«Հզոր երկիր կառուցելու համար առաջին նախապայմանը որակյալ կրթություն ստանալն է», ԳԿՄԿ ուսանող Սոնա Մարալյան
Դեկտեմբերի 8, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Մարալյանն է, ով աշխատել է տեղական ինքնակառավարման համակարգում, իսկ այս պահին իր ամբողջ ժամանակը կենտրոնացրել է կրթության վրա:
Սոնան սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում` ստանալով մանկավարժ-իրավագետի մասնագիտության բակալավրի աստիճան:
Սոնան Բերդ համայնքից է, սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է և նկատելով համայնքում իրավաբան մասնագետի անհրաժեշտությունը՝ որոշում է շարունակել իր կրթությունը իրավաբանության ոլորտում՝ հետագայում նպաստելու համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, բնակիչների իրավագիտակցության բարձրացմանը և իրազեկվածությանը: Պատահական չի, որ ընտրել է ուսուցումը հենց Կենտրոնում, քանի որ ցանկանում էր ակադեմիական որակյալ կրթություն ստանալ և դառնալ պահանջված մասնագետ:
5 տարի անց իր մասնագիտական զարգացումը Սոնան նորից իրավաբանության ոլորտում է տեսնում, քանի որ վստահ է, որ իրավաբանի մասնագիտությունը երբեք չի կորցնում իր արդիականությունը և առաջիկա տարիներին էլ ավելի պահանջված կլինի, իսկ Կենտրոնը մեծ ներդրում ունի մասնագիտական խորը գիտելիքների հաղորդման և հետագա զարգացման մեջ:
«Ազատ ժամանակը նախընտրում եմ անցկացնել ինքնակրթվելով, հետաքրքված եմ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և արդարադատության համակարգերով, որոնց արդյունավետ կառավարման շնորհիվ կարող ենք ունենալ ամուր և կայուն պետություն: Ազատ ժամանակ զբաղվում եմ նաև օրենքների վերլուծությամբ, ընթերցանությամբ, ինչպես նաև սիրում եմ զբոսնել տավուշյան չքնաղ պատմամշակութային վայրերով», - նշում Սոնան:
Սոնան խրախուսում է ԳԿՄԿ ընդունվող դիմորդների ընտրությունը՝ հաշվի առնելով այն, որ Կենտրոնն ապահովում է այնպիսի կրթություն, որը կիրթ, զարգացած, առողջ մտածելակերպով հասարակության ձևավորման երաշխիքն է: «Հզոր երկիր կառուցելու համար առաջին նախապայմանը որակյալ կրթություն ստանալն է», - իր խոսքը եզրափակում է Սոնան:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին