Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն մշտապես կատարելագործում է իր կողմից առաջարկվող հնարավորությունները

Հոկտեմբերի 11, 2021

Բարձրագույն կրթության որակի ապահովման, կրթություն-գիտություն անքակտելի կապի և միջազգային նորմերին համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու համար անչափ կարևոր է համապատասխան միջավայրի և ռեսուրսների առկայությունը: Հաշվի առնելով շուկայի ազատականացումը, կրթական ոլորտի բազմազանությունը և մրցակցային միջավայրը՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մշտապես հետամուտ է լինում միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող, գիտակրթական մրցունակ պահանջների ստեղծմանն ու ապահովմանը մագիստրոսական և ասպիրանտական կրթական տարբեր ծրագրեր իրականացնելիս:

Այս նպատակով Կենտրոնը հարստացնում և արդիականացնում է նյութատեխնիկական առկա հնարավորությունները և ուսանողներին ներկայանում միանգամայն նոր հագեցած լսարաններով և աշխատասենյակներով: Կենտրոնում պաշտոնապես բացվեց համակարգչային հերթական լսարանը՝ Armdoct ծրագրի շրջանակներում: Աշխատանքային մի նոր տարածք հատկացվեց հետազոտողներին, որտեղ ԳԿՄԿ մագիստրանտները, ասպիրանտները և հետազոտողները կարող են իրականացնել արդյունավետ աշխատանքային քննարկումներ: Պաշտոնապես բացվեց նաև ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնին կից գործող Օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբի թվով երկրորդ, նոր և ժամանակակից լսարանը, որտեղ հնարավոր է կազմակերպել միջմշակութային տարատեսակ քննարկումներ, միջոցառումներ և լեզվի դասընթացներ: Հիշարժան օրը ԳԿՄԿ պատվավոր հյուրն էր ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Ա. Իշխանյանը, որը շրջեց Կենտրոնում, դիտարկեց Կենտրոնի հնարավորություններն ու ռեսուրսները, ծանոթացավ ժամանակակից, տեխնիկապես հագեցած լսարաններին և աշխատասենյակներին, ինչպես նաև մասնակցեց նոր լսարանների պաշտոնական բացմանը:


Հանդիպման ընթացքում ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը նշեց. «Հաշվի առնելով մեր օրերում տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը՝ Կենտրոնը կրթական և հետազոտական գործընթացներում շարունակում է կիրառել նորագույն տեխնոլոգիական լուծումներ և ռեսուրսներ։ Այսօր ականատեսն ենք Կենտրոնի արդիականացման նոր գործընթացի. վերազինվեցին և տեխնիկապես հագեցան նոր լսարանները, որը, կարծում ենք, կբարելավի ուսումնական գործընթացը և էլ ավելի հարմարավետ միջավայր կստեղծի մեր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար»։


ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Ա. Իշխանյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման կայացման համար ևնշեց, որ երկրի զարգացման և պետականության պահպանության պատասխանատավությունը երիտասարդների ձեռքերում է, որոնք պետք է քաջ գիտակցեն երկրում ստեղծված ծանրագույն վիճակը և շատ արագ ելքեր փնտրեն այդ իրավիճակից դուրս գալու և պետությունը չկորցնելու համար: «Անհրաժեշտ է ձևավորել համընդհանուր մոտեցում գիտելիքի, գիտության և գիտնականների հանդեպ: Սա է բոլորիս առաքելությունը. միտքն օգտագործել որպես միակ ռեսուրս : Եվ այս ճանապարհին ԳԿՄԿ-ն իսկապես մեծ դերակատարություն ունի՝ մատուցելով մագիստրոսական և ասպիրանտական կրթություն», -նշեց Ա. Իշխանյանը:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԲԱԺԻՆ