակներ՝ հիմնված միայն անձնական փորձի վրա։ Մագիստրատուրայում սովորելու տարիները նպաստեցին խորացնել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, դառնալ ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետ։ Պետք է առաջ նայել և շարունակել տիրապետել ոլորտի նորագույն պահանջներին։
-Ինչո՞վ եք ներկայումս զբաղված:
-Աշխատանքային ողջ գործունեությունս կապված է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հետ։ Երկար տարիներ զբաղվել եմ գրադարանի թվանշային մոդելի ձևավորման, համալրման ու համակարգման աշխատանքներով, իսկ ներկայում աշխատում եմ որպես գրադարանի գիտական քարտուղար։
-Ձեր կարծիքով՝ աշխատանքում հաջողության հասնելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ:
-Աշխատանքում հաջողության հասնելու ամենամեծ գրավականն աշխատասիրությունն է, որը հնարավորություն է տալիս յուրացնել անգամ ամենաբարդ պահանջները կամ գտնել անլուծելի թվացող խնդիրների պատասխանները։ Իհարկե, դա ենթադրում է ամենօրյա տքնաջան աշխատանք: Դրա համար անհրաժեշտ են որոշ որակներ՝ գործընկերոջը լսելու, կարծիքը հաշվի առնելու, արդեն եղած փորձը յուրացնելու և դրա վրա սեփականն ավելացնելու կարողություններ։ Խիստ կարևոր են հանդուրժողականությունն ու օգնելու պատրաստակամությունը, որոնք հնարավորություն են տալիս գործունեություն ծավալել թիմում։
-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ի՞նչ խորհուրդ կտաք ԳԿՄԿ ուսանողներին։
-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ուսանողներին խորհուրդ կտամ սովորել եռանդով, զինվել գիտելիքներով՝ համոզված լինելով, որ ստացած գիտելիքները հետագայում անպայման կկիրառվեն աշխատանքային գործունեության ողջ ընթացքում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին